Այսօր Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի աշխատակիցները գործադուլ էին հայտարարել: Բանն այն է, որ առավոտյան եկել են աշխատանքի եւ տեղեկացել, որ իրենց տնօրեն Սյուզաննա Բալայանն ազատված է աշխատանքից:
Վերջիններս նշում են, որ իրենք տեղյակ չեն, թե ինչն է եղել մեկ գիշերվա մեջ տնօրենին աշխատանքից ազատելու պատճառը. «Մենք պատճառ չգիտենք, հենց դրա համար ենք դուրս եկել, որ իմանանք պատճառն ինչ է, որ մեր տնօրենին ազատել են աշխատանքից: Եթե տնօրեն չկա, կնիքը չի դրվելու, մենք ինչի՞ ենք աշխատում: Մարդիկ եկել են աշխատանքի վայրից լիցենզիայի, առանց կնիքի լիցենզիա են տալիս հիմնարկում»:
Լրագրողների հետ զրույցում թիվ 1 պոլիկլինիկայի փոխտնօրեն Լիանա Ղազարյանն ասաց, թե տնօրենի աշխատանքից ազատելը քաղաքական ենթատեքստ չունի. «Մենք թույլ չենք տալիս, որ քաղաքական գործընթացները մեր պոլիկլինիկական գործերին խառնվեն: Ամեն դեքում մենք պասիվ ենք նման գործերից»:
Կարդացեք նաև
Մինչդեռ լուրեր են շրջանառվում, որ Սյուզաննա Բալայանն աշխատանքից ազատվել է ֆեյսբուքում մարզպետ Արամ Խաչատրյանին, ով նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջիկա ընտրություններում առաջադրված է Վանաձորի քաղաքապետի պաշտոնում՝ վարկաբեկող գրառում հավանելու համար:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ