Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հարցեր մեդիայից և մեդիային. ԵՊՀ-ում մեկնարկել է միջազգային երկօրյա գիտաժողով

Նոյեմբեր 25,2021 16:58

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ այսօր Ե. Չարենցի անվան դահլիճում իր աշխատանքներն է սկսել «Հարցեր մեդիայից և հարցեր մեդիային. ձևակերպելով նոր իրականություններ» խորագրով գիտաժողովը, որը նվիրված է ՀՀ հանրային հեռուստաընկերության 65 և հանրային ռադիոընկերության 95-ամյակներին:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը և ISTC կենտրոնի ղեկավար Արեգ Գևորգյանը:

Գիտաժողովին առցանց միացել էին նաև Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ժուռնալիստիկայի և հաղորդակցության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Սերգեյ Կորկոնոսենկոն, Ուեյնի պետական համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր Հայկ Օշականը, Բրյուսելի ազատ համալսարանի (Բելգիա) հետազոտող Ջոնաթան Հենդրիքսը:

«Ավանդույթի համաձայն՝ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում կազմակերպվում է միջազգային գիտաժողով, որն այս անգամ նվիրվում է Հայաստանի ամենահին կառույցների՝ ՀՀ հանրային հեռուստաընկերության 65 և հանրային ռադիոընկերության 95-ամյակներին: Լրատվամիջոցներ, որոնք ոչ միայն հարուստ կենսագրություն, այլև լուրջ կշիռ ունեն մեր լրատվադաշտում: Թեև տեղեկատվական 5-րդ հեղափոխությունն ապրող արդի աշխարհում մեր մասնագիտությունը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած, սակայն պետք է համաձայնել նաև, որ տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների աննախադեպ զարգացման պայմաններում ժուռնալիստիկան ապրում է իր ոսկեդարը»,- ասաց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը և ընդգծեց, որ գիտաժողովի բոլոր նյութերը հրապարակվելու են ֆակուլտետի «Ժուռնալիստիկա և հաղորդակցություն» գիտական ժողովածուի հերթական համարի մեջ:

«Համավարակի պատճառով շատերը գիտաժողովին առցանց են մասնակցում, սակայն հարկ է նշել, որ զեկուցողների կազմը բավականին ներկայացուցչական է և բազմաբովանդակ: Իրապես, մեդիան աշխարհում շատ արագ զարգացող այն հարթակներից մեկն է, որը պարտավոր է օբյեկտիվ լրատվություն մատուցել հանրությանը: Ցավոք, այսօր ոչ միշտ ենք հանդիպում օբյեկտիվ լրատվության, հիմնականում վերնագրային լրագրություն է, որը սովորաբար որևէ կապ չունի նյութի բովանդակության և ճշգրիտ փաստերի ներկայացման հետ: Այդպիսի լրագրողները, որպես կանոն, որևէ կապ չունեն Մայր բուհի և համալսարանական կրթության հետ: Ուրախ եմ, որ մեր ուսանողները Ժուռնալիստիկայի ֆակուլտետում հիմնարար կրթություն են ստանում և մեդիադաշտ մտնում որպես որակյալ մասնագետներ»,- իր ողջույնի խոսքում նշեց Հովհաննես Հովհաննիսյանը և հավելեց, որ չորրորդ իշխանության ներկայացուցիչները պետք է միշտ հիշեն, որ մեծ ազդեցություն ունեն հասարակության վրա:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Մայր բուհին ոչ միայն նմանօրինակ կարևոր գիտաժողով կազմակերպելու, այլև տասնյակ տարիներ մեր լրատվական կառույցներին որակյալ կադրեր տալու կապակցությամբ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հանրային ռադիոընկերության աշխատակիցների մեծամասնությունը Ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտներ են: Այո՛, դա փաստ է, որ այս շենքից դուրս եկող կադրերն առավելություն ունեն և, միանշանակ, մրցունակ են»,- ասաց Գարեգին Խումարյանը՝ հույս հայտնելով, որ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի և Հանրային ռադիոընկերության համագործակցությունն էլ ավելի է ընդլայնվելու:

«Մենք, հիրավի, շատ ենք կարևորում ու գնահատում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ համագործակցությունը: Այսօր ֆակուլտետում սովորողների մեծ մասը դառնալու է մեր գործընկերը, ուստի պետական կառույցներն ու մասնավոր հատվածը պետք է ամուր պահեն կապը բուհի հետ»,- իր տեսաուղերձում նշեց Հովհաննես Մովսիսյանը՝ շնորհակալություն հայտնելով Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ղեկավարությանը բազմաբովանդակ և օգտակար գիտաժողով կազմակերպելու համար:

ISTC կենտրոնի ղեկավար Արեգ Գևորգյանը նույնպես ընդգծեց գիտաժողովում արծարծվող հարցերի արդիականությունն ու կարևորությունը. «Բարձր տեխնոլոգիաներն ու լրատվական դաշտն ուղղակիորեն կապակցված են: Ուստի այս երկու ոլորտների համաժամանակյա զարգացումն ապահովելու համար երկարատև ու հեռանկարային համագործակցություն է պետք: Վերջին տարիներին մեդիայի ազդեցությունը հասարակության տարբեր շերտերի վարքի ու ոլորտների զարգացման վրա բավականին մեծացել է: Լրագրությունն այսօր բազմաշերտ է, սակայն հասարակությունն ակադեմիական հիմքով լրատվության պակաս ունի»:

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ժուռնալիստիկայի և հաղորդակցության բարձրագույն դպրոցի ժուռնալիստիկայի տեսության և զանգվածային հաղորդակցության ամբիոնի վարիչ, քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Կորկոնոսենկոն իր տեսաուղերձում շնորհակալություն հայտնեց իրեն գիտաժողովին մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար և արդյունավետ աշխատանքային օր մաղթեց հանդիպման մասնակիցներին:

Երկօրյա գիտաժողովին զեկուցումներով հանդես են գալու ոչ միայն ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի, այլև հայաստանյան այլ բուհերի (ՀՊՄՀ, ԲՊՀ, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան, Դոյչե Վելլե ակադեմիա (Գերմանիա)) պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն ու երիտասարդ հետազոտողները, որոնցից շատերը գործնական լրագրության ոլորտում երկարամյա փորձ ունեն:

Ելույթի խոսքերից հետո կարճ զեկուցումներով հանդես եկան Ուեյնի պետական համալսարանի պրոֆեսոր Հայկ Օշականը, Բրյուսելի ազատ համալսարանի (Բելգիա) հետազոտող Ջոնաթան Հենդրիքսը: Հայազգի պրոֆեսորը ներկայացրեց էթնիկ և փոքրամասնությունների մեդիայի ամերիկյան փորձը, իսկ երիտասարդ հետազոտող Ջոնաթան Հենդրիքսի զեկուցումը վերաբերում էր լրագրության արդի միտումներին և զարգացմանը Բելգիայում ու արտերկրում:

«Ժամանակակից լրագրության հիմնախնդիրներն արծարծող այս գիտաժողովը, անկասկած, ուշագրավ է ու կարևոր: Մեզ պետք է ոչ միայն արդի զարգացումները հասկանալ, այլև արձանագրել ու պահպանել այս տարիների ընթացքում կուտակված ահռելի փորձը, որի ուսումնասիրությունն օգտակար կլինի վաղը: Այս առումով երկու կարծիք լինել չի կարող. մեր հեռուստառադիոաշխարհի ամբարած փորձն ու թողած ժառանգությունն այսօր էլ օգտակար են ժամանակակից լրագրության համար»,- ասաց ՀՊՄՀ հեռուստառադիոլրագրության ամբիոնի պրոֆեսոր Սերգո Երիցյանը:

Հավելենք, որ միջազգային գիտաժողովն իր աշխատանքներն ամփոփելու է վաղը:

ԵՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930