Լրահոս
Օրվա լրահոսը

Չենթարկվելով ոստիկանների պահանջին՝ հարվածել է ոստիկանական ավտոմեքենային, վարել ճանապարհին կանգնած ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ

Նոյեմբեր 25,2021 14:29

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի 27-ամյա բնակչի կողմից կատարված հանցագործությունների մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 27-ամյա երիտասարդը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելու պայմաններում, 2021թ. մայիսի 24-ին վարել է առանց հաշվառման համարանիշների «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, ինչի արդյունքում այն կանգնեցվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և կազմվել համապատասխան արձանագրություն:

Բացի այդ, ՀՀ ոստիկանության աշխատակիցները, ստանալով օպերատիվ տեղեկություններ, 2021թ. հուլիսի 29-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, մոտեցել են Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցում գործող բենզալցակայանի մոտ կայանված, 27-ամյա երիտասարդի կողմից վարվող «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենային և օրենքով սահմանված կարգով ներկայանալով, նրան պահանջել են իջնել ավտոմեքենայից: Երիտասարդը չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, իր կողմից վարվող ավտոմեքենայով դիտավորությամբ հարվածել է ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակցի ավտոմեքենային, նրանց հասցեին հնչեցրել բռնության գործադրելու սպառնալիքներ, ավտոմեքենան վարել ճանապարհին կանգնած ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ՝ իրական վտանգ ստեղծելով վերջիններիս առողջության համար:

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում երիտասարդը բերման է ենթարկվել և անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գործարանային արտադրության սառը զենք հանդիսացող որսորդական դանակ։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 1.1-ին մասով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930