«Միակ նոր հանգամանքը ՄԻԵԴ-ի՝ «Դարեսկիզբ ՍՊԸ-ն՝ ընդդեմ Հայաստանի» գործով որոշումն է»,- Վերաքննիչ քրեական դատարանում հակասահմանադրական ճանաչված 300․1 հոդվածի մասով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի կարճման դեմ տուժող կողմի և դատախազության բողոքների քննության ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:
Նա դատարանին խնդրեց՝ դատախազության միջնորդությունը պետք է առանց քննության թողնվի, եթե ոչ, ապա մերժվի, եթե չմերժվի, պետք է հետաձգվի և քննվի այն մյուս միջնորդության հետ:
Հիշեցնենք՝ Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, քննում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ ներկայացված պաշտպանների և դատախազների բողոքները:
Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ապրիլի 6-ին, հիմք ընդունելով ՍԴ՝ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշումը, արդարացրել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ դադարեցնելով նրանց նկատմամբ սույն հոդվածով քրեական հետապնդումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։
Կարդացեք նաև
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց. «Երբ փորձում էինք դատախազությանը ցույց տալ, որ 300.1 հոդվածը հակասահմանադրական է, այդ ժամանակ դատախազությունն ուներ շանս դիմել ՍԴ, և այդ ժամանակ կարող էր որոշվել, որ օրինակ, 300.1, 300.8 հոդվածները Սահմանադրությանը հակասող են: Նաև նախաքննության ընթացքում չկար որևէ խնդիր դատախազության համար, եթե իրենք համարում էին, որ այդպիսի որակում կարող էին ունենալ Ռոբերտ Քոչարյանի գործողությունները, ոչ մի խնդիր չունեին նախաքննության ժամանակ այդ հոդվածների որակումը տալ: Բայց դատախազությունն ամբողջ նախաքննության ընթացքում չտեսավ այդ խնդիրը, ոչ միայն չհամաձայնեց, որ 300.1 հոդվածը հակասահմանադրական է, այլև չդիմեց ՍԴ: Իսկ հիմա դատարանում է արդեն փորձում իր ստեղծած խնդիրը դատարանի ձեռքով լուծել: Իրենք այդ փուլը բաց են թողել սեփական անբարեխղճության պատճառով: Հիմա էլ փորձում են տուժողին որպես վահան օգտագործել ու ձեզ ասել՝ դիմել ՍԴ: Բայց տուժողներն այստեղ չեն, իսկ դատախազությունն ակտիվորեն ուզում է տուժողների շահերն օգտագործելով հասնել նրան, որ դուք դիմեք ՍԴ»:
Դատարանը որոշեց հետաձգել միջնորդության լուծումը և խորհրդակցական սենյակում որոշում կայացնել:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ին՝ ժամը 17:00-ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ