Լրահոս
Օրվա լրահոսը

«Օպերային թատրոնը նախագահական ենթակառույց պիտի լինի»

Նոյեմբեր 25,2021 12:30

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում օրերս կայացավ համաշխարհային ճանաչում վայելող օպերային տենոր, ռեժիսոր, Հայաստանի եւ Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի ծննդյան 70-ամյա հոբելյանին նվիրված գալա համերգ, դիրիժորական վահանակի մոտ էր իտալացի Անտոնելո Ալլեմանդին։

Միջոցառումը կազմակերպված էր եւ անցավ իսկապես մեծանուն արվեստագետի գործունեությանը հարիր բարձր մակարդակով։ Երեկոյին իրենց մասնակցությունն էին բերել հայ օպերային արվեստի ճանաչված այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Հասմիկ Պապյանը, Կարինե Բաբաջանյանը, Լիանա Ալեքսանյանը, Բարսեղ Թումանյանը, Գեւորգ Հակոբյանը, Հովհաննես Այվազյանը։ Այդ օրը մեր հանդիսատեսի համար հայտնություն էր հայկական արմատներով ռուսաստանաբնակ տենոր Խաչատուր Բադալյանը (նրա հետ հարցազրույցն՝ առաջիկայում)։

«Առավոտը» քանիցս հարցազրույց է վարել մաեստրոյի հետ, վերջինը՝ 2016թ. սկզբին։ Այդ ժամանակ ո՞վ կմտածեր, որ վաղաժամ կորստի համազգային ցավը հեռու չէ։ Տենորն իր մահկանացուն կնքեց մարտի 23-ին։ Իսկ այդ հարցազրույցում հետաքրքրվել էինք, թե ի վերջո ե՞րբ կբացվի նրա նախաձեռնությամբ Օպերային արվեստի միջազգային ակադեմիան, որի շենքը գտնվելու էր Քանաքեռում, որին հանդիպակաց նախատեսված էր կառուցել մինչեւ 1500 հանդիսատեսի համար բացօթյա դահլիճ, ինչը հնարավորություն կընձեռեր բարենպաստ եղանակին ներկայանալ օպերային, բալետային ներկայացումներով եւ Արեւմուտքում վաղուց ընդունված ձեւաչափով անցկացնել միջազգային փառատոներ։ Այս առիթով պարոն Գրիգորյանն ասել էր. «Կլինի, կլինի, դա էլ կլինի, միայն թե առողջություն լինի… Ընդ որում, ակադեմիան արդեն կայացած եւ գուցե ճանաչված երգիչների համար է, բայց մեզ մոտ բացի նրանցից, կվերապատրաստվեն դիրիժորներ, ռեժիսորներ, նկարիչներ… երաժշտական թատրոնի հետ կապ ունեցող տարբեր մասնագիտությունների տեր երիտասարդ մասնագետներ։ Կհրավիրվեն նաեւ վոկալի ճանաչված մասնագետներ վարպետության դասընթացներ անցկացնելու նպատակով…»։ Անկատար մնաց մաեստրոյի այս մեծ երազանքը…

Մենք չէ, որ պետք է ներկայացնենք աշխարհում հայի անունը ճանաչելի դարձրած մեծանուն երգչի կարիերան, բայց համոզված ենք, որ լայն ընթերցողին կհետաքրքրի այն, որ նման մեծության աստղն էլ ժամանակին ենթարկվել է հալածանքների։ Խոսքը խորհրդային տարիներին նրա «նեվիեզդնոյ» ցուցակում հայտնվելու մասին է։ Մեզ հետ վերջին հարցազրույցում, երբ այդ մասին հետաքրքրվել էինք տենորից, նա «նեվիեզդնոյ» կոչվածը անվանելով հիմար ու անմիտ քայլ, բացելով փակագծերը, խնդրել էր դեռ չհրապարակել ասածը։ Տարիներ անց ներկայացնենք նրա պատմածը։ Պարզվում է՝ ԽՍՀՄ մշակույթի նախարարությունն առանց պատճառաբանելու հայ տենորին արգելում է մասնակցել «Բորիս Գոդունով» ներկայացմանը, քանի որ այն բեմադրում էր հայտնի դիսիդենտ Յուրի Լյուբիմովը, որը կոնֆլիկտի մեջ էր խորհրդային իշխանությունների հետ (նրան ավելի ուշ՝ 1984թ., զրկում են ԽՍՀՄ քաղաքացիությունից)։

Պարոն Գրիգորյանի համոզմամբ՝ սկզբում մերժում է նախարարության պահանջը ու մասնակցում ներկայացման փորձերին մինչեւ առաջին գլխավոր փորձը։ Իսկ հետո, երբ իշխանությունները սպառնում են նրա ընտանիքին, տենորը ստիպված է լինում զիջել։ Մինչ զիջումն էլ նա 1979թ. նոյեմբերին դիմել էր Իտալիայի իշխանություններին՝ քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով։ «Մինչ գործը քննվում էր, ես ուղղակի անհետացա՝ դեկտեմբերին չներկայանալով Լա Սկալա թատրոն՝ «Բորիս Գոդունովում» դերերգը կատարելու համար։ Այդ ընթացքում՝ 1980 թ., Լիտվայի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Վիրգիլիուս Նորեյկան հրավիրեց աշխատանքի եւ զուգահեռ դասավանդում էի Վիլնյուսի կոնսերվատորիայում»,- հայտնել էր արվեստագետը։ Իսկ մեծանուն դիրիժոր Վալերի Գերգիեւը, դարձյալ մեզ հետ զրույցում, հատուկ անդրադառնալով Գեղամ Գրիգորյանի արվեստին, նշել էր, որ 1989թ. Գրիգորյանին ինքն է հրավիրել Մարիինյան թատրոն. «Ասեմ, որ Գեղամը մեծ ավանդ ունեցավ մեր թատրոնի մեներգչական կազմի ավանդույթների ձեւավորման ու կայացման գործում»։

Միայն 1990թ. երգիչը հնարավորություն ունեցավ դուրս գալ միջազգային ասպարեզ, բեմ բարձրացավ հեղինակավոր օպերային թատրոններում։ Երջանկահիշատակ Յուրի Դավթյանը, որը գրիգորյանական «Անուշի» բեմադրող դիրիժորն էր (2003թ.), ասել էր. «Երբ Գեղամը վերջապես սկսեց կանոնավոր հանդես գալ Արեւմուտքում, գաղտնիք չէ՝ Վալերի Գերգիեւի հովանու ներքո, «Քովեն Գարդենի» հանդիսատեսը ցնցվել էր Լենսկու կերպարի նրա մեկնաբանությամբ՝ Չայկովսկու «Եվգենի Օնեգինում», որակելով այն «երաժշտական ոսկի»։ Այդ որակումը բրիտանական The Telegraph պարբերականինն է։

Մեր զրուցակիցը նշել էր, որ տենորը բեմում է 20 տարեկանից, իսկ դեբյուտը Երեւանի թատրոնում կայացել է 1975թ., Դոնիցետիի «Լուչիա դի Լամերմուր» օպերայում՝ Էդգարի դերերգով։ Երգչին քանիցս հանդիպել ենք տարբեր օպերաներում, նաեւ իր երիտասարդ գործընկերների հետ դուետներով, այդ թվում նաեւ աշխարհի բեմերը նվաճած դստեր՝ Հասմիկ Գրիգորյանի ընկերակցությամբ։

Գեղամ Գրիգորյանը 2000թ. վերջնական վերադարձավ Երեւան, իսկ 2004-ից ստանձնեց օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։

Մի դիտարկում. ստացվում է, որ ընդամենը տասը տարիների արտասահմանյան հյուրախաղային գործունեության արդյունքում հայ օպերային երգիչը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն տենորներից մեկը, որի ցանկը բացում են լեգենդար Էնրիկե Կարուզոն, Բենիամինո Ջիլին, Ֆրանկո Կորելին, համագործակցել է դասական երաժշտարվեստի բոլոր հսկաների հետ, որոնք կերտել են 20-21-րդ դդ. դասական կատարողական արվեստի պատմությունը, այդ թվում՝ Պավարոտտիի, Դոմինգոյի, Յաուրովի, Մետտայի, Ռիխտերի, Զեֆիրելլիի, Դել Մոնակոյի եւ մյուսների հետ։ Տենորը հանդես է եկել շուրջ 65 դերերգով, բոլորը հնարավոր չէ թվարկել։

Մարդկային շփումներում աննկարագրելի պարզ երաժիշտը Երեւանի օպերային թատրոնում իր պաշտոնավարման տարիներին պարզապես ապրում էր երգիչների ստեղծագործական կյանքով… Մի անգամ մեր դիտարկմանը, թե ցանկացած հարուստ երկրի համար օպերային թատրոն ունենալը ճոխություն է, նա պատասխանել էր. «Կոնկրետ օպերային թատրոնը ոչ թե մշակույթի նախարարության, այլ նախագահական ենթակառույց պիտի լինի, ինչպես «Բոլշոյ» թատրոնն է, ու ձերբազատվի նյութական կախյալ վիճակից»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930