Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում են՝ 22 կմ Ադրբեջանի տարածքով է անցնում, երբ մենք «Ադրբեջանի տարածք էինք գրավում», Ադրբեջանի իշխանությունները դա չէի՞ն տեսնում». Հենրիկ Քոչինյանի փաստարկները

Նոյեմբեր 25,2021 17:14

«Չեմ ընդունում, որ դա Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհ է: Երբ 60-ականների սկզբին, Հայաստանի մինիստրների խորհուրդը որոշում էր կայացնում կառուցել Գորիս-Կապան ավտոմոբիլային ճանապարհը, այն ժամանակվա ղեկավարները չգիտեի՞ն Հայաստանի սահմանի տեղը: Հստակ գիտեին, որովհետեւ ոչ գիտակից մարդը չէր կարող լինել մինիստրների խորհրդի կազմում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանը:

Նրա խոսքով՝ գիտեին ինչի համար էին կառուցում սահմանը՝ Հայաստանի այն ժամանակվա պետական բյուջեի հաշվին, գիտեին՝ ինչի համար են կառուցում եւ ինչու են հենց այդտեղով կառուցում. «Որպեսզի կարողանային Ադրբեջանի ձգտումները, որոնք նաեւ մեծ պետության գաղափարով փորձում էին Արաքսից ձախափնյա ամբողջ տարածքով ավտոմոբիլային մեծ ճանապարհներ անցկացնել եւ այդ ճանապարհների տիրապետումով Հայաստանին կտրել: Այդ ճանապարհով Սովետական Հայաստանը կտրեց նրանց ցանկության ճանապարհը եւ Նռնաձորի մոտ այդ ճանապարհը փակվեց, այլեւս ադրբեջանցիք չկարողացան առաջ շարժվել։ 70-ականների թվականների սկզբին նրանք նորից շարունակում էին դա առաջ տանել, երբ Հեյդար Ալիեւը սկզբից Ադրբեջանի կենտկոմի առաջին քարտուղար էր, հետո ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ էր, եւ կուրացիա էր անում ճանապարհները, նորից այդ հարցը փորձեց առաջ տանել եւ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի պահանջով եւ հորդորով մենք սկսեցինք կառուցել Քաջարան-Մեղրի ճանապարհը, եւս մեկ խաղաքարտ, որ նրանց ցանկություններն ավարտվեն։ Այսօր երբ ասում են, որ 22 կմ Ադրբեջանի տարածքով է անցնում այդ ճանապարհը, երբ մենք կառուցում էինք՝ «Ադրբեջանի տարածք էինք գրավում», Ադրբեջանի իշխանությունները դա չէի՞ն տեսնում, չէի՞ն հասկանում, թե՞ իրենց համար դա որեւիցե տնտեսական նշանակություն ուներ։ Իրենց համար դա տնտեսական որեւէ նշանակություն չէր կարող ունենալ, որովհետեւ այդ ճանապարհին հարող տարածքներում իրենք ոչ ադրբեջանական գյուղ ունեին, ոչ արդյունաբերություն ունեին, ոչինչ էլ չունեին։ Բացի այդ, այդ ճանապարհը կառուցվում էր մի հատվածում անտառների մեջով, պետք է բավական լայն ճակատով անտառահատում գնար, ադրբեջանցիք համաձա՞յն էին, որ իրենց անտառները մենք հատեինք եւ այդտեղ ճանապարհ կառուցեինք։ 1964 թվականից սկսած Հայաստանի կառավարությունն ամեն տարի բյուջեով ճանապարհների պահպանության համար գումարներ էր հատկացնում եւ անընդհատ նշված է՝ Գորիս-Կապան ճանապարհ 2-րդ կարգի ճանապարհ, 68 կմ երկարությամբ եւ իքս գումար էր հատկացվում պահպանության, սպասարկման եւ այլնի համար։ Միգուցե ասեն՝ իմ ասածները թույլ կռվան են, ասեն՝ ձեր ասած քարտեզները գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտի կողմից է հրատարակվել 68 թվականին եւ այլն…այն չէ, ինչ-որ մյուս ավելի ճշգրիտ քարտեզներ կան եւ այլն, բայց անձամբ ես այն կարծիքին եմ, որ երբ խոսքը վերաբերում է ՀՀ սահմաններին, նույնիսկ պետք է գնալ եւ գտնել մի 80, 90 տարեկան պապիկ, ով 60 թվականին այդ ճանապարհի վրա աշխատել է, նրա կարծիքն էլ հարցնել, մի ուրիշ մարդու գտնել, մի փաստաթուղթ գտնել, որն ընդամենը մի գյուղապետի ստորագրությամբ թուղթ էր, այդ բոլորը հավաքել, եւ դարձնել կռվան։ Եթե մենք անընդհատ խնդրողի դերում լինենք՝ մի անգամ մեր խնդրանքը կհարգեն, երկրորդ անգամ բանի տեղ չեն դնի ու դրանով խնդիրը կվերջանա։ Իսկ եթե մենք պայքարողի դերով ենք հանդես գալիս, փորձենք ամենաչնչին մեզ համար նպաստավոր պայմանները օգտագործենք, գործիքներն օգտագործենք ի վերջո մի տեղ մեզ կհասկանան, ստիպված կլինեն զիջել»:

Քոչինյանը հորդորեց տարբերել. «Խոսքը միայն ճանապարհի մասին չէ, երբ դու ճանապարհ ես զիջում, դա չի նշանակում որոշակի երկարության եւ լայնության ինչ-որ հողաշերտ ես զիջում: Ցանկացած ճանապարհի աջ եւ ձախ կողմերից տարիներ շարունակ գոյանում են որոշակի ենթակառուցվածքներ՝ գյուղեր, բնակավայրեր, արտադրություն եւ այլն։ Երբ մենք այդ 22 կմ զիջում ենք, նշանակում է դրանից դեպի Հայաստան ընկած հատվածում հետագայում մենք այլեւս անելիք չունենք։ Այսօր պարտավոր ենք այլընտրանքային ճանապարհ կառուցել, հակառակ դեպքում մենք չենք կարող Աղվանի գյուղում ապրող մարդուն ասել՝ ճանապարհ չկա, ոտքով գնա Կապան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930