Լրահոս
Օրվա լրահոսը

Շահեն Շահինյան․ «Ովքեր պնդել են, որ սահմանազատումը պետք է իրականացվի 70-ականների քարտեզներով, չեն ներկայացրել դրանց հիմքերը»

Նոյեմբեր 24,2021 23:40

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում պատասխանելով լրագրողների եւ ՀԿ-ների՝ իրենց ուղղված հարցերին, անդրադարձավ սահմանազատմանն եւ սահմանագծմանն, ասելով․«Համացանցում ինչքան քարտեզ ի հայտ է գալիս եւ հնչում են պնդումներ, որ ա՛յ տեսեք Սովետական Հայաստանի սահմանից ներս է այս տարածքը, մենք այդ հայտարարության հեղինակներին սիրով եւ հարգանքով հրավիրում ենք եւ ասում ենք՝ խնդրում ենք իրավական հիմքերը ներկայացրեք: Մենք այսօր միլիմետրի ճշտությամբ գիտենք Սովետական Հայաստանի դե յուրե նշանակություն ունեցող սահմանները որտեղով են անցնում»:

Գեոդեզիստ–քարտեզագիր Շահեն Շահինյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, տարբեր մասնագետներ, երբ անդրադարձել է այդ թեմային, ոչ ոք չի հրապարակել դե յուրե քարտեզները, քանի որ մասնագիտական շրջանակներում հայտնի է, որ իրավական հիմք ունեցող քարտեզներն այն քարտեզներն են, որոնք հաստատված են այդ ժամանակվա լիազոր մարմինների կողմից եւ որոնց տակ կան Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի լիազոր անձանց ստորագրությունները։ «Համացանցում հրապարակված են բազմաթիվ թեմատիկ քարտեզներ, որոնք չունեն ճշգրտություն, այնպես ինչպես լինում է ռազմական քարտեզների դեպքում։ Իսկ համացանցում ես տեսել եմ բազմաթիվ քարտեզներ, օրինակ՝ ճանապարհային քարտեզներ, որոնք ցույց են տալիս, որ ճանապարհի հատվածն անցնում է ինչ-որ մի տեղանքով, կապ չունի Հայաստանի, թե Ադրբեջանի տարածքով, բայց դրանք չունեն այն ճշտությունը, որոնք կարող են ապահովել սահմանազատման իրականացումը։ Ես լսել եմ մասնագետներին, որոնք հիմնականում խոսում են այն քարտեզների մասին, որոնք ռազմական են, իրավական ուժ ունեն։ Իսկ այդ ռազմական քարտեզներն, գոնե ինձ հասանելի չեն եղել, կարծում եմ մասնագետներին էլ հասանելի չեն եղել։ Մենք միշտ խոսել ենք, որ հնարավոր է, որ սահմանազատման համար հիմք հանդիսանան 1920-ականների քարտեզները, սակայն 20-ականների քարտեզները ոչ միայն հասանելի չեն ռազմական տեսանկյունից, այլ նաեւ հասանելի չեն, քանի որ դրանց որոշակի մասը բացակայում է Հայաստանից, Հայաստանը չի ունեցել կամ չունի այս պահին։ Պետք է խոսել դրանց իրավական հիմքի մասին»,-ասաց պարոն Շահինյանը։

Նրա խոսքով՝ իրենք՝մասնագետներն առաջին օրվանից ասում են՝ այն հանձնաժողովը, որը զբաղվելու է սահմանների հարցով, պետք է կատարի խորը ուսումնասիրություն, պետք է սահմանվեն այն սկզբունքները, որոնց հիման վրա պետք է իրականացվի սահմանազատումը, պարտադիր պետք է նշվի, թե ի՞նչ հիմքերի վրա են դրվելու այդ սահմանազատման աշխատանքները՝Սովետակա՞ն քարտեզներ , մինչսովետակա՞ն, թե՞ դե ֆակտո գոյություն ունեցող իրավիճակի, թե՞ այլ սկզբունքների վրա․« Նախ սա պետք է ընտրվի, հետո, եթե կընտրվի Սովետական քարտեզներով սահմանազատման աշխատանքները, ապա պետք է ուսումնասիրվեն եւ գտնվեն այն քարտեզները, որոնք հիմք ունեն։ Մինչ օրս այն մարդիկ, ովքեր պնդել են, որ սահմանազատումը պետք է իրականացվի 70-ականների քարտեզներով, չեն ներկայացրել հիմքեր, թե ինչով կամ ինչպես է այդ պնդումը հիմնավորված։ Մենք, անկախ մասնագետներս, տեսակետ ենք արտահայտում, մենք բարձրաձայնում ենք այն հնարավորությունները, որոնք պետք է ուսումնասիրեն, քանի որ մենք ոչ մեկս չունենք գաղտնիությանը հասանելիություն, չունենք հնարավորություն օգտվելու գաղտնի նյութերից։ Կարեւոր հանգամանքը սա է, որ այն հանձնաժողովը, որը ձեւավորվելու է կառավարության մակարդակով եւ ունենալու է այդ իրավունքը, եւ եթե կառավարությունը պատրաստ է մեզ հրավիրելու, ընդգրկելու այդ հանձնաժողովում, մենք մեծ հաճույքով պատրաստ ենք։ Բայց այդ հրավերը չի եղել։ Բազմիցս պաշտոնական նամակներ եմ ուղարկել կառավարությանն ու տարբեր գերատեսչություններին, պատասխանները եղել են կամ լղոզված կամ ընդհանրապես պատասխան չի եղել, կամ էլ, ժողովրդի լեզվով ասած՝ ցրողական պատասխան է եղել։ Մեզ պետք է թույլտվություն, հասանելիություն ունենալ արխիվային նյութերին եւ գաղտնի նյութերին»։

Պարոն Շահինյանի խոսքով՝ սխալ ուղղությամբ ենք գնում, փոխանակ գտնենք այն փաստաթղթերը, որոնք մեզ թույլ կտան հողերը չտանք, փորձում ենք գտնել փաստաթղթեր, որոնցով պետք է տանք հողերը։

Փաշինյանը երեկվա ասուլիսում նաեւ ասել է․«Շատ է քննարկվում, որ Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածը չգիտեմ որ թվի քարտեզով ՀՀ տարածքում է: Որեւէ դե յուրե նշանակություն ունեցող քարտեզով, ոչ թե ամբողջ ճանապարհը, խոսքը ճանապարհի մի փոքր հատվածի մասին է, այդ հատվածը ՀՀ տարածքում չէ:

Այս առնչությամբ էլ պարոն Շահինյանն ասաց․«Երբ խոսում ենք քարտեզների մասին, մեր ուսումնասիրությունները բաց աղբյուրներում առկա քարտեզներն են, եւ կարող եմ նշել ,որոնց վրա մենք կարողանում ենք հիմնվել, դրանք 1973, 1977 թվակաների Խորհրդային քարտեզներն են, մեկը՝ հարյուր հազար մասշտաբի է, որոնք գաղտնազերծվել են ու համացանցում տարածվել են։ Մենք դա ենք հետազոտել, համաձայն այդ քարտեզների Սեւ լճի ընդամենը 7-20% է Ադրբեջանի մասը, իսկ Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ ճանապարհահատվածը, ցավոք, անցնում ադրբեջանական տարածքով։ Բայց երբ խոսում ենք ՊՆ գաղտնի քարտեզների մասին, այնտեղ ավելի ճշգրիտ քարտեզներ կան։ Այստեղ կրկին, կարեւորը քարտեզի իրավական հիմքն է՝ արդյոք այդ քարտեզներին եւ դրանց կից որեւէ փաստաթղթի վրա առկա՞ է Սովետական Հայաստանի ղեկավարի կնիքն ու ստորագրությունը, չգիտենք։ Սեւ լճի հետ կապված ամիսներ առաջ ԱԱԾ –ն մի տեսանյութ հրապարակեց, որտեղ ցույց էր տրվում, որ Սեւ լճի առնվազն 75%-ը Հայաստանին է պատկանում, այնտեղ կային կնքված քարտեզներ, սա միակ նյութն է, որ կարողացել եմ գտնել»։

Պարոն Շահինյանն ասաց, որ մենք ունենք տարբեր քարտեզներ, սկսած 20-ական թվականներից՝ 20, 22, 25 թվականներ, որոնք առաջինն են եղել, եւ տրամաբանական է, որ դրանք հաստատված են եղել, եւ հաստատումից հետո հաջորդող տարիներին այդ քարտեզները պետք է վերահաստատվեն իրենց փոփոխված տեսակներով․«Սրանից կարելի է ենթադրել, որ այդ քարտեզները, որոնց լուսապատճեներն են հրապարակվում, դրանք հիմք չեն, մինչեւ չլինի այն փաստաթուղթը, որը կֆիքսի ձեռք բերված համաձայնությունը եւ փաստաթղթերի կնքված, ստորագրված բնօրինակները»։

Ընդ որում, ռուսական ԳՇ-ում գտնվող քարտեզները, ինչպես ասել էր ՌԴ նախագահ Պուտինը, կրկին հայ մասնագիտական շրջանակներին հայտնի չեն, համենայնդեպս այդպես ասաց պարոն Շահինյանը։ Նա նշեց՝անգամ մասնագիտական շրջանակներին չեն տրվել մանրամասներ, թե ինչ քարտեզների մասին է խոսքը, ինչ սկզբունքների մասին է խոսքը եւ թե ինչ է առաջարկում ռուսական կողմը։

Պարոն Շահինյանը նաեւ ասաց, որ խորհրդային տարիներին Թբիլիսիում սկսեցին տպագրել Անդրկովկասյան երկրների քարտեզները, որոնք պահպանվում էին այդ այդտեղ, ժամանակի ընթացքում որոշ քարտեզներ տեղափոխվել են Հայաստան, եւ դրանք ուղղակի մի հատ թուղթ չէ, այլ բազմաթիվ թղթեր են՝ սահմանված չափի ու ձեւի, որոնք կարող են հասնել հազարի, նայած ինչ մասշտաբի քարտեզներ են․«Ես գիտեմ, որ հնարավոր է եղել 20-ական թվականների որոշ քարտեզներ տեղափոխել Հայաստան, բայց իմ տեղեկություններով, ժամանակին Հայաստանը դիմել է Մոսկվային եւ Թբիլիսիին, սակայն անհայտ պատճառներով դրանք չեն տրամադրվել կամ չեն տեղափոխվել Հայաստան։ Այսինքն, մենք մեծ աշխատանք ունենք անելու, մեր դիվանագիտությունը, քարտեզագիրները, տնտեսագետները, այդ հանձնաժողովը, որ ստեղծվի, բոլորը պետք է համախմբվեն այդ գործի շուրջ, մի կողմ դնեն անձնական եւ քաղաքական հայացքները եւ իրենց ուժերը լարեն ու ներդնեն ի շահ Հայաստանի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930