«Հունիսի 20-ին, ցավոք սրտի, մեր հանրության մոտ 660 հազար քաղաքացիներ հավատացին Նիկոլ Փաշինյանին և ձայն տվեցին իրեն»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նրա կարծիքով՝ մարդիկ մտածում էին, որ պատերազմ չի լինի. «Հանրության մի մեծ հատված, ցավոք սրտի, հավատաց այս իշխանություններին և ձայն տվեց նրանց՝ ակնկալելով խաղաղություն: Բայց մենք տեսանք, որ այս ամենի ավարտից հետո պատերազմը փաստացի չի կանգնել, պատերազմից հետո էլ ունենք բազմաթիվ զոհեր»:
Արթուր Վանեցյանը նշեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի ամբողջ տարածքում անցկացված փակ հարցումները ցույց են տվել. «Նիկոլ Փաշինյանին ձայն տված քաղաքացիների 50 տոկոսը փոշմանել է, որ ձայն է տվել Նիկոլ Փաշինյանին: Որովհետև մինչև ընտրություններ ուրիշ բան էր խոսք տալիս, ընտրություններից հետո ունենք այլ փաստ, այլ իրադրություն»:
Նա նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը արտագաղթին չի անդրադառնում. «Ասում է՝ ես պարզեցի, որ Սյունիքի 6 գյուղերում 250 ընտանիք կա: Ա՛յ տղա, գոնե այն ժամանակ 250 ընտանիք կար: Հիմա սրանք էլ են գնալու, ի՞նչ եք անելու, հայաթափելո՞ւ եք: Վերջում Երևանն է մնալու, ինքն էլ կանգնելու է, ասելու է՝ բա, հլը ասֆալտի որակը նայեք: Ասֆալտը գլխիդ կպնի, թո՛ղ ասֆալտ չլինի, բայց նորմալ երկիր լինի»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ