Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մեծահասակների միզուղիների վարակների վարման ուղեցույցն ի՞նչ կապ ունի այս վեճի հետ»․ ՍԴ դատավորի ուշագրավ հարցը

Նոյեմբեր 25,2021 13:09

«Պարոն Շաթիրյան, առողջապահության նախարարությանը խնդրել էիք տրամադրել կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմանը եւ դրա դեմ պայքարին առնչվող փաստաթղթերը։ Ստացվել են ավելի քան վաթսուն ակտեր։ ՍԴ-ին է տրամադրվել նաեւ մեծահասակների մոտ միզուղիների վարակների վարման կլինիկական ուղեցույցը։ Ուսումնասիրե՞լ եք այդ ակտերը, հատկապես այդ ուղեցույցն այստեղ քննվող գործի համար ունի՞ նշանակություն»,-սահմանադրական դատարանում այսօր «Հայաստան» դաշինքի դիմումի բանավոր  քննության ժամանակ հարցի զեկուցող-դատավոր Էդգար Շաթիրյանից հետաքրքրվեց ՍԴ մեկ այլ դատավոր Արեւիկ Պետրոսյանը։

Նա հարցրեց․ «Արդյոք այդ ակտերը ծավալի՞ առումով են տպավորություն ստեղծում եւ ՍԴ-ին ծանրաբեռնում վեճի հետ կապ չունեցող հանգամանքներով։ Բժշկագիտական տեսանկյունից բան չեմ կարող ասել, բայց այդ ուղեցույցն ուսումնասիրեցի, վեճի առարկայի հետ կապ չտեսա»։

Զեկուցող-դատավոր Էդգար Շաթիրյանը նշեց, որ առանձնապես ասելիք չունի, բայց հստակ է խնդրել, թե ինչ փաստաթղթեր է պահանջում․ «Այո, այդ ուղեցույցը եւ մյուս փաստաթղթերը չեն վերաբերվում վեճի առարկային»։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն այսօր բանավոր ընթացակարգով սկսել է քննել ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-րդի դիմումի հիման վրա՝ «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության եւ ՀՀ առողջապահության նախարարի 2021թ․ օգոստոսի 20-ի N 65 հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։

Հիշեցնենք՝ «Հայաստան» դաշինքն ավելի վաղ հայտարարել էր, դիմելու է ՍԴ՝ վիճարկելով առողջապահության նախարարի այն հրամանի՝ սահմանադրությանը համապատասխանելու հարցը, համաձայն որի՝ հանրային աշխատողները կամ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կամ 14 օրը մեկ ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930