Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ ՀՀ քաղաքացիներն իրենց վրա կզգան ԵՄ–Հայաստան համաձայնագրի օգուտները. Մեկնաբանում է ԱԳՆ ներկայացուցիչը

Նոյեմբեր 25,2021 19:15

Այս տարի լրանում է ԵՄ–Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրման չորս տարին: ՀՀ արտգործնախարարության Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանն այսօր Հանրային լրագրության ակումբի կազմակերպած քննարկման ընթացքում ներկայացրեց համաձայնագրի կատարման ընթացքը: Ըստ նրա, այս փաստաթուղթը Հայաստան-Եվրամիություն փոխհարաբերությունների սահմանադրությունն է. «Սա այն հիմնարար փաստաթուղթն է, որը համակարգում է ՀՀ-ԵՄ փոխհարաբերությունները: Փաստաթուղթն անդրադառնում է մեր կյանքի բոլոր ոլորտներին: Այս համաձայնագրով Հայաստանի օրենսդրական դաշտը պետք է մոտարկվի եվրոպական չափանիշներին»:

Տիգրան Սամվելյանի խոսքով, սակայն քովիդով պայմանավորված՝ որոշ գործընթացներ դանդաղեցին:

Նշենք, որ համաձայնագիրն իր ամբողջ ծավալով ուժի մեջ է մտել 2021 թվականին:

Թե, ե՞րբ Հայաստանի քաղաքացիներն իրենց կյանքի տարբեր ոլորտներում կզգան համաձայնագրի օգուտները, Տիգրան Սամվելյանն ասաց, որ կան զգալի չափով գործողություններ, որոնց արդյունքը շոշափելի կարող է լինել որոշակի ժամանակի կտրվածքով: Օրինակ՝ բնապահպանության ոլորտում, որի արդյունքը ապագայում կերեւա, սակայն կան դրույթներ, որ շատ հստակ եւ շատ արագ տեղի են ունենում:

Ըստ  Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի, պատերազմից ու կորոնավիրուսից հետո համաձայնագիրն ավելի շատ է կարեւորվում, քանի որ ունենք ինստիտուցիոնալ խնդիրներ, որոնց մի մասն առաջ եկան քովիդից ու պատերազմից հետո: Ստեփան Գրիգորյանը գտնում է, որ համաձայնագրի կատարման ընթացքը պետք է արագացվի՝ անկախ այնտեղ նշված ժամկետներից, որպեսզի կարողանանք օգտագործել փաստաթղթի ֆինանսական եւ փորձագիտական հնարավորությունները:

Ստեփան Գրիգորյանը հետաքրքրվեց՝ փաստաթղթում ո՞ր մասն է, որ մնացել է ԱԳՆ-ի գործառույթների տիրույթում: Ի պատասխան, Տիգրան Սամվելյանն ասաց, որ ներածական մասում կա Լեռնային Ղարաբաղի հակամարտության անդրադարձ, ահաբեկչության դեմ պայքարը, հետընդունման՝ ռեադմիսիայի մասին համաձայնագիրը, որը որոշ չափով ԱԳՆ-ինն է:

Ստեփան Գրիգորյանը նաեւ հարցրեց՝ ԵՄ գործընկերների հետ առաջիկա գագաթաժողովին, որին պետք է մասնակցեն նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները, նախատեսվո՞ւմ է ինչ-որ փաստաթղթի ստորագրում՝ ինչպիսին օրինակ՝ ավիացիոն համաձայնագիրն էր ԵՄ-ի հետ: Պարոն Սամվելյանը պատասխանեց, որ իր տեղեկություններով, դեկտեմբերի 16-ին կայանալիք հանդիպումներում կնքվելիք որեւէ համաձայնագիր կամ պայմանագիր չկա:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների հանդիպմանը, ըստ Տիգրան Սամվելյանի, ինքը որեւէ տեղեկություն չունի:

Հարցին՝ տեղյա՞կ է արդյոք, Ադրբեջանի հետ ինչ-որ փաստաթուղթ ծրագրվա՞ծ է ստորագրել այդ գագաթաժողովի ընթացքում, որը չի առնչվում Արցախի հարցին, այլ՝ ԵՄ-Ադրբեջան շրջանակում է, պարոն Սամվելյանն ի պատասխան ասաց՝  Ադրբեջանը եւս բանակցային փուլում է ԵՄ-ի հետ իր համաձայնագրի մասով, որը պատրաստ լինելու դեպքում պետք է ստորագրվի, բայց թե երբ՝ տեղյակ չէ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930