«Մեզ թվում է՝ փակուղու մեջ ենք, բայց անկարելի ոչինչ չկա: Առաջին անգամ մի տարբերակ եմ առաջարկելու, որը պետք է մենք պետական մակարդակով մտցնենք օրակարգ՝ մեր հարեւանների հետ հարաբերվելիս»,- այսօր սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը այսպես սկսեց ներկայացնել, թե ինչ կարող է անել հայկական կողմը՝ այս իրավիճակում:
Նրա խոսքով, եթե ձեւակերպված է «Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաներ» արտահայտությունը՝ հոգնակիով, դա Ադրբեջանին հնարավորություն է տալիս խոսելու առնվազն 2 ճանապարհի մասին. «Մեկը 42 կմ-անոց Մեղրիի մասին է, մյուսը՝ եկել թառել են Սեւ լճի հատվածում եւ Անգեղակոթով ուզում են գալ դեպի Նախիջեւան: Ի պատասխան որի մենք ունենք տարբերակ՝ 1921-ի Մոսկվայի չարաբաստիկ պայմանագրի 3-րդ կետի 2-րդ մասով, որի վրա քիչ մարդ է ուշադրություն դարձրել, նախատեսվում էր, որ հայ, թուրք, ռուս եւ ադրբեջանցի հանձնաժողովականների մասնակցությամբ պետք է ճշգրտում կատարվի Նախիջեւանի, որը երրորդ կետով անցնում էր Ադրբեջանին, մյուսը՝ հյուսիսային հատվածում Սադարակի մասին: Դա Երեւանի նահանգի մասն է կազմել միշտ, եւ այդ հատվածը պետք էր կտրել, այն ելուստը, որ առաջացել էր՝ Սուրմալուի գավառը նվիրաբերելով Թուրքիային, այդ նեղ հատվածը՝ մոտ 25 կմ-ով պետք էր կտրել, որ դուրս գային Նախիջեւան: 100 տարի առաջ արդեն թուրքերը մտածում էին՝ ինչ պետք է անեն՝ մի օր Ադրբեջանի անկախանալու դեպքում: Դա տեղի ունեցավ ու սա արդեն կոչվում է կյանքի ճանապարհ ադրբեջանցիներին: Այստեղ էր գտնվում այն կամուրջը, որը Սուրմալուի գավառը կապում էր Նախիջեւանի հետ: Այս հատվածը մեզնից պոկելով՝ նրանք ամբողջապես հարավից կկտրեն Սյունիքը, իսկ կենտրոնից արդեն Անգեղակոթով անջատելով՝ վերջացավ, արդեն մեր պետականությունը կվերջանա: Ի՞նչ եմ առաջարկում ես: Շատ մարդկանց մտքով չի անցել, որ այն ելուստը, որ գոյություն ունի, Իրանից Հայաստանին բաժանում է ընդամենը 2,5 կմ-ով: Այստեղ է գտնվում Կարասու լճակը, որից սկիզբ է առնում համանուն գետակը:
Այստեղ գոյություն ունի մաքսատուն Թուրքիայի եւ Իրանի միջեւ, մեկ գործել է, մեկ՝ չի գործել: Այստեղ հայկական նորակերտ գյուղի դիմաց սահմանը մինչեւ Պարսկաստան՝ այս ելուստը 3 կմ: Կենտրոնական հատվածից մինչեւ Իրանի Քուղ կոչվող բնակավայր 2,5 կմ է: Ամենանեղ հատվածում 1 կմ 800 մետր է, դա Արմաշի լճերի հատվածն է: Դա նշանակում է, որ եթե պիտի ճանապարհները ապաշրջափակվեն, հայկական կողմը համառորեն պետք է առաջարկի հետեւյալ ծրագիրը. Նորակերտ գյուղի դիմաց մեզ համար ոչ հաճելի Կարաբեքիր բնակավայր կա այս ելուստի մեջ եւ Քուղ բնակավայրը, որը իրանական մաքսատունն է: Կարելի է առայժմ կամուրջ կառուցելով՝ դուրս գալ այդ հատված, մաքսային վճարումներից հետո մտնել Իրանի տարածք, որը կնշանակի ընդամենը 15-20 րոպեում դու հայտնվում ես Իրանում՝ Արարատյան դաշտից, իսկ Երեւանից ընդամենը 30 րոպե: Դաշտավայրով 4 ժամ հետո հասնելու ենք Թավրիզ ու Թեհրան»:
Աշոտ Մելքոնյանն ասաց, որ ճիշտ է, այդ դեպքում Հյուսիս-հարավ ճանապարհը կարող է մեծապես տուժել, բայց նոր առաջարկն իրագործելու դեպքում իսկապես կյանքի ճանապարհ ենք ունենալու. «Թուրքիան սրան դեմ է լինելու՝ ասելով՝ ի՞նչ կապ ունեմ ես այս խնդրի հետ: Այո՛, կապ չունի, բա ինչո՞ւ ես քիթդ խոթել 3+3 հարթակի մեջ ու տարածաշրջանում քո ներկայությունն ես ապահովում: Ենթադրենք, Ադրբեջանը դեմ է, ովքե՞ր են կողմ լինելու՝ միանշանակ, Իրանը, որովհետեւ պարսկական կողմի համար շատ ձեռնտու է ոչ թե ոլորաններով ֆուռերով պտտվել ու գալ, հասնել Երեւան, այլ ուղղակի այդ ճանապարհով միանգամից Արարատյան դաշտ մտնեն, լավ ճանապարհ է այնտեղ կառուցված»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ