«Բացի այն, որ Նիկոլ Փաշինյանը երեկ «լայվով» փորձեց թաքցնել վախերը մեզանից, նաեւ այսօր հանդիպել է Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերի ղեկավարների հետ ու խոսել սահմանազատում-սահմանագծումից, համոզել, որ դա շատ լավ բան է։ Ուզո՞ւմ եք, որ մեր երկրի տարածքները հայտնվեն թշնամու տիրապետության տակ։ Դա է Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի սահմանագծումը ենթադրում»,- «Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի՝ Հանրապետության հրապարակում այսօր տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման անդամ Նաիրի Հոխիկյանը։ «Մենք այստեղ ենք՝ կանխելու այդ հակահայ ծրագրերը։ Այդ անհասկանալի փաստաթուղթը պետք է հրապարակվի։ Նիկոլ Փաշինյանը պետք է ցույց տա, թե ինչ է քննարկում թշնամու հետ»,-նշեց Նաիրի Հոխիկյանը։
Ապա նա ցուցարարներին կոչ արեց տեղում «սելֆի» անել եւ հրապարակել «ֆեյսբուքում»՝ օգտագործելով #ԵսՄիացելԵմԱզատագրականՇարժմանը հեշթեգը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ից «Ազգային-ազատագրական շարժում» նախաձեռնող խումբը քաղաքացիներին համախմբման կոչ է անում։ Մասնակիցներն իշխանությունից պահանջում են կանխել սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, լիարժեք զինել առաջնագիծը եւ պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ