Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պետք է ձգտի վերականգնել ինքնիշխանության աստիճանը, որը կորցրել է. «Սպիտակ թուղթ»

Նոյեմբեր 25,2021 13:30

Սկիզբը՝ այստեղ:

«Հաշվի առնելով մինչ այժմ ՌԴ-ի կողմից ցուցադրվող թույլ դաշնակցային հանձնառությունները, Հայաստանը պետք է սահմանների անվտանգության ասպարեզում աշխատի նաեւ այլ ուղղություններով»

Հայաստանի մասին
Ա. Հայաստանը պետք է հստակ ուղեցույց ընդունի իր արտաքին ու անվտանգության քաղաքականությունների համար. ուղեցույց, որը հիմնված կլինի մի շարք հնարավոր զարգացումների վրա։ Նպատակը պետք է լինի ինքնիշխանության պահպանումն ու ամրապնդումը ոչ թե որպես կարգախոս կամ մի վերացական հատկանիշ, այլ որպես մի էական մեխանիզմ՝ ազգային շահերի ու կառավարման ձեւի անկախ սահմանման ու հետապնդման համար. կառավարման ձեւ, որն ընտրում է ժողովուրդը։ Դրան հասնելու լավագույն տարբերակը հարեւանների հետ հակամարտությունները լուծելն է, իր ինքնիշխանությանն ու տարածքին սպառնացող իրական վտանգների նվազեցումը, եւ խաղաղ ու ներկայացուցչական մեթոդի որդեգրումը ղեկավարների ընտրության համար, որոնք էլ կսահմանեն ու կհետապնդեն պետության շահերը։

Բ. Հայաստանը պետք է ձգտի վերականգնել ինքնիշխանության աստիճանը, որը կորցրել է։ Սակայն նա պետք է վերականգնման ուղին փնտրի՝ շարժվելով եղած հնարավորությունների տիրույթում. հնարավորություններ, որ սահմանված են ներկայիս ծանր նոր իրողություններով։ Մի կողմից՝ Ռուսաստանի վարքը բարոյական քննության ենթարկելը, եւ մյուս կողմից՝ Հայաստանին օգնելու Արեւմուտքի պատրաստակամությունը չափազանցնելն այդ ուղին չէ։ Ո՛չ Ռուսաստանի հետ 1997թ. պայմանագրում, ո՛չ էլ որեւէ այլ փաստաթղթում՝ դրանից հետո, Ռուսաստանը չի խոստացել ռազմական օգնություն ցուցաբերել Ղարաբաղին՝ Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում։

Ընդհակառակը, Ռուսաստանը շարունակաբար կրկնել է, որ Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մաս, որ չի ճանաչելու Ղարաբաղի անկախությունը, եւ պնդել է, որ Ղարաբաղի շուրջը գտնվող հայկական վերահսկողության տակ եղած յոթ շրջանները պետք է վերադարձվեն։ Ավելի բարդացնելով պատկերը՝ Ռուսաստանը գիտեր, որ Հայաստանին իր վաճառած զենքի մի մասը տեղափոխվում էր Ղարաբաղյան ճակատ, եւ Հայաստանը գիտեր, որ Ռուսաստանը զենք է վաճառում նաեւ Ադրբեջանին։

Գ. Բացի Ռուսաստանի հետ սերտորեն աշխատելուց եւ ամուր պաշտպանություն կառուցելուց՝ այս նպատակներին հասնելու լավագույն եղանակը բոլոր շահագրգիռ կողմերի հետ երկխոսություն սկսելն է, նույնիսկ եթե սկզբում՝ առանձին-առանձին եւ գաղտնի, հետազոտական, ոչ պաշտոնական պայմաններում։

Դ. Այսպիսով, Հայաստանը պետք է Ադրբեջանի հետ երկխոսության համապարփակ շրջանակ մշակելու նախաձեռնություն ցուցաբերի՝ վիճահարույց հարցերը մեկ առ մեկ լուծելով, ինչը կհանգեցնի հարաբերությունների կարգավորման։

Ե. Ժամանակի ընթացքում Հայաստանը պետք է ենթադրյալ սպառնալիքների շուրջ իրատեսական ու անկողմնակալ գնահատում իրականացնի եւ միջոցներ ձեռնարկի, առաջին հերթին, լարվածությունները թուլացնելու, վերացնելու համար, իսկ այնուհետեւ աշխատի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ որպես երկարաժամկետ անվտանգության համակարգի անբաժանելի բաղադրիչ։

Զ. Այս առումով, կարեւոր հանգրվան են լինելու Ադրբեջանի հետ սահմանազատման ուղղությամբ աշխատող միջկառավարական աշխատանքային խմբի զարգացումները։ Ցանկացած պարագայում, հատկապես հաշվի առնելով մինչ այժմ Ռուսաստանի կողմից ցուցադրվող թույլ դաշնակցային հանձնառությունները, Հայաստանը պետք է սահմանների անվտանգության ասպարեզում աշխատի նաեւ այլ ուղղություններով։

Է. Կառուցակարգված հայաֆոբիան՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Թուրքիայում, պետք է լինի այս երկու երկրների հետ քննարկվելիք թեմաներից մեկը։ Նրանց հետ ամուր խաղաղությունը այլ տեսակի հռետորաբանություն է պահանջելու. այնպիսին, որը ենթակայեցման նվաստացուցիչ վերաբերմունքից անցնի դեպի համակեցություն՝ թե՛ տեսականորեն, թե՛ գործնականում։

Զ. Հայաստանն իր քաղաքացիների համար պետք է հստակեցնի, որ հաղորդակցության ուղիների եւ ճանապարհների բացումը երկարաժամկետ հեռանկարում բարիդրացիական հարաբերությունները կարգավորելու, ինչպես նաեւ տարածաշրջանային փոքրամասշտաբ համագործակցության համար ուղի բացելու մի գործիք է։ Նման միջոցառումներն իրենք իրենցով խաղաղություն չեն բերի։ Սակայն նրանք հնարավորություն կտան, որ հակամարտության բոլոր շահագրգիռ կողմերի համար պատերազմն ապագայում ավելի թանկ տարբերակ դառնա։

Է. Ինչպես եւ Հայաստանի բոլոր սահմանների դեպքում, Սյունիքի հետ կապված առաջին ու ամենահրատապ առաջնահերթությունը պիտի լինի պահպանությունն ու պաշտպանությունը, այդ թվում՝ հսկողության եւ տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով։ Սակայն սա պետք է համատեղվի տարածաշրջանում կյանքի միջազգայնացման եւ տարբեր միջազգային գործընկերների ներգրավման՝ միջնաժամկետ հեռանկարի հետ, ինչպես նաեւ շրջափակումների վերացման ֆոնին։

Ը. Վերջապես, որպես այս տարածաշրջանում ու դրանից դուրս Հայաստանի ինքնաներկայացման երկարաժամկետ հեռանկար, Հայաստանը կարող է եւ պետք է լրջորեն մտածի չեզոքության վրա հիմնված արտաքին ու անվտանգության քաղաքականությունների մշակման առավելությունների մասին, որոնք սովորաբար զարգացել են Վրաստանի ու Ադրբեջանի հետ՝ որոշակի ժամանակահատվածում։ Այսպիսով, Հայաստանի եւ իր հարեւանների անվտանգության՝ ենթադրյալ ու իրական սպառնալիքները կնվազեն: Ճիշտ հանգամանքների ներքո նման մոտեցումը կարող է նաեւ աջակցություն ստանալ տարածաշրջանի երեք հիմնական հարեւանների՝ Իրանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ, ընդհանուր առմամբ, միջազգային հանրության կողմից։ Երկարաժամկետ հեռանկարում չեզոքությունը, ինչպես էլ որ այն պիտակավորվի, կարող է ավելի ապահով ու մշտական այլընտրանք լինել այն տարբերակներին, որոնք մինչ այժմ գերակայող են եղել այս թեմային վերաբերող բոլոր խոսույթներում. ռուսամետ, արեւմտամետ եւ կոմպլեմենտար քաղաքականությունների։

Դիվանագետների եւ արտաքին գործերի նախարարության մասին

Ա. Հայաստանի դիվանագիտության ու դիվանագետների հետ կապված առավել կարեւոր կետը հետեւյալն է. դիվանագիտությունը պետք է դիտարկել որպես Հայաստանի անվտանգության համակարգի մի անբաժանելի բաղադրիչ՝ ռազմական ուժերի ու դաշինքների հետ համատեղ: Սա ճիշտ է հատկապես Հայաստանի նման սահմանափակ միջոցներ ունեցող մի փոքր երկրի համար։ Դիվանագիտությունը չպետք է դիտարկվի որպես զուտ հանրային կապերի ծառայություն։ Արդյունավետ եւ խելամտորեն օգտագործելու դեպքում, դիվանագիտությունը նույնքան հավանական է, որ նվազեցնի կամ չեզոքացնի սպառնալիքներն ու վտանգները, որքան պատերազմներն ու բանակները, եթե ոչ ավելին։

Բ. Դիվանագետների ուսուցումը կարելի է բարելավել եւ դարձնել այնպիսին, որ այն արտացոլի Ա. կետում նրանց վերագրված դիրքը։

Գ. Դիվանագետներին պաշտոնների նշանակելու համակարգը պետք է լինի ավելի հետեւողական եւ ամբողջապես արժանիքների վրա հիմնված։

Դ. Դիվանագետների ուսուցումը պետք է ներառի այն երկրի կամ տարածաշրջանի պատմությանը, մշակույթին ու քաղաքականությանը ծանոթանալը, որում նրանք նշանակվել են:

Ե. Կառավարությունը պետք է ստեղծի դիվանագիտության ազգային դպրոց, որը պետք է կայանա այլ դպրոցների հետ համագործակցությամբ, սակայն որտեղ պետք է ուսուցանվեն պետական շահերը։

Զ. Դիվանագիտական դպրոցը պետք է օգտվի մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների արժեքավոր փորձից եւ կարողություններից՝ ի շահ թե՛ ներկա անձնակազմի, թե՛ դիվանագետների ապագա սերնդի։ Նույնը կարելի է ասել Սփյուռքից ու, առհասարակ, այլ երկրներից հրավիրված դիվանագետների եւ դասախոսների պարագայում։

Է. Կառավարությունը հատուկ ուշադրություն պետք է դարձնի Արտաքին գործերի նախարարության ուժեղացմանը՝ որպես մի հաստատության, եւ ի լրումն քաղաքականության իրականացման իր ավանդական դերի՝ ապահովի նրա ներգրավումը քաղաքականության մշակման եւ որոշումների կայացման մեջ, որպեսզի դիվանագիտությունն ու քաղաքական նկատառումներն ավելի ներդաշնակ լինեն։

Շարունակելի

«Սպիտակ թուղթ». 2020թ. Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները

Ռոբերտ ԱՅԴԱԲԻՐՅԱՆ (Փարիզ)
Ժիրայր ԼԻՊԱՐԻՏՅԱՆ (Բոստոն)
Թալին ՓԱՓԱԶՅԱՆ (Էքս ան Պրովանս)

«Առավոտ» օրաթերթ
24.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930