Լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի դիմաց 5 միլիարդ դոլար ստանալու լուրերին։
«Եթե ես ունենայի հստակ տվյալներ, որ Նիկոլ Փաշինյանը թշնամուց ստացել է 5 միլիարդ դոլար կամ այդ 5 միլիարդ դոլարը եղել է այն թեման, որը որոշիչ դեր է խաղացել Արցախյան պատերազմի արդյունքների և հետևանքների համար, հավատացե՛ք ես ամբողջությամբ այդ տեղեկատվությունը կհրապարակեի։ Ես ասել եմ այն, ինչ որ ասել եմ։ Դուշանբեում Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի հանդիպումից հետո հայտարարվեց, որ երկու երկրների ղեկավարների միջև հաստատվել է օպերատիվ կապ, և այդ օպերատիվ կապը իրականացնելու են հատուկ ծառայությունների ղեկավարները։ Այդ օպերատիվ կապը երբեք գաղտնիք չի եղել։ Եղել են հրապարակումներ, և այո՛, ես հանդիպել եմ Ադրբեջանի իմ պաշտոնակցի հետ։ Ունեցել եմ նաև հեռախոսակապ։ Հեռախոսային կապը գրեթե եղել է մշտական, և հեռախոսային կապի գոյության պատճառով կամ հետևանքով մենք շատ դեպքերում ունեցել ենք փրկված կյանքեր, լարվածության նվազում, շատ-շատ դրական արդյունքներ»,- ասաց նա։
Արթուր Վանեցյանը հավելեց, որ իրենից բացի Նիկոլ Փաշինյանը ունեցել է ևս մեկ անձ, որին հասանելի է եղել այդ հեռախոսային կապը. «Դա մի պաշտոնյա է, որը եթե չեմ սխալվում, մինչ օրս պաշտոնավարում է»։ Նա լրագրողներին հորդորեց մանրամասների համար դիմել կառավարությանը։ «2019 թվականի սկզբին կամ առաջին հատվածում Նիկոլ Փաշինյանը ինձ ասել է, որ այլ հարցերով Ադրբեջանի հետ կապ կպահի նաև այսինչ անձը։ Ասել եմ՝ շատ լավ և շարունակել եմ»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ