«Այս վիրուսն այդքան սարսափելի է, որքան խոսում են դրա մասին։ Սա ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նաեւ ասել է՝ կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, որ մեր կյանքում խնդիրներ առաջացնի։ Իսկ այն ժամանակվա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասում էր, թե դա շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ լուրջ միջոցառումների կարիք չկա»,-սահմանադրական դատարանում այսօր «Հայաստան» դաշինքի դիմումի բանավոր քննության ժամանակ այսօր ասաց դիմումատու՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը։ Նա պաշտոնյաների՝ կորոնավիրուսի մասին անլուրջ հայտարարությունների մեջբերմամբ ցանկանում էր ցույց տալ համաճարակի վերաբերյալ պաշտոնյաների անպատասխանատու մոտեցումները։
Վարդեւանյանը նախապես շեշտեց, որ ինքն ու ընտանիքը պատվաստվել են եւ դա արել են մասնագիտական կարծիքի հիման վրա։ «Իսկ առողջապահության այն ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանը ծիծաղում էր, հումորներ էր անում, որ վերադարձել է հանգստից եւ առանց դիմակ կրելու՝ բոլորին հեսա վարակելու է։ Կամ, նա լրագրողին հարցնում էր, թե ինչու է վերջինս դիմակ կրում․․․ահա նման անլուրջ հայտարարություններ արել են իշխանության ներկայացուցիչները։ Այդ ժամանակ՝ համավարակի տարածման սկզբնական շրջանում, իշխանությունը որոշել էր, որ պետք է անցկացնի հանրաքվե եւ դադարեցնի ՍԴ դատավորների լիազորությունները, այդ պատճառով ստացվում է, որ երբ պետք է հանրաքվե անել, «կորոնավիրուսն ում շունն է», իսկ հիմա, երբ մենք դիմում ենք ներկայացնում ՍԴ, մեզ մեղադրում են հակապատվաստումային քարոզի մեջ»,-նկատեց Արամ Վարդեւանյանը։
Անդրադառնալով ՀՀ առողջապահության նախարարի վիճարկվող հրամանին, ըստ որի՝ կամ պետք է պատվաստվել, կամ երկու շաբաթը մեկ գործատուին ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական պատասխան, Արամ Վարդեւանյանը նշեց․ «Մեկ պաշտոնյա է որոշել, թե ինչը պետք է կարգավորի աշխատանքային իրավահարաբերությունները։ Սահմանադրությունն ասում է՝ ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք նախատեսված չեն օրենքով։ Սակայն նա որոշել է, որ եթե չենք պատվաստվում, ապա մեր հաշվին պետք է թեստավորվենք։ Դա օրենքով է սահմանվում, ոչ թե մեկ անձի հրամանով, ինչը պատվաստումային քաղաքականության մեջ մեծ խնդիրներ առաջացրեց։ Զոռով, հրամանով, ծախսի տակ ընկնելով են մարդիկ պատվաստվում։ Միջազգային փորձում չեմ տեսել դեպք, որ սա հրամանով կարգավորվի, իսկ ծախսերը դրվեն մարդկանց վրա։ Երեւի ՀՀ-ն ժողովրդավարության բաստիոն է, դրա համար է այսպես արվում։ Նախարարի հրամանը չի կարող փոխարինել օրենքներին»։
Կարդացեք նաև
Արամ Վարդեւանյանը նաեւ հայտարարեց՝ կցանկանար առողջապահության նախարարից լսել՝ երբ իրենց դիմումը ՍԴ-ն վարույթ ընդունեց, գործատուների մոտ պահպանվե՞լ է աշխատակիցներից բացասական թեստավորման փաստաթուղթ պահանջելու միտումը, թե նվազել է, կամ՝ պետական մարմիններում դիրքորոշում փոխվե՞լ է նախարարի այս հրամանի մասին․ «Գրասենյակում նստած մեկ պաշտոնյան չի կարող որոշում կայացնել ՀՀ բոլոր աշխատողների վերաբերյալ։ Հանրության հետ ճիշտ կոմունիկացիա պետք է անել առ այն, թե ինչու պետք է պատվաստվել։ Ես դեսպանների հետ հանդիպումների ժամանակ հետաքրքրվեցի՝ ինչպե՞ս է ստացվել, որ սկանդինավյան երկրներում պատվաստումների թիվը բարձր է։ Պատասխանը մեկն էր՝ կոմունիկացիոն ռազմավարություն են մշակել, որի համաձայն՝ պատվաստումների մասին չեն կարող խոսել քաղաքական գործիչները, այլ խոսել են հեղինակավոր մասնագետները, բժիշկները։ Բացի այդ, ոչ մի կանոնակարգ չկա այն խնդրի վերաբերյալ, որ ՊՇՌ թեստի ինքնարժեքը 2000 դրամ է, սակայն քաղաքացիներին այն մատուցվում է մինչեւ 15 000 դրամով»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ