Հայաստանում բնակվող օտարերկրացի ընկերներիցս գրեթե բոլորը իրենց պատվաստումները ստացել են այստեղ՝ Երևանում՝ շրջիկ կետերում։ Ու երբ պատվաստումների վկայական պետք է վերցնեին, այստեղ սկսել են առաջանալ բուն խնդիրները։
Քանի որ ես երկրորդ պատվաստումս ստացել եմ շրջիկ կետում, քիչ, թե շատ ծանոթ եմ խնդիրներին։ Մասնավորապես, ազգանունս էին սխալ գրել, բայց մի քանի զանգ կատարելուց հետո Armed համակարգում արդեն հասանելի էր երկրորդ պատվաստումս։ Իսկ օտարերկրյա քաղաքացիներին Armed համակարգը հասանելի չէ։ Եվ նրանց անուններում էլ սխալ կատարելը շատ հեշտ է։
Եվ այսպես՝ ընկերներիցս մեկը, հոկտեմբերի կեսերին որոշեց ինքնուրույն զբաղվել այդ հարցով՝ չնայած, որ հայերեն ընդհանրապես չէր խոսում։ Առաջին անգամ պոլիկլինիկա գնալու ժամանակ անգլախոս աշխատակից է գտնում, և իրեն ասում են, որ իր անունը իրենց բազայում չկա։ Ասում են, որ իրենք չեն տալու վկայականը, հորդորում են գտնել և գնալ առաջին պատվաստումը կատարած պոլիկլինիկա։ Այդ ժամանակ ես զանգահարում եմ հնարավոր բոլոր մարմիններին, որոնք կպարզաբանեն, թե ո՞վ է տալիս վկայականը։ Արդեն չեմ հիշում, թե որ կառույցը ինձ հեռախոսահամար է տալիս, ասում է՝ զանգահարեմ և մանրամասները ներկայացնեմ։
Զանգահարում եմ, անկեղծ ասած, չգիտեմ՝ ում։ Մի կին է վերցնում, որը վրդովվում է, թե ո՞վ է ինձ տվել իր հեռախոսահամարը։ Հորդորում է ջնջել իր հեռախոսահամարը, մոռանալ իր գոյության մասին, մյուս կողմից էլ՝ խնդրում է ընկերուհուս անունը, և վստահեցնում է, որ հաջորդ անգամ, երբ ընկերուհիս գնա, իրեն վկայականը կտրամադրեն։ Ինչն էլ ընկերուհիս անում է, գնում է պոլիկլինիկա և նույն պատմությունը՝ անունը բազայում չկա, նրան հորդորում են գտնել առաջին պատվաստումը կատարած պոլիկլինիկան՝ միգուցե իրե՞նք են սխալ կատարել։
Կարդացեք նաև
Երբ Հայաստան եմ վերադառնում, ընկերուհիս խնդրում է պարզել, թե որ պոլիկլինիկայի բրիգադն է այդ օրը հերթապահել։ Մոտ մեկական ժամ զանգահարել եմ բոլոր հնարավոր թեժ գծերին, որոնք տիրապետում են տեղեկատվությանը։ Եվ բարեբախտաբար, Երևանի քաղաքապետարանը հետ է զանգում բաց թողնված զանգերին։ Պարզվում է, որ շրջիկ կետերում երկու բրիգադ է հերթապահում՝ մեկը՝ 12:00-16:00-ն, մյուսը՝ 16:00-20:00։ Եվ քանի որ առաջին պատվաստումը կատարվել էր մայիսին, ընկերուհիս չի հիշում, թե կոնկրետ ո՞ր ժամին է պատվաստվել։
Փորձում ենք ժամը պարզել ըստ լուսանկարների, սակայն, առաջին բժշկական կենտրոնում պարզում ենք, որ իրենք չեն կատարել պատվաստումը։ Բժիշկները ասացին, թե կհիշեին ընկերուհուս անձնագիրը և հայտնի ազգանունը։ Երկրորդ պոլիկլինկայում, բարեբախտաբար, գտնում ենք նրա տվյալները։ Եվ առաջին պատվաստման վկայականը ձեռքներիս գնում ենք մյուս պոլիկլինիկա՝ երկրորդ վկայականի հետևից։
Այստեղ օպերատորը նայում է ընկերուհուս տվյալները և չի գտնում։ Ուղարկում է բժիշկներից մեկի մոտ (իրեն տարբերելու համար եկեք անվանենք բարձրաստիճան բժիշկ), որը զարմանում է, թե ինչո՞ւ են իր մոտ ուղարկել։ Ի դեպ, այս պոլիկլինիկայում, բոլորը զարմանում են, թե ինչո՞ւ են իրենց մոտ ուղարկում և հավելյալ հարցերից հետո փորձում են լուծում տալ։ Մի խոսքով՝ այս բժիշկը ուղղորդում է համակարգչային սենյակ, այստեղ իհարկե՛, էլի չեն գտնում տվյալները, ուղարկում են հետ՝ նույն բարձրաստիճան բժշկի մոտ։ Նա սկզբում ասում է, թե մեզ ոչինչով չի կարող օգնել։ Հարցին, եթե ինքը չի կարող օգնել, ո՞ւմ դիմենք, ի՞նչ անենք, սկսում է ցուցակները նայել՝ գտնելու համար, թե ով է հերթապահել այդ օրը։ Բարեբախտաբար, գտնում է բժշկին, բայց բժիշկը մեկուսարանում է, միայն վաղը կարող ենք նրան տեսնել։
Այս բարձրաստիճան բժիշկը բարի է գտնվում մեր հանդեպ, ու երեկոյան զանգում է՝ հայտնելով, որ գտել են ընկերուհուս անկետան կարող ենք առավոտյան գնալ իր անկետան վերցնել։
Այս ընթացքում, մեկ այլ ընկեր է զանգահարում՝ ասելով, որ իր երկու վկայականներում նշված է, որ մեկ դոզա է ստացել։ Խնդրում է պարզել, թե որ բրիգադն է հերթապահել և օգնել լուծել խնդիրը։ Չգիտեմ՝ դժբախտաբար, թե բարեբախտաբար նույն պոլիկլինիկան է, որը ընկերուհուս տվյալները չէր մուտքագրել։
Առավոտյան ընկերուհուս հետ գնում ենք պոլիկլինիկա։ Գտնում ենք իրեն պատվաստած բժշկին, 40 րոպե հերթ կանգնում, վերցնում անկետան։ Բժիշկը ուղղորդում է նույն բարձրաստիճան բժշկի մոտ։ Գնում ենք բարձրաստիճան բժշկի մոտ, այնտեղ 15 րոպե հերթ կանգնում։ Նա կրկին զարմանում է, թե ինչո՞ւ են իր մոտ ուղարկել, ուղղորդում է համակարգչային գրասենյակ։ Այնտեղ էլ 10 րոպե հերթ կանգնելուց հետո, պարզվում է, որ իրենք ընդհանրապես այդ հարցով չեն զբաղվում. Պատվաստող բժիշկը պետք է դիմի։ Հետ ենք գնում պատվաստող բժշկի մոտ, նա զարմանում է, վրդովվում է, ուղարկում է բարձրաստիճան բժշկի մոտ։ Նա էլ իր հերթին է վրդովվում, ուղարկում է բժշկի մոտ։ Բժիշկը վերցնում է փաստաթղթերը, տանում վարիչի տեղակալի սենյակ։ Այստեղից ուղղորդում մեկ այլ մասնագետի մոտ, որն էլ իր հերթին է ապշում, թե ի՞նչ գործ ունենք մենք իր սենյակում։ Վերջապես փաստաթղթային խնդիրները ավարտվեցին, մնում էր հասկանալ, թե ե՞րբ կարող են ներառել ընկերուհուս տվյալները բազայում։ Մասնագետը մուննաթ եկավ՝ «ես ի՞նչ իմանամ։ 1 շաբաթ, 2 շաբաթ կարող ա տևի։ Գնացեք ձեր բժշկի մոտ»։ Գնացինք բժշկի մոտ՝ բժիշկն էլ իր հերթին վրդովվեց՝ «Բա ես ի՞նչ անեմ։ Հաջորդ շաբաթ գործուղման եմ գնալու։ Ես ձեզ ոչ մի բանով չեմ կարող օգնել։ Դուք ինձ եք զանգելու, ես մասնագետին, մասնագետն էլ ինձ, փչացած հեռախոս ենք խաղալու»։ Բայց ամեն դեպքում վերցրեց հեռախոսահամարս, և տվեց իր հեռախոսահամարը։
Մնաց մյուս ընկերս։ Գնացինք կրկին բարձրաստիճան բժշկի մոտ։ Նա մեզ վստահեցրեց, որ իրենք այդ օրը չեն հերթապահել, լսելով, որ պատկան մարմիններն են հայտնել, որ իրենք են ամեն դեպքում հերթապահել, նայեց ցուցակները, ասաց բժշկի անունը։ Ամեն դեպքում համակարգչային ցուցակում ստուգեցինք այս մի ընկերոջ տվյալները, գտանք, խնդրեցինք տպել վկայականը։ Օպերատորը խնդրեց համեմատել տվյալները, անճշտության դեպքում իրեն հայտնել։ Ու անվան հայերեն տարբերակում, երբ սխալ գտա, ասաց՝ հայերեն տարբերակին ուշադրություն չդարձնենք՝ գլխավորը անգլերեն տարբերակն է։ Հավատալով օպերատորին դուրս եկանք, բայց խնդիրը այդպես էլ չէր շտկվել։ Մի քանի զանգ հետո պարզվեց, որ հայերեն անունը լավ էլ կապ ունի։ Կրկին զանգ մեր հին ու բարի պոլիկլինիկա, այնտեղից նույն օպերատորը ասում է, որ չի կարող փոփոխություն կատարել, զանգեմ Armed։ Armed-ից ասում են, որ իրենք ընդհանրապես կապ չունեն դատաբազաների հետ, պոլիկլինիկան պետք է չեղարկի պատվաստումը, հետո դիմի ՀԿԱԿ, եթե չեմ սխալվում, թույլտվություն ստանա փոփոխություն կատարելու համար, և նոր անի։ Զանգահարում եմ օպերատորին, այս ամենը բացատրում, նա ասում է. «Հա, բայց որ պարսիկներին անում էինք, ասում էին հայերեն անունները կապ չունեն, սխալ-մխալներով ստանում էին, ոչ մի խնդիր։ Ձեր մոտ ո՞նց է խնդիր առաջացել։ Սպասեք, ես իրենց զանգեմ»։
Այդպես էլ սպասում ենք երկու զանգերին։
Չգիտեմ՝ այս իրավիճակը ինչքան կշարունակվի, ինչքան անիմաստ դռների առաջ պետք է սպասենք, ու ինչքան մեզ վրա մուննաթ կգան ու կասեն, թե իրենք դրանով չեն զբաղվում։ Բայց հայերեն չիմացող մարդու համար անհնար է այս պայմաններում հասկանալ, թե ով ինչով է զբաղվում և ստանալ իրենց վկայականը։ Չնայած՝ առողջապահության ոլորտում աշխատողներն էլ չեն պատկերացնում, թե համակարգը ինչպես է աշխատում և վերջ ի վերջո քաղաքացին ո՞ւմ պետք է դիմի վկայականը ստանալու համար։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ