Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթևի բնակիչների մի մասը գոհ է, մյուս մասը դժգոհում է այլընտրանքային ճանապարհից

Նոյեմբեր 24,2021 17:50

Սյունիքի մարզի Տաթև համայնքում բնակիչները Գորիս-Կապան մայրուղին շրջանցող այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ հակասական կարծիքներ ունեն։

Տաթևի բնակիչ Դոնարա Բադալյանը շատ գոհ է նոր ճանապարհից. «Առաջ, եթե մեզ պետք էր տաքսի Գորիս կամ Կապան հիվանդանոց գնալու համար կամ եթե շտապ օգնություն կանչեիր, չէին ուզում գալ այս ճանապարհների համար։ Կապան գնալու համար երկու ժամ ճանապարհին էինք անցկացնում, իսկ հիմա՝ 40 րոպեում այնտեղ են հասնում, ընտիր ճանապարհներ են։ Իհարկե՛, լավ է, գոհ ենք ճանապարհներից, ո՞վ գոհ չլինի այսպիսի բանից։ Կարևորը՝ մեր վարորդներն են գոհ, իրենց մեքենաները շուտ-շուտ էին ջարդվում։ Իսկ հիմա դարձել է Երևանի Լամբադա կամուրջը»։

Դոնարա Բադալյան

Նա հիշում է, որ իր հյուրատան հյուրերը շատ անգամ ամրագրել են սենյակներ, սակայն մեքենան չի կարողացել անցնել ճանապարհը։ Այդպես չեղարկել են իրենց ամրագրումները. «Իսկ հիմա այդպիսի բաներ չեն լինում։ Գալիս են, մի բան էլ իրենք են զարմանում։ Շատ լավ է, որ մեր հյուրերն էլ են գոհ ճանապարհներից»։

Հազարավարդ Գրիգորյան

Հազարավարդ Գրիգորյանն էլ կարծում է, որ շատ լավ է, որ մեքենաները կարողանում են այդ ճանապարհով անցնել. «Բայց որ պարսկական մեքենաները գալիս են՝ խցանումներ են ստեղծում։ Այս ոլորանները իրենց համար շատ դժվար է։ Բայց Լծեն-Սիսիան ճանապարհը շուտափույթ կվերջացնեն։ Դա է ամենաճիշտ ճանապարհն է»։

Ռուզան Ալեքսանյան

Իսկ Տաթևի մեկ այլ բնակիչ Ռուզան Ալեքսանյանը ասում է, որ ճանապարհները շատ վտանգավոր են դարձել. «Վթարներն են շատացել։ Մենք ականատես ենք։ Տեսնում ենք, մենք էլ ենք վախենում։ Լավ բան չենք տեսնում, շատ վտանգավոր ճանապարհ է դարձել։ Իսկ մնացածը չենք իմանում, թե ինչպես կլինի։ Բայց ձմեռը, որ եկավ, ընդհանրապես ահավոր է լինելու։ Եթե կարողանան Սիսիանից Քաջարան ճանապարհը սարքեն, մի քիչ իրավիճակը կշտկվի։ Բայց սրանից լավ հոտ չի գալիս։ Մեծ մեքենաների համար է շատ վտանգավոր։ Աստված հեռու պահի, բայց վթարներ են լինելու, չենք կարողանալու գնալ-գալ»։

Տիկին Ռուզանը հիշում է, որ կամավորների մեքենա է այստեղ վթարի ենթարկվել, բայց բարեբախտաբար, ուղևորներին ոչինչ չի պատահել։ Նա կարծում է, որ Տաթևի բնակիչների համար էլ է դժվար լինելու. «Եթե ինչ-որ դժբախտություն պատահի, չենք կարողանա գնալ-գալ, նամանավանդ ձմռանը։ Հիմա ոչինչ, բայց ձմռանը … Մի խոսքով՝ այստեղ լավ բան չկա»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930