Դիլիջանում արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած և վիրավորում ստացած երիտասարդների մի մասը արտագնա աշխատանքի նպատակով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Մեզ հետ զրույցում Դիլիջանի համայնքի ղեկավարի խորհրդական Նոնա Գրիգորյանը նշեց, որ Դիլիջանում կան արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով 43 վիրավորում ստացած անձինք, որոնցից 3-ը ունեն ծանր վիրավորում և չեն կարողանում քայլել, իսկ մեկ զինվոր ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ:
«Ծանր վիրավորում ստացած զինվորներից Մկրտչյան Ռաֆայելը ունի ողնաշարի բեկորային վնասվածք, որի հետևանքով չի կարողանում քայլել, Մուսաելյան Ռոման պատերազմի ժամանակ կորցրել է 2 ոտքն ու 1 ձեռքը, իսկ Գրիգորյան Ալբերտն ունի ոտքի խորը վիրավորում: Տղաները պարբերաբար հաճախում են «Զինվորի տուն վերականգնողական կենտրոն» և ստանում են վերականգնողական բուժման կուրս»:
Գրիգորյանի փոխանցմամբ՝ մեկ զինվոր էլ ունի հոգեկան խանգարում և առողջարանում ստանում էր վերականգնողական բուժման կուրսեր․
Կարդացեք նաև
«Մենք անընդհատ կապի մեջ ենք մեր վիրավորում ստացած զինվորների հետ, սակայն կոնկրետ հոգեկան խանգարում ստացած զինվորի հետ անձամբ չենք կարողանում խոսել, քանի որ նա ի վիճակի չէ անձամբ հեռախոսով հաղորդակցվելու և մեր բոլոր զանգերին միշտ պատասխանել է նրա հայրը»:
Գրիգորյանը նաև նշեց, որ թեթև վիրավորում ստացած զինվորների հիմնական մասը Դիլիջանում չէ՝ նրանց մի մասը կրթություն ստանալու նպատակով գտնվում է Երևանում, իսկ մի մասն էլ մեկնել է ՌԴ՝ արտագնա աշխատանքի նպատակով:
Խորհրդականի փոխանցմամբ՝ արտագնա աշխատանքի մեկնած երիտասարդները հիմնականում 25-27 տարեկան են և առաջին անգամ Ռուսաստան են մեկնել աշխատելու արցախյան 44-օրյա պատերազմից հետո:
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ