Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատվաստվածների վարակվելու հավանականությունը 5,8%-ով նվազում է, եւ նրանք 8%-ով ավելի քիչ են վարակում այլ անձանց»․ ԱՆ վարչության պետ

Նոյեմբեր 25,2021 23:40

«Առողջապահության նախարարը կառավարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի անհրաժեշտության մասին հանրային իրազեկման աշխատանքների դինամիկան ինչպե՞ս է գնահատում։ Զարգացման ի՞նչ էվոլյուցիա է ապրել այն»,-սահմանադրական դատարանում այսօր «Հայաստան» դաշինքի դիմումի բանավոր քննության ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչ, ԱՆ իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանին հետեւյալ հարցադրումը հղեց ՍԴ դատավոր Արեւիկ Պետրոսյանը։ «Հանրային իրազեկման աշխատանքները, ինչպես այսօր մատնանշվեց, 2020թ․-ից սկսվել են նրանով, թե կորոնավիրուսն ում  շունն է, որ մեր կյանքում խնդիրներ առաջացնի, որ գրիպի նման բան է, վտանգավոր չէ։ Այդ ժամանակվա առողջապահության նախարարն ասում էր, որ իր երեխաների օրինակով մյուսները հանգիստ կարող են հաճախել ուսումնական հաստատություններ, իսկ հետո հայտարարվեց, թե դիմակ պետք է կրել, թեկուզ այն լինի տանը կարված։ Անկախ դիտորդի մոտ տպավորություն է ստեղծվում, որ նման իրարամերժ հայտարարությունների ազդեցությունը հանրային կողմնորոշման վրա վստահության դեֆիցիդ է առաջացրել՝ դրանից բխող հետեւանքներով»,-շարունակեց Արեւիկ Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ սահմանադրական դատարանն այսօր բանավոր ընթացակարգով սկսել է քննել ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-րդի դիմումի հիման վրա՝ «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության եւ ՀՀ առողջապահության նախարարի 2021թ․ օգոստոսի 20-ի N 65 հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։ Հիշեցնենք՝ «Հայաստան» դաշինքն ավելի վաղ  հայտարարել էր,  դիմելու է ՍԴ՝ վիճարկելով առողջապահության նախարարի այն հրամանի՝ սահմանադրությանը համապատասխանելու հարցը, համաձայն որի՝ հանրային աշխատողները կամ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կամ 14 օրը մեկ ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

ԱՆ ներկայացուցիչ Աննա Մկրտումյանն ի պատասխան նախ նշեց, որ մինչեւ վարակի՝ ՀՀ ներթափանցելը եւ այլ երկրների իրավիճակի դիտարկումը կարող էր  տպավորություն ստեղծել, թե այն վաղ կանխվող եւ ոչ ծանր հետեւանքներ առաջացնող վարակ է․ «Պետք է ընդունենք, որ ձեր նշած արտահայտություններն արվել են այն ժամանակ, երբ ՀՀ-ն դեռ չէր գտնվում նման համաճարակային իրավիճակում։ Իսկ նույն ժամանակահատվածի դեպքում այլ երկրների փորձը եւս չէր փաստում վարակի մեծ թվերի մասին։ Ինչ վերաբերում է հանրային իրազեկմանը, ապա տեղեկատվությունը պարբերաբար տրամադրվում է հարցազրույցներով, հայտարարություններով։ Համաճարակաբանները միջազգային փորձի լուրջ ուսումնասիրություն են անում եւ ներկայացնում պատվաստումային քաղաքականության անհրաժեշտությունը»։

Արեւիկ Պետրոսյանը նկատեց՝ ինչպիսին էլ, որ լինի միջազգային փորձը, նման հայտարարությունների արդյունքում մարդիկ են մահանում․ «Եւ դա կախված է նաեւ նրանից, թե հանրային իրազեկման պատասխանատուներն իրենց աշխատանքն ինչպիսի վստահությամբ եւ արագությամբ են անում»։ Դատավորը նաեւ հարցրեց՝ երկու շաբաթը մեկ թեստավորվելն ինչպե՞ս է նվազեցնում կորոնավիրուսի վարակման ռիսկը, ո՞րն է այդ կարգավորման բուն նպատակը եւ ակնկալվող արդյունավետությունը։ Աննա Մկրտումյանը պատասխանեց, որ այդ հրամանի՝ ուժի մեջ մտնելուց հետո կատարված թեստավորումների արդյունքում հիվանդացության 926 դեպք է ի հայտ եկել․ «Ելնելով «դելտա» շտամի  վտանգավորությունից եւ այն փաստից, որ դրանով վարակված մեկ անձը կարող է վարակել յոթ անձի, վերջիններիս՝ վարակվելու ռիսկը կանխվել է։ Բացի այդ, թեստավորումն ինկուբացիոն շրջանում վարակի հայտնաբերման հնարավորություն է ստեղծում»։

Արեւիկ Պետրոսյանը նաեւ նշեց՝ առողջապահության նախարարը փաստել է, որ պատվաստված անձինք էլ կարող են վարակվել եւ մահանալ, այդ դեպքում պատվաստվածներն ինչո՞ւ 14 օր մեկ չեն հանձնում թեստ։ Աննա Մկրտումյանը պատասխանեց, որ ըստ միջազգային փորձի՝ պատվաստված անձանց վարակվելու հավանականությունը 5,8%-ով նվազում է, եւ նրանք 8%-ով ավելի քիչ են վարակում այլ անձանց։ Կա միջազգային վիճակագրություն։ Բացի այդ, եթե աշխատավայրում բոլորը պատվաստված լինեն ու վարակվեն, հետեւանքը մեծամասամբ բացասական չէ։ Իհարկե, մահվան դեպքեր էլ են հնարավոր»։

Արեւիկ Պետրոսյանը նաեւ հիշատակեց՝ ինչպես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալն է հայտարարել, պատրաստում են նախագիծ, ըստ որի՝ չպատվաստված աշխատատողները կզրկվեն ստաժից եւ արձակուրդից․ «Նման նախագիծ արդեն կա՞։ Դրա մասին նախարարի կարծիքն ինչպիսի՞ն է»։ Աննա Մկրտումյանը պատասխանեց, որ առողջապահության նախարարությունը նախագծի մշակմանը չի մասնակցել։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930