Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում չի պատասխանել այն հարցին, թե արդյոք Հայաստանը պաշտոնապես օգնության խնդրանքով դիմել է Ռուսաստանին կամ ՀԱՊԿ-ին:
Փոխարենը, Զախարովան հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածությունը թուլացել է Ռուսաստանի արդյունավետ միջնորդական ջանքերի շնորհիվ:
«Մենք շարունակում ենք ուշադիր հետևել սահմանային իրավիճակին և՛ մեր զինվորականների, և՛ իհարկե, սահմանապահների գծով: Շփումներ են իրականացվում հայ և ադրբեջանցի գործընկերների հետ»,- ասել է նա:
Լրագրողի լրացուցիչ հարցին՝ արդյոք ի վերջո Հայաստանից պաշտոնական դիմում ստացել են, թե ոչ՝ Զախարովան ասել է. «Ես ամեն ինչ ասացի»:
Կարդացեք նաև
Նա նաև նշել է, որ իրենք հանդես են գալիս 2020թ. նոյեմբերի 10-ին և 2021թ. հունվարի 11-ին բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման օգտին: Դրանք վերաբերում են, այդ թվում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը:
«Մենք լավ հեռանկարներ ենք տեսնում տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում պայմանավորվածությունների ձեռքբերման համար՝ բնականաբար հաշվի առնելով բոլորի շահերի հավասարակշռությունը: Մենք նաև ելնում ենք նրանից, որ միջազգային փոխադրումները ապաշրջափակված երթուղով պետք է իրականացվի միջազգային պայմանագրերի և կողմերից յուրաքանչյուրի ազգային օրենսդրության հիման վրա»,- ասել է Զախարովան:
Ըստ խոսնակի՝ հենց ապաշրջափակման հարցերն էլ նախատեսվում է քննարկել նոյեմբերի 26-ին Սոչիում սպասվող հանդիպմանը:
«Մենք ձեռնարկում ենք բոլոր հնարավոր քայլերը նշված տարածաշրջանում կայունության ամրապնդման, խաղաղ կյանքի ձևավորման համար: Իհարկե, հատուկ ուշադրություն է դարձվում առևտրա-տնտեսական և տրանսպորտային կապերի ձևավորմանը»,- ասել է նա:
Զախարովան նաև նշել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-3-ին Ստոկհոլմում կմասնակցի ԵԱՀԿ արտգործնախարարների Նախարարների խորհրդի 28-րդ նստաշրջանին, որտեղ, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հաստատել է, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ միջնորդելու Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորմանը:
«Մեր երկիրը պատրաստ է հետագայում էլ ամեն հարցում աջակցել: Այդ գործընթացի մեկնարկը, մենք, անկասկած, կարծում ենք, որ կնպաստեր տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր առողջացմանը և բարիդրացիության, վստահության մթնոլորտի ձևավորմանը, ինչը հիմա հատկապես արդիական է»,- ասել է Զախարովան:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ