Լրահոս
Օրվա լրահոսը

«2 դեղաչափ պատվաստվածները 182 633-ն են»․ ՍԴ-ն քննում է «Հայաստան» դաշինքի դիմումը

Նոյեմբեր 25,2021 12:38

Սահմանադրական դատարանն այսօր բանավոր ընթացակարգով սկսել է քննել ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-րդի դիմումի հիման վրա՝ «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության եւ ՀՀ առողջապահության նախարարի 2021թ․ օգոստոսի 20-ի N 65 հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։

Հիշեցնենք՝ «Հայաստան» դաշինքն ավելի վաղ հայտարարել էր, դիմելու է ՍԴ՝ վիճարկելով առողջապահության նախարարի այն հրամանի՝ սահմանադրությանը համապատասխանելու հարցը, համաձայն որի՝ հանրային աշխատողները կամ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կամ 14 օրը մեկ ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

Գործով որպես պատասխանող է ներգրավված առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Հարցի զեկուցող-դատավոր Էդգար Շաթիրյանը նախ հայտարարեց, որ այս ընթացքում նախարարին խնդրել է տրամադրել մի շարք տեղեկություններ եւ փաստաթղթեր, այդ թվում՝ ներկայացնել ամբողջական պատվաստված եւ մեկ դեղաչափ պատվաստված անձանց թիվը։ Շաթիրյանի խոսքով՝ նախարարը նոյեմբերի տասնմեկին հայտնել է, որ անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ․ երեկ էլ ստացվել է գրություն, որ նշյալ հրամանով սահմանված շրջանակների մոտ Armed էլեկտրոնային համակարգից ստացված տվյալների համաձայն գրանցվել են հետեւյալ թվերը․

Պատվաստված, թեստավորված աշխատակիցներ-366 382

1 դեղաչափ պատրաստված աշխատակիցներ-311 380

2 դեղաչափ պատվաստված աշխատակիցներ-182 633

90 օրյա ժամկետում առողջացած աշխատակիցներ՝ 19 011։

ՍԴ դատավոր Արեւիկ Պետրոսյանն Էդգար Շաթիրյանից հետաքրքրվեց՝ այս տվյալները ներառո՞ւմ են պատվաստումների մասին կեղծված տվյալները եւ արդեն իսկ մահացած մարդկանց թիվը։ Էդգար Շաթիրյանը նկատեց, որ նախարարն է հասցեատերը․ «Եթե հիշողությունս չի դավաճանում, նախարարությունը նշել է, որ կեղծ փաստաթղթերի ստուգման գործիքակազմ չունեն։ Քրեական գործեր են հարուցված»։

Շաթիրյանը նաեւ հայտնեց՝ նախարարությունից նաեւ հարցրել են, թե նախարարությունն ի՞նչ լիազորություն ունի թեստավորումների լաբորատոր ոչ միասնական գնային քաղաքականության վերաբերյալ․ «Պատասխանել են, որ գնային քաղաքականությունը դուրս է նախարարության լիազորություններից, քանի որ թեստավորումներն իրականացնում են մասնավոր լաբորատորիաները»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930