Այսօր Դուբայում կկայանա շախմատի աշխարհի թագի համար մրցամարտի բացման հանդիսավոր արարողությունը: Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող հավակնորդ Յան Նեպոմնյաշչին ձեռնոց է նետել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին:
Բացման արարողությունից հետո մրցակիցներին մեկ օր նախապատրաստվելու հնարավորություն կընձեռվի, իսկ նոյեմբերի 26-ին առաջին անգամ գործի կդրվեն ժամացույցները:
Մագնուս Կարլսենը հինգերորդ անգամ է հանդես գալիս աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտում: 2013 թվականին հավակնորդ Կարլսենը աշխարհի թագը նվաճեց՝ հաղթելով չեմպիոն Վիշվանաթան Անանդին, մեկ տարի հետո նա տիտղոսը պահպանեց կրկին Անանդի հետ մրցամարտում: 2016-ին նորվեգացին պարտության մատնեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, իսկ 2018-ին՝ ամերիկացի Ֆաբիանո Կարուանային:
Յան Նեպոմնյաշչին աշխարհի թագին հավակնում է առաջին անգամ:
Կարդացեք նաև
Մրցամարտի մրցանակային ֆոնդը 2 մլն. եվրո է, որի 60 %-ը բաժին կհասնի հաղթողին, 40 %-ը՝ մրցակցին: Սակայն եթե հաղթանակը ձեռք բերվի թայ-բրեքով, գումարը կբաշխվի 55 %-45 % համամասնությամբ:
Գրոսմայստերները խաղալու են 14 հիմնական պարտիա: Եթե այդ ընթացքում հաղթողը չորոշվի, կնշանակվի լրացուցիչ երկու պարտիա՝ 5 րոպե+3 վրկ. ժամանակացույցով: Եթե այդ դեպքում էլ գրանցվի հավասար արդյունք, կխաղացվի 2-ական պարտիայիով չորս բլից եւ վերջում, եթե դրա անհրաժեշտությունը լինի՝ «արմագեդոն», որի ժամանակ խաղաքարի գույնի ընտրությունը կկատարվի վիճակահանությամբ:
Մինչեւ 40-րդ քայլը ներառյալ, ոչ-ոքի առաջարկելն արգելվում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ