Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվ իրավաբանորեն, եւ փաստացի, ես այլեւս ՎՍԴՀԿ-ի ատենապետը չեմ. Լյուդմիլա Սարգսյան

Նոյեմբեր 25,2021 14:33

«Երբ տեսա այդ հնչեղ եւ ինչ-որ դավադրություն բացահայտող վերնագիրը, ես էլ ապշեցի, որովհետեւ արդեն մոտ երկու ամիս է՝ ես կապ չունեմ ՎՍԴՀԿ-ի հետ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության նախկին ատենապետ, նախկին պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Տիկին Սարգսյանը բացատրում է, թե ինչո՞ւ մոտ երկու ամիս կապ չունի իր հիմնադրած կուսակցության հետ. «Ես վաղուց ակտիվ քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվում՝ ունենալով լուրջ առողջական խնդիրներ, նաեւ տարբեր այլ պատճառներից ելնելով, իսկ կուսակցության շարքերում դժգոհություններ կային՝ քաղաքական գործընթացներին չմասնակցելու, քաղաքական որոշակի դիրքորոշումներ չարտահայտելու առումով: Երբ երրորդ անգամ ինձ այդ հարցով դիմեցին կուսակցության շարքային անդամները, ես ասացի, որ առողջական խնդիրներիս եւ հասկանալի այլ պատճառներով դադարեցրել եմ կուսակցական գործունեությունը: Ես նաեւ մտադրություն չունեի վերագրանցելու կուսակցությունը: Իրենք էլ ցանկանում էին ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել եւ ես որոշեցի չխոչընդոտել այն մարդկանց, ովքեր ցանկանում են կուսակցությամբ քաղաքական գործունեություն ծավալել: Կուսակցության վերագրանցել-չվերագրանցելու հարցը նույնպես իրենց հետագա որոշելիքն է: Ես առաջարկեցի՝ հրաժարվել ատենապետի պաշտոնից, սառեցնել անդամությունս կուսակցությանը, իսկ իրենք իրենց միջից ընտրեն ներկայացուցիչներ, գործը հասցնեն համագումարի եւ նոր ատենապետ ընտրեն, որը, որքան ես տեղյակ եմ, իրենք արել են, բայց նույնիսկ չգիտեմ՝ չեմ հետաքրքրվել, թե ո՞վ է նոր ատենապետը: Սակայն եւ իրավաբանորեն, եւ փաստացի, ես այլեւս այդ կուսակցության ատենապետը չեմ եւ որեւէ գործունեություն այդ կուսակցության հետ չեմ ծավալում»:

Մամուլում հրապարակումներ եղան, որ վերակազմյալ սոցիալ դեմոկրատական կուսակցությունը (ՎՍԴՀԿ) մասնակցում է դեկտեմբերի 5-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին եւ մրցակցելու է իշխանական թեւի հետ: Հիշեցնենք, որ տիկին Սարգսյանի փեսան՝ Հակոբ Սիմիդյանը, վարչապետի խորհրդականն է:

Տիկին Սարգսյանը նաեւ հավաստիացնում է, որ իր պասիվ քաղաքական կեցվածքը պայմանավորված չի եղել փեսայի՝ իշխող թիմում լինելով, այլ նրանով, որ ինքը նաեւ անձնապես որեւէ կտրուկ դիրքորոշում չի ունեցել տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Սակայն, եթե կուսակցությունում կան հստակ դիրքորոշումներ ունեցող մարդիկ եւ ցանկանում են ակտիվ գործունեություն ծավալել՝ թող անեն. «Ես նաեւ գիտեմ մի բան. երբ կուսակցությունը չունի մեծ ակտիվ եւ միջոցներ՝ գրասենյակներ պահելու, ապա դա բարդացնում է քաղաքականությամբ զբաղվելը: Նորից եմ հայտարարում, որ ՎՍԴՀԿ-ի հետ կապ չունեմ եւ լրատվամիջոցներին հորդորում եմ՝ իմ անունն այլեւս չկապել կուսակցության հետ»:

Ինչ-որ մի փուլում կվերականգնի՞ իր ակտիվ քաղաքական գործունեությունը Լյուդմիլա Սարգսյանը, թե՝ ոչ՝ կախված կլինի նրա առողջական խնդիրներից եւ քաղաքական դաշտում պահանջվածությունից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930