Այն հարցին, թե ինչու Հայաստանի սահմանների կահավորումը պատշաճ մակարդակի չի եղել, որ հակառակորդը հնարավորություն է ստացել ներխուժել ՀՀ տարածք, Նիկոլ Փաշինյանն ասուլիսում պատասխանում է, որ եթե արված լիներ, կասեին՝ տեսեք, պայմանավորված էր, դրա համար էլ հողերը հանձնեցին։ Մի խոսքով, Փաշինյանի ամբողջ մտավախությունը մնում է այն, որ իրեն կարող են դավաճան համարել, այդ նպատակով էլ ամբողջ ասուլիսի ընթացքում այն գաղափարն էր առաջ տանում, թե իրենց իշխանությունը մինչև վերջ կռիվ է տվել ու պայքարել Հայաստանի շահերի համար։ Ինչպես ասում են՝ այն, ինչ պետք էր ապացուցել: Դեռ մի կողմ թողնենք, որ այս ամենը խոշոր իմիտացիայի շարունակությունն է։ Հիմա փորձենք համադրել փաստերը:
Նախ՝ եթե քպական իշխանությունը կռիվ տվող լիներ, ապա անընդմեջ թիկունքից չէր հարվածի բանակին՝ թիրախավորելով սպաներին ու բանակի շուրջ պատկերացումն իջեցնելով «ներքնաշորերի ու կլուբնիկի» մակարդակի։ Իսկ պատերազմի ժամանակ գործի կդնեին բանակի ամբողջ պրոֆեսիոնալ ներուժը, այլ ոչ թե Փաշինյանը ուղիղ եթերներ դուրս կգար ու համայնքապետերին ջոկատներ կազմելու և սահմաններ մեկնելու կոչերով հանդես կգար։ Եթե իշխանությունները մինչև վերջ կռիվ տվող լինեին, ապա մեծ ուշադրություն կդարձնեին բանակի զինվածության ու հագեցվածության մակարդակին, արդիական ու տվյալ պահին խնդիր լուծող սպառազինություններ ձեռք կբերեին, այլ ոչ թե առանց հրթիռների ՍՈւ 30-ներ կգնեին, դրանց ֆոնին սելֆիներ անելու համար։ Հետո պայքարող իշխանությունը մի ակնթարթում չէր զիջի Արցախին պատկանող Կովսականից ու Սանասարից մնացած հողերը, որոնց հանձնման մասին նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարության մեջ խոսք անգամ չկա։
Ու քանի որ այդ տարածքների համար կռիվ չեն տվել ու զինված ուժերը Փաշինյանի հրամանով կիլոմետրերով հետ են քաշվել, հակառակորդը հասկացել է, որ գործ ունի զիջողական ու պարտության արդյունքում բարոյալքված իշխանությունների հետ, որոնք այլևս ընդունակ չեն կռիվ տալու։ Դրա համար էլ ադրբեջանական զինված ուժերը սահուն, առանց որևէ խոչընդոտի հանդիպելու ներխուժեցին Հայաստանի տարածք։ Ու հիմա էլ շարժվում են նույն տրամաբանությամբ և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» են պահանջում։ Այս ֆոնին հակառակորդն այնքան է լկտիացել, որ նոր սահմանային բախումներ հրահրելու հարցում իրենց ոչինչ չի կաշկանդում։
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում