Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախարարը՝ Վանո Սիրադեղյանի աճյունը պանթեոնում չհուղարկավորելու մասին․ «Որոշ հանգամանքները հաշվի ենք առել, որոշում կայացրել»

Նոյեմբեր 25,2021 16:27
vano

Երեկ հայտնի դարձավ, որ Վանո Սիրադեղյանը կհուղարկավորվի իր հայրենի Կոթի գյուղում։ Մինչդեռ մի շարք գործիչներ պահանջում էին Սիրադեղյանին հուղարկավորել Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում։

Թե ինչո՞ւ է կառավարական հանձնաժողովը նման որոշում կայացրել, այսօր կառավարության նիստից հետո բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝ քննարկումներ եղել են, կնոջ եւ որդու համաձայնությունը եղել է, որդին մասնակցել է կառավարական հանձնաժողովի նիստերին, համաձայնության են եկել, առարկություն կամ դժգոհություն չի եղել։ «Համաձայնության ենք եկել՝ հաշվի առնելով իրավիճակը։ Հիմա հավուր պատշաճի պետք է կարողանանք կազմակերպել։ Խնդրանքս է՝ այդ արարողությունն անել այն արժանիքներով, որին Վանո Սիրադեղյանն արժանի էր»,-ասաց Խաչատրյանը։

Թե պանթեոնում հուղարկավորելու մերժումն ինչո՞վ է պայմանավորված, Խաչատրյանն ասաց՝ որոշ հանգամանքներ կային, քննարկել ենք, այդ հանգամանքները հաշվի ենք առել եւ որոշում կայացրել։

Հարցին՝ արդյոք Վանո Սիրադեղյանն արժանի չէ՞ր պանթեոնում հուղարկավորվելու, Վահագն Խաչատրյանը պատասխանեց․ «Արժեքը նրա մեջ չէ, թե որտեղ է թաղվում, արժեքը նրա մեջ է՝ հիշողությունը կա՞, թե՞ չկա։ Ես այդպես եմ գնահատում»։

Ինչո՞ւ այնպես չեղավ, որ նա վերջին երեք տարիներին կարողանար վերադառնալ հայրենիք, հարցին ի պատասխան Խաչատրյանն ասաց՝ դժվար հարց է, ամեն մեկն ինքն է որոշում կայացնում։

Արդյոք նա ըստ արժանվույնս գնահատվե՞լ է՝ հարցին ի պատասխան նախարարն ասաց, որ չի գնահատվել, բայց գնահատվել է 2018-ից հետո։ Իսկ թե ինչպես հարցին այսպես պատասխանեց․ «Ես գնահատելու փորձագետ չեմ, առավել եւս Վանո Սիրադեղյանի դեպքում։ Ինձ Վանո Սիրադեղյանի հետ կապված այլ հարցեր մի՛ տվեք: Ես գտնում եմ, որ հիմա կառավարությունը, ես, իմ ընկերները անում ենք ամեն ինչ, որ Վանո Սիրադեղյանի հոգեհանգիստի եւ թաղման արարողությունները կազմակերպվեն բարձր մակարդակով, որին նա արժանի է, եւ միգուցե ավելիին էր արժանի իր կյանքում, քան կարելի է պատկերացնել»:

Դիտարկմանը՝ դուք նրա թիմակիցն եք եղել, Խաչատրյանն արձագանքեց․«Ես Վանո Սիրադեղյանի թիմակիցը չեմ: Նա եղել է մեր շրջապատի մարդ, իմ ընկերն է եղել, Նիկոլ Փաշինյանի ու էլի շատ մարդկանց ընկերը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930