«Երբ որ դուք ասում եք՝ պետք է գնալ Ադրբեջանին եւ Թուրքիային հարցնել՝ արդյոք ուզում եք մեզ ոչնչացնել, ես ուզում եմ հասկանալ՝ 1 տարի առաջ ո՞ր պահը պարզ չէր, ի՞նչը մութ մնաց, երբ որ Թուրքիան ադրբեջանական բանակին էր աջակցում, վարձկաններ էին բերում լցնում առաջնագիծ, երբ որ բայրաքթարներով մեր տղաներին էին սպանում, այդտեղ ո՞ր պահը մութ մնաց, որ հասկանաք՝ այո՛ իրենք ուզում են մեզ ոչնչացնել»,-այսօր սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:
Փաշինյանն ասել էր նաեւ՝ քանի որ ադրբեջանցիները եկել մտել են, պետք է միջազգային կառույցներին դիմենք. «Այս կես տարի ի՞նչ էիք անում, բացի ֆեյսբուքում ամուսնացած կանանց պրոֆիլները սքրինշոթ անելուց: Պետք է բոլոր միջազգային կառույցների դռները արդեն ջարդեիք այս ամբողջ ընթացքում: Ո՞նց եղավ, ճեմելով եկե՞լ են, լավ է Նորագավիթ չեն հասել: Եթե այդքան պարապ եք, գնացեք առաջնագիծ զինվորին օգնեք, խրամատ փորեք, մանավանդ, որ փորձը ունեք, ապրիլյանի վետերան եք բոլորդ, երրորդ գծում խրամատ եք փորել: Ճիշտ է, մայիսին եք հասել ապրիլյանին, բայց, ինչեւէ: Հարց է առաջանում՝ իմ հարկերի հաշվին աշխատավարձ եք ստանում, ունեք պարգեւավճարներ, այսօր իմացանք՝ նաեւ նոր հիասքանչ ծառայողական մեքենա, մի օգուտ կարո՞ղ եք տալ, գնացեք խրամատ փորեք, մենք էլ իմանանք մեր հարկերի հաշվին լավ գործ եք անում»:
Նիկոլ Փաշինյանը նաեւ մեջբերել էր Սովետական քարտեզները, ասելով, թե Գորիս-Կապան ճանապարհահատվածի մի մաս ադրբեջանցիներինն է: Անժելա Էլիբեգովան հակադարձեց. «Ի՞նչ փաստաթղթի հիման վրա է իրենցը: Մարդը առավոտը զարթնում է, գնում իր կովը կթելու, տեսնում է՝ իր գոմի դիմացը ադրբեջանական պոստ է դրած: Ասում է՝ ի՞նչ փաստաթղթի հիման վրա է, ժողովուրդ ջան, ասում են՝ դե, ԱՊՀ-ն…անկախանալուց այդպես ճանաչել ենք, վարչատարածքայինով… Ծերացան մասնագետներն ասելով, որ մի՛ ասեք այդ անհեթեթությունները, որովհետեւ դրանով դուք վնասում եք մեզ: Վաղը երբ գնում են բանակցելու, ադրբեջանցիներն ասում են՝ հես է, ձեր պաշտոնյաներն ասում են՝ մեր տարածքն է, ի՞նչ եք ուզում մեզանից: Այդ տարածքները մեր իշխանությունները իրենց հոր տնի՞ց են բերել, որ այդպես աջուձախ բաժանում են, ասում են՝ սա ադրբեջանական է: Փաստաթուղթ գոյություն չունի, բայց դրանից օգտվում է ադրբեջանական կողմը: Խնդրանք, պահանջ՝ կարա՞ք ձեր բերանները փակ պահեք, զոռ տաք ձեզ ու փակ պահեք, չխոսե՛ք, չասե՛ք, որ դա ադրբեջանական տարածք է, մի լավություն արեք, էլի, մինչեւ հասկանանք ինչ է լինում: Մի վնասեք այս երկրի շահերին, որովհետեւ դուք չեք արյուն թափել ու այս հողերն ազատագրել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ