Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Ողջունելով հյուրին` Սիսակ Գաբրիելյանը կարեւորել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կապերի զարգացումը, ընդգծել տարբեր ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար` կարեւորելով երկու երկրների համագործակցությունը հատկապես ԵԱՏՄ շրջանակում:
Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է Հայաստանի դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հարցին, կարեւորել ուսուցիչների վերապատրաստման խնդիրը: Դեսպանն աջակցության պատրաստակամություն է հայտնել:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ մշակույթի ոլորտին առնչվող հարցեր: Սիսակ Գագրիելյանը ներկայացրել է Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի խնդիրները:
Սերգեյ Կոպիրկինը տեղեկացրել է, որ նախորդ տարի դեսպանության աջակցությամբ թատրոնում տեխնիկական որոշ խնդիրներ լուծվել են, մասնավորապես փոխվել է ձայնային համակարգը: Առաջիկայում նախատեսված է արդիականացնել լուսավորությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
ԱԺ