Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սաշիկ Սուլթանյանը հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում

Նոյեմբեր 24,2021 19:20

Այսօր՝ 2021 թ․ նոյեմբերի 24-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Կ․ Ֆարխոյանի նախագահությամբ, տեղի ունեցավ իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով դատական նիստը։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), որով Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին խոսելը որակվել է որպես ազգային թշնամանքի հարուցում։

Սաշիկ Սուլթանյանի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Սամսոն Գալստյանը, ներգրավվել է նաև փաստաբան Արա Ղազարյանը։

Այսօր տեղի ունեցած դատական նիստի ընթացքում պաշտպանները նախ միջնորդեցին վերացնել Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ կիրառված՝ «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը։ Չնայած պաշտպանների հիմնավորումներին՝ դատարանը մերժեց միջնորդությունը։ Բայց բավարարեց որոշակի ժամկետով՝ ՄԱԿ-ի՝ ազգային փոքրամասնությունների հարցով ֆորումին մասնակցելու նպատակով ՀՀ-ից բացակայելու թույլտվություն տալու միջնորդությունը։

Այնուհետև պաշտպանները միջնորդեցին կասեցնել քրեական գործի վարույթը և դիմել Սահմանադրական դատարան՝ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի սահմանադրականության հարցով։ Դատարանը նպատակահարմար համարեց հետաձգել միջնորդության քննությունը և այն քննել ապացույցները հետազոտելուց հետո։

Ապա դատարանն անցավ դատաքննության փուլ։ Մեղադրող դատախազ Ա․ Կարապետյանը ներկայացրեց մեղադրանքի եզրափակիչ մասը։ Սաշիկ Սուլթանյանը նշեց, որ իրեն հասկանալի չէ, թե ինչում է մեղադրվում․ մեղադրանքում իրեն վերագրվող հայտարարությունները ներկայացված են ոչ ճշգրիտ, պատշաճ թարգմանություն չի իրականացվել։ Նա ավելացրեց, որ իր արած արտահայտությունները չեն եղել հրապարակային, դա եղել է զրույց, և հրապարակումից անմիջապես հետո նա պահանջել է հեռացնել նյութը կայքէջից, ինչը արվել է։

Սաշիկ Սուլթանյանը հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում։

Դատարանն անցավ ապացույցների հետազոտմանը։ Նիստը հետաձգվեց և նշանակվեց 2022 թ․ հունվարի 26-ին՝ ժամը 15։30-ին։

Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը դատապարտել են ինչպես հայաստանյան իրավապաշտպան կառույցներն ու քաղհասարակության այլ ներկայացուցիչներ, այնպես էլ միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպություններ։ Իր մտահգությունն է հայտնել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։

Սաշիկ Սուլթանյանի գործի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՀ գլխավոր դատախազին էր դիմել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930