«Առանց Արցախի մասին մտածելու՝ Հայաստանի մասին մտածելը շատ բարդ է: Այսօր, ինչքան էլ որ պարադոքս է, էլի Հայաստանի անվտանգությունը եւ ապագան պայմանավորված են Արցախի ճակատագրով: Եթե Արցախը, Աստված մի արասցե, ադրբեջանականացվում է, համարեք, որ ՀՀ-ն ունի առավելագույնը տասը տարվա կյանք»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը:
Նոյեմբերի 23-ի առցանց մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արցախի ճանաչումը հիմա Հայաստանին ոչինչ չի տա եւ նախկինում էլ նման մոտեցում եղել է ու ճանաչման որոշում չի եղել, որպեսզի Հայաստանը միակ ճանաչողը չլինի: Արտակ Զաքարյանը հաստատում է՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի հետ աշխատել են եւ հետապնդել են այդ տեսակետը, որ ճանաչման գործընթացը պետք չէ տանել ինքնանպատակ:
«Բայց պատերազմական գործողությունների ժամանակ ամբողջ աշխարհը գիտեր, որ ՀՀ-ն ճանաչելու է Արցախի անկախությունը եւ դրա լիարժեք իրավունքն ունի եւ դրա դեմ ոչինչ, ոչ ոք չէր կարող անել»,- ասաց Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ պատերազմի ընթացքում Արցախի անկախության ճանաչումը Հայաստանի կողմից միջազգային հանրությանը հնարավորություն էր տալու ոտքի կանգնել եւ ասել, որ հայերը լուրջ են տրամադրված եւ պետք է նրանց օգնել:
Արտակ Զաքարյանը հիշեցնում է, որ 2016 թվականի ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ժամանակ, Սերժ Սարգսյանն ապրիլի 3-ին, երբ հրավիրեց Հայաստանում առաքելություն իրականացնող ԵԱՀԿ անդամ երկրների դեսպաններին, այս խնդիրը եւս դրվեց: Եվ ապրիլի 6-ին ՀՀ կառավարությունն արդեն հավանություն տվեց ընդդիմադիր պատգամավորներ Հրանտ Բագրատյանի եւ Զարուհի Փոստանջյանի՝ Արցախի անկախությունը ճանաչելու նախագծին, ինչն արձագանք էր աշխարհին, որին հետեւեցին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի արձանագրությունները, Ալիեւն էլ իր երկրում հայտարարում էր, որ իր վրա մեծ միջազգային ճնշում կա, որպեսզի Արցախի անկախությունը ճանաչի: Այս իրադարձություններն, ըստ Արտակ Զաքարյանի, խոսում են մի բանի մասին, որ Ալիեւը ուղերձ էր հղել աշխարհին եւ ժամանակ խնդրել՝ քայլեր անելու համար. «Աշխարհը Ալիեւին ժամանակ տվեց, իսկ Նիկոլը Հայաստանին ժամանակ չտվեց, իր հիմար իշխանափոխությունով եկավ Հայաստանի հանրապետությունն այս իրավիճակի մեջ դրեց, ցավոք, մեր ժողովրդի ձեռքերով: Մեր ժողովուրդն ինքն իր տակ ական դրեց»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ