Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ ինչո՞ւ է դատախազությունը փորձում տուժողների իրավունքներն ավելի ինտենսիվ պաշտպանել, քան հենց տուժողներն իրե՞նք». Հովհաննես Խուդոյան

Նոյեմբեր 25,2021 18:30

«Իսկ ինչո՞ւ է դատախազությունը փորձում տուժողների իրավունքներն ավելի ինտենսիվ պաշտպանել, քան հենց տուժողներն իրենք: Կրկին վերադառնում եմ այն պնդմանը, որ ամեն գնով նպատակ կա անտեսել քրեադատավարական ինստիտուտները և հասնել քրեական հետապնդման շարունակականության»,- Վերաքննիչ քրեական դատարանում հակասահմանադրական ճանաչված 300․1 հոդվածի մասով  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի կարճման դեմ տուժող կողմի և դատախազության բողոքների քննության ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:

Նա հարցրեց՝ ի՞նչն էր, որ դատախազությանը ստիպեց  տուժողների իրավունքների պաշտպանությունը վերցնել իրենց վրա: Արձագանքելով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի այն մեղադրանքները, թե պաշտպանական կողմը ձգձգում է գործի քննությունը, ասաց՝ փաստացի դատախազությունն է ձգձգում գործի վարույթը իր այս միջնորդությամբ: 

Հիշեցնենք՝ Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, քննում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ ներկայացված պաշտպանների և դատախազների բողոքները:

Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ապրիլի 6-ին, հիմք ընդունելով ՍԴ՝ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշումը, արդարացրել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ դադարեցնելով նրանց նկատմամբ սույն հոդվածով քրեական հետապնդումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

Խոսելով դատախազության կողմից ներկայացված միջնորդության մասին՝ Հովհաննես Խուդոյանն ասաց. «Միջնորդությունն անթույլատրելի է, այն պարունակում է իրավական և փաստական սխալներ: Դատախազությունն իր դիրքորոշումը ներկայացրել է իբր ՄԻԵԴ դիրքորոշում: Ուզում եմ նաև ասել, որ երբևէ մեր գործընկերներից այս տեսակի փաստաթուղթ չէինք ստացել, ինչը հիմք է հանդիսացել, որ մանրակրկիտ անդրադառնանք այս փաստաթղթի սխալներին և վերլուծություններին: Դատախազության պահանջը հանգում է գործի նոր քննության ուղարկելու: Եթե անգամ գործը կրկին ուղարկվի առաջին ատյանի դատարան և դիմի ՍԴ, եթե անգամ ՍԴ-ն կառուցակարգի բացակայությունը ճանաչի սահմանադրությանը հակասող, ապա այդ իրավադրույթն այս քրեական գործի նկատմամբ կիրառվել չի կարող»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930