Ինչպես Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հաստատեց՝ Սոչին կայանալու է նախքան Բրյուսելը։ Ո՞ր մայրաքաղաքի հանդիպումն է ավելի կարեւոր, եւ ի՞նչ օրակարգեր են լինելու այդ՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպումներում։ Վադիմ Դուբնովին նաեւ այս հարցն ուղղեցինք։ Ի՞նչ է կարծում՝ Բրյուսելի եւ Սոչիի օրակարգերը տարբերվելո՞ւ են։ «Ես կարծում եմ, որ թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիեւը հետաքրքրված են, որ օրակարգերը տարբեր լինեն, եւ իրականում էլ դրանք տարբերվող են լինելու, Մոսկվայում լինելու է նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերով կոնկրետ խոսակցություն, եւ կարծում եմ՝ շեշտը դրվելու է կոմունիկացիաների եւ սահմանային իրավիճակի վրա։ Իսկ Ժան Միշելի հետ հանդիպմանը, կարծում եմ, ավելի շատ քննարկվելու են հումանիտար բնույթի խնդիրներ։ Եվ, առհասարակ, Ռուսաստանում հանդիպումից հետո ես նման հանդիպման իմաստ այնքան էլ չեմ տեսնում։ Բայց, որպես հումանիտար հարցերի քննարկման հարթակ, տեղի կունենա»։
Հիշեցնենք, որ Հայաստանի արեւմտամետ հատվածը բրյուսելյան հանդիպմանը բոլորովին այլ իմաստ ու նշանակություն է տալիս, սկսած նրանից, որ լինելու է խաղաղության համաձայնագրի կնքում։ Ըստ Դուբնովի՝ ո՛չ Բրյուսելում, ո՛չ Սոչիում նման փաստաթղթեր չեն ստորագրվելու։ «Հնարավոր է՝ Մոսկվայում ինչ-որ հռչակագիր լինի, իսկ Բրյուսելում կլինի Մինսկի խմբի համանախագահության վերբեռնման ինչ-որ մի փորձ։ Երեւի էլի ինչ-որ հայտարարություն, բայց որեւէ լուրջ բան չի ստորագրվելու»։
Եթե այն ստորագրվի, ապա այդ ստորագրություններն ինչ-որ իրավական ուժ ունենալո՞ւ են։ Օրինակ՝ որ դրանից հետո Ադրբեջանը Հայաստանի որեւէ տարածքի նկատմամբ հավակնություններ չունենա։ «Խաղաղության պայմանագիրն իրավաբանական փաստաթուղթ է, որն արձանագրում է կողմերի պայմանավորվածությունները տվյալ պահին, եւ այն երբեմն խախտվում է, որովհետեւ լինում է, որ իրավիճակը փոխվում է, ուստի որեւէ պայմանագիր խաղաղության երաշխիք չէ ո՛չ այս, ո՛չ այն կողմի համար»։
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: