Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» կամ խաղաղության օվկիանոսի աղջնակը

Նոյեմբեր 25,2021 12:00

Նարինե Գրիգորյանի դերասանական եւ ռեժիսորական ձեռագրին ծանոթ ենք մի շարք ներկայացումներից, որոնք, կարծես, իրարից տարբեր լինելով, ծառի տերեւներ են եւ հատ-հատ գալիս են ամբողջացնելու տարիքն առած, բայց միշտ երիտասարդ բեմը, որտեղից դերասանուհին վերհուշի տեսքով պտտում է երեւույթներն` ըստ ժամանակագրական հաջորդականության:

«Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացումը գաղափար է, որը Նարինե Գրիգորյանի լեզվով է մարմնավորվում՝ ձգվելով պատերազմի միջով եւ հասնելով մի հայտնի ու անհայտ տարածք՝ դերասանուհու, իմ, ձեր, բոլորիս հոգու խորքը: Թվում է՝ ամեն ինչ ուրախ է լինելու, որովհետեւ մենք սկզբից տեսնում ու զգում ենք երջանիկ աղջնակին` այս պատմության հերոսուհուն` Նարինկային (քանի որ պիեսի հիմքում ընկած նյութը կենսագրական է ու կյանքի պատմություն, որը Նարինե Գրիգորյանը բերել է բեմ, հետեւաբար գլխավոր գործող անձը եւ դերասանուհին նույնանում են, եւ Նարինեն` ինքն իրեն անվանում է Նարինկա, ինչպես առօրյայում դիմում էին հարազատները, ընկերները, գյուղացիները):

Չգիտես՝ պատերազմի ժամանակ ողջունե՞ս, ասես «բարի գալո՞ւստ», թե՞ պարզապես՝ բարեւ, երկիր», որտեղ ամեն ինչ այլ է, բանական մարդու մտաշխարհում նոր բացահայտումների ճանապարհ բացող:

1992 թվական. պատերազմ: Նոր տարի: Բոլորս դերասանուհու հետ տեղափոխվում ենք Ղարաբաղ (ներկայացման ընթացքում հնչում է հենց այսպես, գուցե առօրյա խոսակցականով է օգտագործվում, որովհետեւ շատերն են առօրյայում օգտագործում, կամ հնարավոր է ինչ-որ կոնտեքստ կա: Կա նաեւ մեկ այլ տարբերակ՝ ժամանակագրությունը ներկայացնելու դետալ է, որովհետեւ իրադարձությունները կատարվում են 90-ականներին, երբ ընդունված էր ասել Ղարաբաղ), գյուղ Նորագյուղ, որի ամեն անկյունը աղջնակն անգիր գիտի: Իր հարազատ գյուղում ազատ է, նա այստեղ տարածություններ չի ճանաչում, սակայն պատերազմը, որպես պատնեշ, փակում է քայլերի ուղին, որն արդեն օրեր հետո ինքնաբացահայտման միջոցով լրացվում է եւ անարգելք անցնում հայրենի ճանապարհով:

Պատերազմի օրենքները պարզ ու հասկանալի լեզվով են արտահայտված, գյուղի սահմանափակ հնարավորությունները, թշնամու ձեռնարկած հարձակումներն ու ռմբակոծումները հերոսուհուն չեն կարողանում լռեցնել, որովհետեւ վերջիվերջո նա իր հայրենի գյուղում է: Նա հավասար խոսում է՝ աչքերում պատերազմը, մատները՝ դաշնամուրի ստեղներին, միշտ իր ճամպրուկի հետ, որ մայրն էր արագ-արագ դասավորել՝ Հայաստան ուղարկելու համար: «Իմ ամեն ինչն այս ճամպրուկում է». փոքրիկ աղջնակի ճանապարհի անբաժան ընկերն է ճամպրուկը: Ներկայացման ընթացքում այն դառնում է դաշնամուր, տուն, սեղան, եւ որքան տարօրինակ է՝ անգամ հեռուստացույց ու պատուհան:

Հերոսուհու հայրը զինվորական է, պապիկը՝ «չորս գյուղի նախագահ», ով փորձում է փրկել աղջնակին՝ ուղարկելով մայր Հայաստան: Նրա պատմության գունապնակը հարստանում է արցախյան կոլորիտով, որն ուղեկցվում է անսահման հետաքրքիր բարբառով: Այստեղ էլ դերասանուհին պահում է ոչ միայն իր կերպարը, այլ նաեւ պապիկի, տատիկի, մոր, քրոջ կերպարները, բայց հոր հետ կապված անընդհատ վերապրումի եւ ինքնամաքրման ճանապարհով է անցնում՝ դերասանախաղով բարձրացնելով իր՝ հայուհու իմաստնությունը:

Հոր գերության մեջ հայտնվելն ու գյուղի մարդկանց հարցուփորձը հերոսուհուն՝ Նարինկային անընդհատ Նորագյուղում են պահում, մեկ առ մեկ վերապրում է օրերն առանց հոր եւ ապա՝ նրա հետ՝ վերադարձի աննկարագրելի ջերմագին պահով: Այս տեսարանը նաեւ առանձնանում է տեխնիկական ինքնատիպ լուծումներով: Ամեն պահի մեջ ցավ ու ցասում կա, բայց նաեւ ծիծաղը չի պակասում, քանզի երեխայի աշխարհը մաքուր է եւ իր կերպավորած էությամբ կարողանում է համոզել մարդուն՝ պատերազմի եւ խաղաղության արանքում տեղի ունեցող մարդկային բնավորության փոփոխությունները, ներշնչումն ու գիտակցական հետքը, զգացմունքների շերտավորումն ու ամբողջականությունը՝ որտեղից ուր է գնում եւ ինչպես է գնում:

Պապիկ-թոռնիկ պատմությունը ողջ կենսագրությամբ ներծծված է հերոսուհու հիշողության մեջ եւ ամեն պահ արցախցուն հատուկ համառությամբ եւ վեհությամբ գործում է՝ միջանցք տալով գործողության շարունակականությանը, որը մերթընդմերթ ընդհատվում է՝ Ստեփանակերտ հասնելու ճանապարհին ու արդեն Ստեփանակերտում: Նա զարմացած է, որ ավերածություններ են քաղաքում, քարերը թափված են գետնին, իսկ պատուհանները ջարդված են ու միմյանց են նայում՝ մեկը մյուսից տեղյակ, բայց գուցե անտեղյակ… Սա ուրիշ զարմանք է, հեքիաթներում կամ գուցե ֆիլմերում հանդիպող «անիրական» եղելությունները իրական են այս պարագայում:
Վախ, տագնապներ եւ դող կար Ստեփանակերտում: Դերասանուհին իր վերհուշն անձնական որակով է հագեցնում՝ կապ ստեղծելով իրականության հետ:

Արդեն խոսելով կերպարի զգացմունքայնության մասին՝ պետք է առանձնացնեմ նրա պինդ ներաշխարհը, որը միայն ունի պատերազմի միջով անցած հայը: Իսկ այս դեպքում պատերազմը չի շրջանցում ոչ ոքի: Մանկական խաղաղ կյանքի խաղերը երբ ապաստարան են տեղափոխվում՝ բառերով նկարագրելը դժվարանում է, որովհետեւ կյանքը շրջվում է, եւ սկսվում մի նորը՝ անսովոր սկզբունքներով, ապրելակերպով, ինչու չէ նաեւ՝ յուրօրինակությամբ: Թվարկածներս կհասկանան նրանք, ովքեր գոնե մեկ կամ երկու օր հրետակոծության ժամանակ ապաստարանում են ապրել ու գիշերել:

Նարինե Գրիգորյանը կարողացավ փայլուն դերասանախաղի միջոցով այն զգացողությունները փոխանցել, որոնք, իրոք, այդօրինակ դժնդակ օրերին մարդու ներսում պատերազմում են: Սա բազմադեմ պատերազմ է, որի ժամանակ փոքրիկ Նարինկան որոշել էր, որ մեծանա, էլ պատերազմի չի մասնակցելու, որովհետեւ «դուրը չի գալիս»:

Վերապրումի փիլիսոփայությունը՝ որպես հոգեբանական շերտեր հաղորդող կարեւորություն, լրացվում էր հուզազգացական դետալների միջոցով: Սրան զուգահեռ նաեւ կատակերգական նոտան էր ակտիվանում: Ցավի մեջ ծիծաղը հաճախ լույս է տալիս, ինչպես ինքը՝ դերասանուհին, պատերազմի անմեղ ականատեսը: Ու լույսն իր կողքից ստվերներ է ծնում՝ որպես անավարտ պատմության առհավատչյա:

Երազանքներն ինչքան անսովոր էին, նույնքան ներդաշնակ էին իրավիճակի հետ: Հինգ տղա ունենալու երազանքով աղջնակը նախընտրում էր հայտնի մարդկանց անուններով անվանակոչել նրանց: Եվ այսպես նա շարունակում է անցյալի նորացումը՝ չբավարարվելով մեկ կամ երկու օրվա հուշով, այլ վերապրելով ամբողջ անցածը՝ դրվագ առ դրվագ գունավորելով իր «թերությամբ»՝ ձախ ձեռքով գույները տալով թղթին:

Պատերազմը շարունակվում էր: Քոլատակ գյուղից նրան պետք է ուղղաթիռով ուղարկեին Հայաստան: Այնքան ձգձգվում է այդ ընթացքը, որի ժամանակ հերոսուհին փորձում է բացել չակերտներն ու ներկայացնել իրականությունը, շատերին անհայտ ու տարօրինակ իրականությունը:
Նրա հուշերում Հրազդան քաղաքն է հայտնվում, որտեղ ծնվել եւ ռուսական դպրոց է հաճախել: Դպրոցական օրերը կինոժապավենի պես թերթում է եւ ընթացքում մեջբերումներ անում՝ կերպարների ներկայությունն ապահովելով:

Նարինե Գրիգորյանը ռեժիսորական ինքնատիպ լուծում էր տվել իր հիշողությանը վերաբերմունք ցույց տալու ընթացքին: Այն նույնպես մոնոներկայացումը հետաքրքրության վրա պահող մասերից մեկն է: Երբ աշխարհագրության դասաժամին Խաղաղ օվկիանոսը նրա արտաբերմամբ դարձավ «Խաղաղության օվկիանոս», բոլորը ծիծաղում էին դասարանում: Բայց նրանք չէին հասկանում, որ այդ պահին իրենց դասընկերուհու ամենամեծ երազանքներից մեկը խաղաղությունն էր:

Ծանր օրերի հուշերում ցույցերից մտահոգ վերադարձող ծնողներն են ու այն մարդկանց լուսանկարները, որոնք յաթաղանի բաժին էին դարձել: Իրար շարունակող ցավոտ իրականությունը աստիճանաբար աճում է: Արդեն մեկ այլ կարգավիճակ: Փախստականի կարգավիճակը որքան ցավոտ է, այնքան հերոսուհին ավելի էր զարգացնում պատմություններով՝ միշտ փնտրելով լույսն ու ժպիտը, որոնք դրական են ու իր մեջ տպավորված: Բայց, չնայած այս ամենին, կյանքը նոր անակնկալներ ուներ՝ «ապրելուն» տեղյակ չպահելով:

Երկրաշարժ: Պատերազմից հետո աղջնակը մի ուրիշ պատերազմի մեջ է: Ութերորդ հարկում ապրող հերոսուհին առաջին անգամ էր զգում, որ ամեն ինչ շարժվում է առանց մարդու միջամտության: Ցրտաշունչ տարիներն էլ է ջերմանում նրա նկարագրություններով, որովհետեւ այդքան հյութեղ լեզվամտածողությամբ դժվար թե անհատը չկարողանա տեղափոխվել այնտեղ, որտեղ նա եղել է ու կա: Հիշողությունն այնպիսի բան է, որ հետ ու առաջ չի նայում, այլ անընդհատ ազդանշանի նման մարդու մտապատկերում է հայտնվում:

Աղջնակը հայրենիքի շնորհիվ ճանաչեց ինքն իրեն, բացահայտեց աշխարհն ու սիրեց այն, հետո նոր միայն հասկացավ, թե ինքն ով է եւ ուր է գնում:

Երկնքից երեք խնձոր է ընկնում. ընտանիքին, հանդիսատեսին, եւ երրորդը… «թող հնչի սխալ, բայց թող ամենամեծ օվկիանոսը լինի Խաղաղության օվկիանոսը»:

Նարինե Գրիգորյանի մոնոներկայացման ընթացքում երեւույթներն անսպասելի նոր իրականություն են առաջ բերում: Ամբողջ ընթացքը նաեւ սեփական մտքերի հետ հարցուպատասխանն է հագեցնում, որը հստակ ուրվագծված է: Դերասանուհին կարողացավ պատերազմի ներսուդուրսը բացահայտել ոչ միայն իր հուշերի հետ, այլ նաեւ ինքն իրենով:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930