Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ-ն, իբրեւ սուբյեկտ, այլեւս գոյություն չունի. Արտակ Զաքարյան

Նոյեմբեր 25,2021 15:27

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 23-ի առցանց ասուլիսի ընթացքում լրագրողների հարցերի ճնշող մեծամասնությունը անպատասխան մնացին, իսկ ընդհանուր ասուլիսը մանիպուլացված էր այն աստիճան, որ նույնիսկ քաղաքական հանրության համար շատ բարդ է իրականում հասկանալ, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել. այս կարծիքն այսօր «Հայելի» մամուլի ակումբում հնչեցրեց ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը: «Ասուլիսի ընթացքում կապիտուլյանտը մի շարք մտացածին հայտարարություններ արեց, որոնք ուղղակի վտանգ են հանդիսանում ՀՀ ներկա եւ ապագա զարգացումների համար»,- ասաց բանախոսը՝ հավելելով՝ եթե այդ հայտարարություններն են ընկած ՀՀ արտաքին եւ անվտանգային քաղաքականության հիմքում, ուրեմն, ՀՀ-ն առավել քան լրջագույն վտանգի մեջ է:

Արտակ Զաքարյանի դիտարկմամբ, Նիկոլ Փաշինյանը բավականին ընկճված եւ խեղճացած էր. «Հանցագործի, հանցանք գործածի կամ այն գիտակցող մարդու տպավորություն էր թողնում՝ իհարկե, քաղաքական իմաստով: Եվ կարծես թե արդեն կապիտուլյացիոն իշխանությունը գիտակցում է այն ամբողջ ողբերգության ծանրագույն հետեւանքները եւ դրա անելանելիությունը, ինչի մեջ իրենք գտնվում են: Կապիտուլյանտը եւ նրան շրջապատող անձինք ուղղակի պատկերացում չունեն պրոբլեմների լուծման վերաբերյալ: Նույնիսկ ՀՀ-ի առջեւ կանգնած խնդիրը ձեւակերպված չէ, ըստ նրանց, դա էին վկայում ասուլիսում հնչած «պատասխանները»:

Նոյեմբերի 26-ին Սոչիում կկայանան Փաշինյան-Ալիեւ-Պուտին բանակցությունները, իսկ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախատեսված է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, որտեղ կայանալիք քննարկումների մասին հնչած հարցերի պատասխանները Արտակ Զաքարյանը խուսափողական եւ պարզամիտ է որակում. «Մի կարճ պրոզաիկ պատասխան եղավ՝ դե գնալու ենք՝ ստորագրենք, ինչ-որ հանձնաժողով ստեղծենք, որ սկսենք սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները: Էդպես չի լինում, սա աշխարհաքաղաքական պրոցես է: Եվ եթե դա է ՀՀ-ին վերապահված, ուրեմն Հայաստանը՝ ի դեմս կապիտուլյանտի, օգտագործվում է այլ պետությունների շահերի կողմից: Եթե Նիկոլն ասում է, որ մեզանից հասնում է գնալ եւ ընդամենը հանձնաժողով ստեղծել ու գալ, այս իրավիճակում, դա նշանակում է՝ ՀՀ պաշտոնական շրջանակները, պաշտոնական Երեւանը այլեւս գոյություն չունի: Նա չի ասում, թե ի վերջո՝ Ադրբեջանի հետ օրակարգային ինչ հարցեր ունեն եւ ինչ է քննարկվում: Ի՞նչ է նշանակում՝ ուղիղ կապ պաշտպանության նախարարների միջեւ, ո՞րն է այդ օրակարգը եւ այլն»:

Ըստ Արտակ Զաքարյանի, Նիկոլ Փաշինյանն այսպիսով այժմ էլ փորձում է ողջ բեռը բարդել հանձնաժողովների վրա՝ քողարկելով այն, որ ըստ վարչապետի պատկերացումների, ՀՀ-ն ասելիք եւ անելիք չունի եւ ՀՀ-ն, որպես սուբյեկտ, գոյություն չունի:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե իրենք միլիմետրի ճշտությամբ գիտեն, թե ՀՀ սահմանները որտեղով են անցնում, իսկ մնացածը բանակցությունների հարց է, Արտակ Զաքարյանը հակադարձում է. «Եթե միլիմետրի ճշտությամբ գիտենք՝ որտեղով է անցնում, էլ ի՞նչ բանակցություն, ի՞նչ հանձնաժողով, ի՞նչ օկուպացիա, ի՞նչ ագրեսիա»:

Արտակ Զաքարյանը նաեւ նկատում է, որ եթե Նիկոլ Փաշինյանը խոսում է այն մասին, որ միջազգային հանրությունը պետք է զբաղվի ՀՀ 41 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքի հարցով, ապա ինքը՝ իբրեւ երկրի ղեկավար, որը մայիսի 12-ից խոսում է այդ մասին, առնվազն պետք է հրաժարվի այլ աշխարհաքաղաքական գործընթացների մասնակցելուց եւ բացառապես այդ հարցին հետամուտ լինի: Մինչդեռ այն, ինչ այսօր տեղի է ունենում, Արտակ Զաքարյանի բնութագրմամբ, միջազգային հանրության կողմից չի լինելու աջակցություն՝ իրավիճակը բալանսավորելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930