Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սա հայաթի քննարկում չէ, դատարանի նկատմամբ հարգանքը ենթադրում է օրենքի տառին համապատասխան». Արամ Օրբելյան

Նոյեմբեր 25,2021 17:47

«Մեր ասածն այն է, որ թող գրված լինի պաշտոնական թարգմանություն: Սա հայաթի քննարկում չէ, դատարանի նկատմամբ հարգանքը ենթադրում է օրենքի տառին համապատասխան»,- Վերաքննիչ քրեական դատարանում հակասահմանադրական ճանաչված 300․1 հոդվածի մասով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի կարճման դեմ տուժող կողմի և դատախազության բողոքների քննության ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

Հիշեցնենք՝ Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, քննում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ ներկայացված պաշտպանների և դատախազների բողոքները:

Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ապրիլի 6-ին, հիմք ընդունելով ՍԴ՝ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշումը, արդարացրել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ դադարեցնելով նրանց նկատմամբ սույն հոդվածով քրեական հետապնդումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հայկ Ալումյանը դատարանի դահլիճում հայտարարեց՝ ՄԻԵԴ-ի՝ «Դարեսկիզբ ՍՊԸ-ն՝ ընդդեմ Հայաստանի» գործով վճռի թարգմանությունում թարգմանական խնդիր կա: Նա կասկածի տակ դրեց այն հանգամանքը, որ դա պաշտոնական թարգմանություն է ու մանրամասնեց. «Տեքստում ակնհայտ սխալ կա, իսկական իմաստին տրամագծորեն հակասող թարգմանություն կա: 58-րդ կետում կառավարության դիրքորոշման վերաբերյալ ակնհայտ հակառակ պնդում է պարունակվում: Կառավարությունը պնդել է իր առարկությունների մեջ, որ 2008-ի մարտի 1-ի դրությամբ ազգի կյանքի սպառնացող վտանգ է առկա եղել, թարգմանել են հակառակը՝ իբր կառավարությունը վիճարկել է՝ արդյոք ազգի կյանքի համար վտանգ եղե՞լ է, թե՞ ոչ: Այս մի սխալը չէր կարող թույլ տրված լինել զուտ անուշադրության հետևանքով, քանի որ շատ կարևոր կետ է, ուղղակի տրամագծորեն հակառակ թարգմանություն է»:

Հայկ Ալումյանը միջնորդեց, որպեսզի իրենց կողմից հրավիրված մասնագետին թույլ տրվի գալ դատարան ու հայտարարեց. «Ասում եմ՝ դատախազությունը չի ներկայացրել որևէ հատկանիշ՝ որից ելնելով կարող ենք ասել, որ սա պաշտոնական թարգմանություն է»:

Մեղադրող դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն այս առիթով ասաց. «Չեմ կարողանում հասկանալ՝ ո՞նց կարելի է այս բնույթի պրոբլեմ ստեղծել պարզ հարցի քննության շրջանակում, հետո էլ վերջում ժպտալով ասել, որ մենք շատ ենք ուզում՝ արագ ավարտվի այս քննությունը: Մենք համոզվել ենք արդեն, որ պաշտպանական կողմն ահավոր շատ ուզում է, որ այս գործընթացն ավարտվի: Մենք այլևս չենք կասկածում, մանավանդ, երբ իրենք կարողանում են ժպտալով էլ ասել, այդ դեպքում ավելի քան ակնհայտ է: Գրության մեջ հստակ նշված է, որ այս թարգմանությունն իրականացրել է պետությունը: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնական կայքում այս նույն թարգմանությունն արդեն իսկ տեղադրված է: Հիմա հարցադրումը ո՞նց է լինում, ապացուցեք, որ պաշտոնական է այդ թարգմանությունը: Հարցնում ենք՝ ինչո՞ւ է իրենց թվում, որ սա պաշտոնական թարգմանություն չէ, չեն ասում պահանջ, որի դեպքում պիտի համարեն՝ պաշտոնական է»:

Արամ Օրբելյանը հստակեցրեց. «Մեր ասածն այն է, որ այս թարգմանության իրավական դիրքորոշումներին ինչքան ուզում են հղում կատարեն, բայց հենց փաստի վրա հղում կատարեն, պետք է դատարանը համարի, որ դրանք հաստատված չեն որևէ բանով: Դուք եք ասել պաշտոնական թարգմանություն, ես էլ ասում եմ՝ սա պաշտոնական չէ, քանի որ գրված չէ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930