Այսօր «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ կազմակերպվել են խորհրդարանական լսումներ՝ սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների թեմայով:
ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ընթերցեց ԱԺ հայտարարության նախագիծը՝ սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին. «ՀՀ ԱԺ-ն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի հանրապետության տարածքների բռնազավթումը, ՀՀ ինքնիշխան տարածքների ներխուժումը, շարունակաբար ուժի գործադրումը, կամ այն գործադրելու իրավական սպառնալիքները, Ադրբեջանի կողմից նաեւ ռազմական գործողությունների դադարումից հետո գերեվարված, պատանդառված անձանց նկատմամբ արձանագրվող միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները, կեղծ դատավարությունների պատրվակով նրանց չհանձնելը, պատերազմական հանցագործություն համարվող գործողությունները:
ՀՀ ԱԺ-ն արձանագրում է, որ Ադրբեջանի կողմից վերը նշված հանցավոր գործողությունները շարունակվում են՝ ուղեկցվելով ՀՀ-ի եւ Արցախի տարածքների նկատմամբ հավակնություններով, այդ տարածքներում բնակվող խաղաղ բնակիչների նկատմամբ ահաբեկչություններով, բռնազավթված բնակավայրերում սրբավայրերի ու պատմական հուշարձաններ հանդիսացող եկեղեցական կառույցների սրբապղծմամբ: Սահմանների որոշումը սահմանակից պետությունների բացառիկ իրավասության ոլորտն է, նոր սահմանները որոշվում են սահմանակից պետությունների միջեւ միջազգային իրավունքի վրա հիմնված համաձայնության միջոցով, ՄԱԿ-ի միջազգային պայմանագրի իրավունքի մասին 1969 թվականի Վիեննայի կոնվենցիայի համաձայն, ըստ որի, առ ոչինչ է ուժի սպառնալիքի կիրառելու միջոցով ցանկացած միջազգային համաձայնություն»:
Հայտարարության տեքստում նաեւ նշված է, որ Արցախի ժողովրդի պատմական տարածքում ինքնորոշման իրավունքը եւ Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիան տարածաշրջանում խաղաղության հասնելու գլխավոր նախապայմանն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով:
Կարդացեք նաև
Նաեւ ընդգծվում է, որ ՀՀ տարածքների փոփոխության վերաբերյալ հարցերը որոշվում են բացառապես հանրաքվեով: Ադրբեջանն իր սահմանադրությամբ չի ընդունել, որ հանդիսանում է Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետության իրավահաջորդ, Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
«Հայաստանը չունի որեւէ միջազգային պարտավորություն՝ հիմք ընդունելու որեւէ քարտեզով արձանագրված սահմանները: ՀՀ-ն պաշտոնապես ներկայացնող որեւէ անձ, այդ թվում՝ գործադիրի ղեկավարը կամ որեւէ այլ ներկայացուցիչ, չի կարող գրավոր կամ բանավոր համաձայնության գալ՝ խախտելով Արցախի եւ ՀՀ-ին վերաբերվող վերը նշված իրավական եւ քաղաքական նորմերը: Այսպիսի ցանկացած համաձայնություն ի սկյզբանե առ ոչինչ է»,- շարունակեց հայտարարության տեքստը ներկայացնել Իշխան Սաղաթելյանը:
«Հայտարարությամբ ԱԺ-ն պահանջում է զերծ մնալ բանակցություններից, գրավոր կամ բանավոր համաձայնություններից, որոնք կխախտեն ՀՀ Սահմանադրության պահանջները եւ հայ ժողովրդի հավաքական կամքը՝ արտահայտված Անկախության հռչակագրում: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ հարցը որեւէ կերպ չսահմանազատել Արցախի ժողովրդի՝ իր պատմական տարածքում ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումից: ՀՀ ԱԺ-ն կոչ է անում միջազգային կազմակերպություններին, բարեկամ երկրների խորհրդարաններին դատապարտել Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից իրականացված եւ շարունակվող հանցագործությունները, ձեռնարկել վերջիններիս նկատմամբ պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողություններ»,- եզրափակեց Սաղաթելյանը՝ հորդորելով լսումների մասնակիցներին ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ