Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Չալաբյանը հորդորում է վարչապետի, ՔՊ-ի հետ գալ կոնսենսուսի. «Ինչին Ադրբեջանը հասավ 15 տարվա ընթացքում՝ մենք կհասնենք 5 տարում»

Նոյեմբեր 25,2021 15:07

«Ինչո՞ւ ենք մենք հասել այս հանգրվանին: Իրականում կարող ենք հղում կատարել բազմաթիվ միջազգային կոնվենցիաների, մասնավորապես Հելսինկյան եզրափակիչ ակտի եւ հայտարարել, որ ուժային ճնշման տակ ցանկացած միջազգային պայմանագիր առ ոչինչ է: Բայց արդյոք առ ոչի՞նչ են: Հայաստանի այսօրվա սահմանները ուժային սպառնալիքի ներքո ձեւավորված սահմաններ են, 1921-ի Կարսի պայմանագիրը ուժային ճնշման արդյունքում ձեւավորված պայմանագիր է, որը ՀՀ իրավանախորդ հանրապետությունը ստորագրել է»,- այսօր սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում ասաց «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

Նա հորդորեց համատարած մոբիլիզացիա իրականացնել: Ըստ նրա, նախ պետք է վերականգնել մեր ռազմավարական եւ ռազմական կարողությունները. «Վերջերս ընդունել եք 2022-ի պետական բյուջեն, որտեղ պետական ընդհանուր ծախսերն ավելացել են 18%-ով, իսկ պաշտպանական ծախսերը՝ ընդամենը 11%-ով: Այս իրավիճակում դա աբսուրդ է, պաշտպանական ծախսերը պետք է աճեին առնվազն 30%-ով: Այն երկրները, որոնք շարունակական պատերազմի մեջ են գտնվում, պաշտպանական ոլորտի վրա են ծախսեր անում, ոչ թե ասֆալտ փռելու, այգիների, գյուղատնտեսական վարկերի, նույնիսկ ուսուցիչների աշխատավարձ բարձրացնելու»:

Նա նշեց, որ Ադրբեջանի անվտանգության բյուջեն կազմում է 2,8 մլրդ դոլար, մերը կազմում է 700 մլն, այսինքն՝ 4 անգամ պակաս. «Մեզ այս պայմաններում պետք է առնվազն 1 միլիարդանոց բյուջե: Եթե պետությունը գոնե 800 մլն դոլարի հատկացում անի եւ որոշ պայմաններ ապահոված լինեն, եւս 200 մլն կանի մասնավոր հատվածը, մասնավորապես, մեր հիմնադրամը հենց դրանով է զբաղվում: Ես համոզված եմ, տեսել եմ, մենք մնացած 200 մլն-ը կկարողանանք հայթայթել»:

Չալաբյանն ասաց, որ պատերազմից հետո վերլուծություններ են արվել ու հստակ գիտենք, թե որն է եղել Ադրբեջանի առավելությունը. «Այն, ինչին իրենք հասել են 15 տարվա ընթացքում, մենք կարող ենք հասնել 5 տարվա ընթացքում, դրա գիտելիքը կա»:

Նա խոսեց հայկական բանակի բարոյալքումից ու զինծառայողների հեղինակության, սոցիալական ապահովվածության խնդիրներից. «Իրենք քոլիկներում ու վրաններում չպետք է ապրեն, բաց դիրքերում չպետք է պաշտպանվեն: Այդ ամեն ինչի այլընտրանքը կա: Պատահական չի, որ հակառակորդը մեր սահմանները ճեղքում է հենց այն հատվածներում, որտեղ ուղղակի նախնադար է, հակառակորդը դա տեսնում է: Ինչ-որ մարդիկ կարող է մեզ մեղադրեն, ասեն՝ բան եք բացահայտու: Ոչ մի բան չենք բացահայտում, հակառակորդը մեր դեմը կանգնած է, տեսնում է ու տեսնելով գալիս է մեր դիրքերի մոտ, ստիպում է, որ մարդիկ անձնատուր լինեն»:

Նա հորդորեց խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերով համախմբվել. «Մեզ այս պայմաններում պետք է հասնել գործող իշխանության ինչ-որ մասի հետ, ամբողջի հետ, վարչապետի հետ կամ առանց վարչապետի՝ բանակի շուրջ որոշակի կոնսենսուսի: Առանց բանակի կարողությունների, մենք թղթի շերեփով ոչ մի հարց չենք կարողանալու լուծել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930