Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստացել եմ ոչ բովանդակային, բայց պատասխան ՌԴ նախագահի ադմինիստրացիայից եւ Ֆրանսիայի նախագահի ադմինիստրացիայից». Ստեփան Հասան-Ջալալյան

Նոյեմբեր 24,2021 18:13

Ադրբեջանաարցախյան հակամարտությունը 30 տարվա պատմություն չունի, այն 103 տարվա պատմություն ունի: Հակամարտությունը ծագել է, երբ 1918 թվականին հարավկովկասյան տարածաշրջանում աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվել է Ադրբեջանի դեմոկրատական անունով պետությունը: Այդ պետությունը ստեղծվել է օսմանյան Թուրքիայի ծրագրմամբ»,- այսօր քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը «Հայացք» ակումբում թարմացրեց ադրբեջանցիների հիշողությունը՝ իրենց ծագումնաբանության վերաբերյալ:

Նա Ժնեւում պահվող արխիվներից փաստաթղթեր է վերցրել, որոնք ապացուցում են, թե ինչպես ու ինչ հիմնավորմամբ են Ազգերի լիգայում մերժել Ադրբեջանի դիմումը՝ ճանաչելու Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության սահմանները:

Հասան-Ջալալյանն ասաց, որ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է երրորդ երկիրը՝ Ռուսաստանը շահագրգռված սահմանազատման, սահմանագծման աշխատանքներով. «Ես ՌԴ-ի դեմ նախատրամադրվածություն չունեմ, պարզապես ինձ հետաքրքիր է՝ ո՞րն է նրա շահը, որ նույնիսկ խորհուրդ է տալիս, թե մեզ մոտ կան խորհրդային քարտեզներ: Նախ, եթե Ադրբեջանի այսօրվա հանրապետությունը հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից, ի՞նչ իրավունքով կարող են խորհրդային քարտեզները դառնալ քննարկման առարկա: Ո՞րն է սրա իրավական հիմքը, չէ՞ որ Ադրբեջանը հայտարարել է, որ ինքը հանդիսանում է Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության իրավահաջորդը: Ինչո՞ւ այս մասին ՀՀ գործող վարչակազմը չի խոսում, սրանք էլ հո պատմական վաղ անցյալի տեղեկություններ չե՞ն: Եթե հետ գնանք, մյունխենյան համաժողովում, երբ հանդիպեց Իլհամ Ալիեւը Նիկոլ Փաշինյանի հետ, կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ եթե բանավեճ դա կարող ենք ասել, այնտեղ Փաշինյանը, փոխանակ խոսի հայկական դիվանագիտության ձեռքի տակ գտնվող հզոր փաստարկներից, խոսում է Տիգրան Մեծից: Սա արդարացիորեն առաջացրեց թե՛ Իլհամի, թե՛ պատվիրակության մյուս անդամների ծիծաղը թե՛ իր, թե՛ հայկական դիվանագիտության նկատմամբ»:

Ստեփան Հասան-Ջալալյանը բաց նամակ է պատրաստել՝ ուղղված ՌԴ նախագահին, ԱՄՆ նախագահին եւ Ֆրանսիայի նախագահին, այդ երկրների արտգործնախարարներին եւ Մինսկի խմբի համանախագահներին՝ հիմնավորելով Ադրբեջանի հետ կապված փաստերն ու փաստաթղթերը, ըստ որոնց Արցախը չէր կարող լինել Ադրբեջանի կազմի մեջ. «Ստացել եմ ոչ բովանդակային, բայց պատասխան ՌԴ նախագահի ադմինիստրացիայից եւ Ֆրանսիայի նախագահի ադմինիստրացիայից»:

Անդրադառնալով սպասվող բանակցություններին՝ նա ասաց, որ այս պարտված իշխանությունը չի կարող նստել բանակցությունների սեղան, փողոցից եկել են, դարձել իշխանություն, չունեն փորձ ու գիտելիքներ. «Եթե այս վիճակում որեւէ փաստաթուղթ ստորագրելու անխուսափելիության առջեւ է կանգնել, պետք է փորձել ձգել, չստորագրել որեւէ փաստաթուղթ, որը չի բխելու Հայաստանի պետական շահերից: Իսկ մենք, որպես քաղաքացիներ, պետք է ամեն ինչ անենք՝ օր առաջ ազատվելու այս իշխանությունից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Ստեփան Հասան-Ջալալյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930