Ինչպես Խոջա Իսրայել Սարհադիի դիրքի շնորհիվ անգլիացիները հաստատվեցին Հնդկաստանում
Հայաստանի ազգային գրադարանում «Հնդկահայ համայնքը և Հայոց Մարդասիրական ճեմարանը» թեմայով հանրային դասախոսությամբ հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգշ․ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը, որը շուրջ երեք տարի ծառայել է որպես ճեմարանի վարչական տնօրեն և սպասավոր սարկավագ հնդկահայոց եկեղեցիներում։
Հայր Սուրբը բանախոսության ընթացքում անդրադարձավ հնդկահայ գաղութի պատմությանը, Բենգալիայում կառուցված եկեղեցիներին, հնդկահայերի հոգեկերտվածքին, սովորություններին, վերելքներին և անկումներին, ինչպես նաև Հայոց Մարդասիրական ճեմարանի հիմնադրման պատմությանն ու անցած ուղուն։
Կարդացեք նաև
Հայր Զաքարիան 2007 թ․ հրատարակել է «Արևմտյան Բենգալիայում թաղված հայ հոգևորականները» աշխատությունը, որտեղ ուսումնասիրությանը զուգահեռ զետեղված է շուրջ 200 արժեքավոր լուսանկարներ։ «Հնդկահայերը միշտ սիրով և հավատարմությամբ են կապված եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ մշտապես աջակցելով համայն հայության հոգևոր կենտրոնի պայծառությանը։ Ուստի քանի դեռ կանգուն է մեր սրբություն սրբոցը, այնքան ժամանակ կգործի նաև Հայոց Մարդասիրական ճեմարանը, որը կալկաթահայության բաբախող սիրտն է, հայախոս և հայաշունչ միակ միջավայրը»,- նշեց Հայր Զաքարիան։
Նրա խոսքով, հնդկահայ գաղութի կյանքում իր ուրույն և ինքնատիպ դերակատարությունն է ունեցել Բենգալիա նահանգը, որտեղ հայերը սկսել են բնակվել անգլիացիներից շատ առաջ` ԺԷ դարում: «Այն հատկապես ծաղկում ապրեց Մուղալ կայսրության թագավորների օրոք, երբ նպաստավոր պայմաններ էին ստեղծվել միջազգային առևտրի համար, որից էլ շահեկանորեն օգտվեցին եվրոպացի և հայ վաճառականները: Չնայած ԺԸ դարի սկզբում Մուղալի թագավորները երկրի տնտեսական հզորությունը կենտրոնացնում էին Հյուսիսային Հնդկաստանում, բայց Բենգալիան այն եզակի բացառությունն էր, ուր տնտեսությունը զարգանում էր տեղի կառավարիչների վարած իմաստուն քաղաքականության շնորհիվ: Մինչ ասիացիները Բենգալիայից հիմնականում արտահանում էին կտորեղեն և հում մետաքս, եվրոպացիները բացի նշվածից` նաև պարարտանյութ եւ աղ:
Այսօր դժվար է հստակորեն ասել, թե երբ հայերն սկսեցին առևտրով զբաղվել Բենգալիայում, բայց ինչպես ցույց են տալիս պատմական փաստերը, նրանք նահանգում արդեն ԺԸ դարի առաջին կեսում դարձան լուրջ առևտրական գործոն, ում հետ ստիպված էին հաշվի նստել: Այս մասին է պարզ ի պարզո վկայում այն իրողությունը, որ 1688 թ. հունիսի 28-ին Անգլիական Արևելահնդկական ընկերությունը պայմանագիր կնքեց Խոջա Փանոս Քալանթարի հետ: Այս պայմանագրով հայերն անգլիացի վաճառականների նման նույն իրավունքներն էին ստանում, ազատ ելումուտի իրավունք ունեին անգլիական բոլոր առևտրական կենտրոններում, կարող էին ապրել ընկերությանը պատկանող քաղաքներում և այլ վայրերում, ունենալ սեփականության իրավունք, իրենց կրոնական զգացմունքները բավարարելու համար եկեղեցիներ շինել, առևտրական բեռներն առանց մաքսի տեղափոխել անգլիական նավերով և այլն: Անգլիացիների համար հատկապես կարևոր էր այն կետը, ուր մասնավորապես նշվում էր, որ եթե նախկինում հայերը հնդկական ապրանքների մեծ մասն արտահանում էին Պարսկաստանից, Արաբիայից և Թուրքիայից, ապա այժմ պարտավորվում էին բոլոր ապրանքները հանել միայն անգլիական ճանապարհով և բացառապես անգլիական նավերով` չօգտվելով հոլանդական և արաբական նավերից»:
Հայր Սուրբը նշում է, որ անգամ հաճախ անգլիացիների մոտ խոջաները եվրոպացիների համար միջնորդի դեր էին կատարում. «Այստեղ տեղին է հիշատակել Խոջա Փանոս Քալանթարի եղբորորդի Խոջա Իսրայել Սարհադին, որ իր ունեցած դիրքի շնորհիվ շատ օգնեց անգլիացիներին Հնդկաստանում հաստատվելու համար: Օրինակ` երբ 1651 թ. անգլիացիները գնացին Շահ Ջահանի (1628-1658) մոտ գործարան հիմնելու խնդրանքով, պատվիրակության առաջնորդներից մեկը հենց Խոջա Իսրայել Սարհադն էր: Երբ Ջոբ Չարնոքը ԺԷ դարի վերջում Կալկաթայում սկզբնավորեց անգլիական գաղութը, գործարաններ հիմնելու կարիք առաջացավ, որի համար անպայման անհրաժեշտ էր Մուղալ կայսրի թույլտվությունը: Անգլիացիները գիտեին, որ հայ վաճառականները բարի համբավ ունեն Մուղալ առաջնորդների մոտ, քանզի նրանք վարժ տիրապետում էին պարսկերենին, արդեն իսկ գործարարի լավ անուն ունեին և նրանց հետ շատ դյուրին էր հաղորդակցվելը: Եվ կրկին ընտրությունը կանգ է առնում նշանավոր հայ վաճառական Խոջա Սարհադի վրա: 1698 թ. նրա և արքայազն Ազիմուշ Խանի միջև բանակցությունների արդյունքում անգլիացիներին վերապահվեց Կալկաթայի երեք գյուղերի վարձակալման իրավունքը: Հետագայում նույն այս վաճառական հայն իբրև պատգամավոր 1715 թ. Դելի գնաց և անգլիացիների համար կարողացավ ձեռքբերել Մեծ ֆարմանը, որով Հնդկաստանի մեջ փաստորեն հիմնադրվեց Բրիտանական կառավարությունը»:
Հայր Զաքարիան հիշեցրեց, որ մեր նախնիները նահանգում սկզբում պաշտնապես հաստատվել են Մուրշիդաբադի մատույցներում գտնվող Սեյդաբադ քաղաքում, որն այն ժամանակ Բենգալիայի մայրաքաղաքն էր. «Մասնավորապես Մուղալի թագավոր Աուրանգզեբն (1658-1707) իր ֆարմանով (հրովարտակ) 1665 թ. Սեյդաբադում մի հող է նվիրում հայերին` թույլատրելով բնակություն հաստատել այնտեղ: Հայերը Սեյդաբադում հիմնականում զբաղվում էին կտորի և հում մետաքսի առևտրով: ԺԸ դարի կեսերին արդեն բազում հայեր էին այնտեղ ապրում, որի ակնհայտ վկայությունը Ս. Մարիամ հայկական եկեղեցու կառուցումն է 1758 թ.։ Կալկաթայի ժամանակի հայ համայնքի ղեկավար, Ջուղայեցի նշանավոր վաճառական, բարեգործ Խոջա Պետրոսի անձնական միջոցներուվ` ի հիշատակ իր հանգուցյալ ծնողներ Հարությունի և Ովսաննայի և իր հարազատների»:
«Հնդկահայ համայնքը և Հայոց Մարդասիրական ճեմարանը» թեմայով հանրային դասախոսության ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության տնօրենը հավելեց, որ ԺԷ դարի երկրորդ կեսին հայաշունչ քաղաք էր նաև Չիչրան, այսօրվա` Չինսուրահը, որտեղ հայերը կրկին զբաղվում էին առևտրով. «Հայերից առաջ այնտեղ էին հաստատվել հոլանդացիներն ու պորտուգալացիները, որոնք սերտ առևտրական հարաբերությունների մեջ էին հայերի հետ: Ի դեպ` հոլանդացիների հետ նման համագործակցությունը հնարավորություն էր ընձեռում հայ վաճառականներին ազատ ելումուտ ունենալ հոլանդական տիրապետությանը ենթակա տարածքներում` Մալաքքայում, Սումատրայում, Ճավայում, Խաղաղականի կղզիներում և այլն:
Չինսուրահում հատկապես նշանավոր առևտրականներ էին Մարգար ընտանիքի անդամները: Խոջա Մարգարի որդի Խոջա Հովհաննեսի ջանքերով 1695-1697 թթ. կառուցվում է Չինսուրահի Ս. Հովհաննես հայկական եկեղեցին, որը Բենգալիայի նահանգի քրիստոնեական երկրորդ ամենահին եկեղեցին է: Չինսուրահում այսօր պահպանված գերեզմանների մեջ շատ արժեքավոր են Արցախի Գյուլիստան գավառի Մելիք-Բեգլարյան նշանավոր տոհմի ներկայացուցիչների գերեզմանները, որոնք հանգամանքների բերումով իրենց մահկանացուն են կնքել Հնդկաստանում: Մասնավորապես եկեղեցու զանգակատան տակ` արևելյան դռան մոտ է գտնվում Ղարաբաղի վերջին մելիքի որդու` Դավթի գերեզմանը։ Այս գերեզմանից բացի Չինսուրահում են ամփոփված նաև Մելիք-Բեգլարյան նշանավոր տան հինգ անդամներ եւս»:
Հավելենք, որ Հայոց Մարդասիրական ճեմարանը հիմնադրվել է 1821 թ․ ապրիլի 2-ին ջուղայեցի վաճառականներ Աստվածատուր Մուրադխանյանի և Մնացական Վարդանյանի նախաձեռնությամբ: Աստվածատուր Մուրադխանյանը 1797 թ․ հուլիսի 30-ին 8000 հնդկական ռուփի է կտակում ազգային վարժարան հիմնելու նպատակով։1816 թ․ Մնացական Վարդանյանը «Հրավիրակ» անունով մի տետրակում կրկին բարձրացնում է ազգային վարժարան ունենալու հարցը, իսկ մեկ տարի անց հորդորում է. «Որպէս երկունք տենչանաց իմոց երկնեն զիս անդադար, նոյնպէս և ես ոչ դադարեմ յարաժամ, դիմել առ պատուելի ազգդ իմ. կոչելով զամենեսեան յօգնութիւն յայսմ ազգօգուտ ծննդեան ուսումնարանի»։
1825 թ․ ճեմարանին է միացվել 1798 թ․ Կալկաթայում Հարություն Գալուցյանի հիմնած դպրոցը, իսկ ինքը՝ Գալուցյանը, ստանձնել է դպրոցի տեսչությունը: Ճեմարանն ունեցել է օրիորդաց բաժին, որը փակվել է 1842 թ․: 1949-ին ճեմարանի կազմի մեջ է մտել Կալկաթայի Դավիթյան օրիորդաց դպրոցը, որը հիմնվել էր 1922 թ․ իրանահայ Դ. Դավիթյանի բարերարությամբ իր ապրած տանը: Ճեմարանը սկզբում տեղավորված էր հին Չայնա բազար փողոցի վրա (Կալկաթայի հայկական եկեղեցու մերձակայքում), իսկ 1884 թ․ տեղավորվում է Ֆրի Սքհուլ (Միրզա Ղալիբ) փողոցի եռահարկ շենքում, որը գնվում է 48․000 ռուփիով: Այս շենքը նաև հայտնի է որպես անգլիացի վիպասան Ուիլիամ Մեկպիս Թեքերեյի (1811-1863) ծննդավայր, ինչի մասին արձանագրված է ճեմարանի գլխավոր մուտքի աջ պատին` մարմարյա սալիկի վրա։ 1883 թ․ դատարանի կողմից հաստատված կանոնադրությունը մանրամասն ճշգրտում է ճեմարանի խնամակալական մարմնի և հոգաբարձուների իրավասությունները, սակայն որևէ փոփոխություն չի նախատեսվում դպրոցի ընթացիկ ներքին կարգուկանոնի հետ կապված։
1924 թվականի հունվարի 1-ին ճեմարանին է փոխանցվում 1819-1823 թվականներին Կալկաթայում գործող հայկական տպարանը։ 1828 թվականի ապրիլի 7-ին ճեմարանում հիմնադրվել է «Արարատյան» գրադարանը, որն ուներ ամենամեծ հայկական գրքերի և ձեռագրերի հավաքածուն աշխարհում։ Ժամանակի ընթացքում կլիմայական պայմանների և անտարբերության հետևանքով գրքերի զգալի մասը ոչնչացել կամ անհետացել է։1999 թ․ փետրվարի 15-ին Կալկաթայի Բարձրագույն դատարանը որոշեց Հայոց մարդասիրական ճեմարանը հանձնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տնօրինությանը, ինչով էլ սկսվում է կրթական հաստատության պատմության նոր փուլը։ Նույն որոշմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսին է վերապահվել ճեմարանի գործունեությունը տնօրինելու իրավունքը։ Վերահսկվում են ուսումնական ծրագրերը, կադրային նշանակումներն ու փոփոխությունները, դպրոցի վիճակն ու խնամքը։
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարները տրամադրել է Հայր Զաքարիան