Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՏԱ նախարարն էլ է «Apple»-ից հաղորդագրություն ստացել գաղտնալսման «Pegasus» ծրագրի մասին

Նոյեմբեր 25,2021 15:33

ՀՀ բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի հեռախոսին էլ երկու օր առաջ «Apple»-ից հաղորդագրություն է եկել, որ հնարավոր է՝ ենթարկվել է հաքերային հարձակման: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց Վահագն Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ ունի հավաստի տվյալներ, որ իր iPhone հեռախոսը վարակված է «Pegasus» ծրագրով»։ Նշենք, որ սա իսրայելական ծրագիր է՝ գաղտնալսման համար։
«Apple» ընկերությունը իր սպառողներին տեղեկացնում է iPhone հեռախոսներն այս ծրագրով հնարավոր վարակվելու մասին։

Վահագն Խաչատրյանն այսօր լրագրողներին ասաց՝ կարծում է, որ եթե շատերին հարցնեն, կպարզվի՝ իրենց էլ է նման հաղորդագրություն եկել․ «Դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունների հետ առնչություն չունի: Դա միջազգային հայտնի ընկերություն է: Միայն մեզ մոտ չէ, որ նման խնդիր է առաջացել: Շատ երկրների եւ շատ երկրների ղեկավարների մոտ է նման խնդիր առաջացել։ «Apple»-ի նման ընկերությունը, որն ավելի ուշադիր է իր սպառողների նկատմամբ, այդպիսի զգուշացումներ է կատարել: Մենք կատարել ենք իրենց ցուցումները՝ գաղտնաբառերը փոխել ենք, նորից նոր սիստեմի ենք անցել։ Մնացած մեկնաբանություններն այն մասին, թե դա ում կողմից է արվել, խնդրում եմ՝ դիմեք հենց իրենց։ Այն, ինչ կատարվել է կոնկրետ ինձ հետ կամ իմ շրջապատի մարդկանց հետ, մենք գնահատել ենք որպես հարձակում կամ հարձակման ցանկություն Հայաստանի Հանրապետության, տվյալ դեպքում առանձին քաղաքացիների, միգուցե նաեւ պետական կառույցների անվտանգությանն ուղղված քայլեր»։

Հարցին՝ պետությունն արդյոք նման ծրագիր է ձեռք բերել ընդդիմադիրներին գաղտնալսելու համար, Խաչատրյանը պատասխանեց, որ նման տեղեկություն չունի, իսկ ընդդիմադիրներին գաղտնալսելու կարիք չկա։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930