Նոյեմբերի 19-ին Գյումրիում բնակարանային գողություն է կատարվել․ թալանել են 81-ամյա թոշակառու մի կնոջ տունը։ Վերջինս ընդամենը մեկ ժամով՝ ժամը 16․00-ից 17․00-ի սահմաններում բացակայել է տնից, վերադառնալով՝ տեսել է տան դռան ապակին կոտրված, փողն ու իրերն էլ՝ գողացված։
Նրա դուստրն անմիջապես դիմել է ոստիկանության Մուշ բաժին, որի աշխատակիցները հանցագործության կատարումից ուղիղ երկու ժամ հետո բացահայտել են գողությունը։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական էջից, որտեղ տեղադրվել է նաև տեսանյութ։
Կարդացեք նաև
Ոստիկանները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարել 24-ամյա երիտասարդի, այնուհետ նրա 28-ամյա ընկերոջը։ Վերջինս թեև հրաժարվել է ցուցմունք տալ, սակայն գողոնը հայտնաբերվել ու առգրավվել է հենց նրա տնից։
Երիտասարդները, ըստ պաշտոնական հաղորդագրության, ձերբակալվել են, հարուցվել է քրգործ Շիրակի մարզի քննչական վարչությունում։
Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզում գողության դեպքերը նվազել են, այս մասին դեռ հոկտեմբերի 11-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը՝ ներկայացնելով իր պաշտոնավարման 9 ամիսների ընթացքում մարզում արձանագրված հանցագործության պատկերը։
«Էական նվազում ունենք գողությունների դեպքերով, արձանագրվել է 164 գողության դեպք, նվազել է 35 դեպքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար։ Դրանից 31-ը բնակարանային գողություններ են, այստեղ էլ նվազում ունենք 17 դեպքով։ Արձանագրվել է կողոպուտի 6 դեպք, այս հանցատեսակը նվազել է 5-ով», -ասել էր դատախազը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ