Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ խայտառակ հրամանի հեղինակը մեկ մարդ է՝ Անահիտ Ավանեսյանը»․ Արամ Վարդեւանյան

Նոյեմբեր 25,2021 17:32

«Անգամ եթե նա մասնագիտությամբ իրավաբան չլիներ, պարտավոր էր գալ նիստին։ Խոսքը նման մարմնի առաջ հաշվետու լինելու մասին է։ Երբ 2013թ․-ին ես որպես ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչ՝ դիմել էի ՍԴ, որ վիճարկեինք կառավարության որոշումը, այդ ժամանակվա կրթության նախարարն Արմեն Աշոտյանն էր ու նա եկել էր ՍԴ նիստին։ Մեկ այլ դեպքում մեկ այլ հարց վիճարկելիս այդ ժամանակվա նախարար Արտեմ Ասատրյանը եկել էր»,-սահմանադրական դատարանում այսօր «Հայաստան» դաշինքի դիմումի բանավոր քննության ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այն փաստին, որ պատասխանող կողմերից առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա չէ, փոխարենը նախարարությունից այլ պաշտոնյաներ են եկել՝ ասաց դիմումատու կողմի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն այսօր բանավոր ընթացակարգով սկսել է քննել ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-րդի դիմումի հիման վրա՝ «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության եւ ՀՀ առողջապահության նախարարի 2021թ․ օգոստոսի 20-ի N 65 հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։

Հիշեցնենք՝ «Հայաստան» դաշինքն ավելի վաղ հայտարարել էր, դիմելու է ՍԴ՝ վիճարկելով առողջապահության նախարարի այն հրամանի՝ սահմանադրությանը համապատասխանելու հարցը, համաձայն որի՝ հանրային աշխատողները կամ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կամ 14 օրը մեկ ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

Արամ Վարդեւանյանի խոսքով՝ վիճարկվող հրամանն ընդունել է մեկ մարդ․ «Եվ այդ մեկ մարդն Անահիտ Ավանեսյանն է։ Այդ խայտառակ հրամանը մեկ մարդու կողմից է ընդունվել։ Խնդիրն էլ հենց այդ է, որ մեկ մարդը չի կարող հրամանով որոշել նման ծավալի հարցերի վերաբերող խնդիր։ Այդ հրամանը հակասահմանադրական է եւ իրավունքի հետ առնչություն չունի»։

Նկատառմանն ի պատասխան, որ Անահիտ Ավանեսյանն այսօր կառավարության նիստին էր մասնակցում, Վարդեւանյանը նշեց, որ գործադիրի նիստին նաեւ փոխնախարարները կարող էին ներկա լինել։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930