ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսից տպավորություն է ստացել, որ դրա կազմակերպիչը եղել է Ազգային անվտանգության ծառայությունը՝ ԱԱԾ-ն:
«Որովհետեւ, իրենք արդեն հիմիկվանից զգում են՝ ինչ ծանրաբեռնված աշխատանք է իրենց սպասվում եւ ինչ-որ մի հնարք են գործադրել, որ ինքն էլ չհասկանա եւ հիմիկվանից խոսեցնում են: Երբեմն լինում է, որ մեղադրյալը այդ կարգավիճակում այլ վարքագիծ է դրսեւորում, քանի որ գիտի՝ մեղադրյալ է: Այսինքն՝ ԱԱԾ-ն իր գործն է հեշտացնում, նյութ է ստեղծում, լրագրողների, ՀԿ-ների միջոցով այդ հարցերը տալիս են, նա դրանց պատասխանում է ու կցում են գործի նյութերին: Այսինքն՝ այդ ամբողջ տեսագրությունը կարելի է համարել գործի նյութ»,-այսօր «Հայելի» ակումբում կազմակերպված ասուլիսում իր տպավորություններն այսպես բացատրեց պարոն Ղազարյանը:
Նա հիշեցրեց Փաշինյանի խոստովանությունն այն մասին, որ ստեղծվել է ուղիղ կապ Ադրբեջանի եւ ՀՀ-ի պաշտպանության նախարարների միջեւ. «Ընդ որում այդ կապը ստեղծվել է Սուրեն Պապիկյանին նախարար նշանակելուց հետո, այսինքն՝ նախարարը լրիվ իր վերահսկողության տակ գտնվող անձ է, այլ ոչ թե զինվորական ինչ-որ մեկը: Պետական դավաճանության մասին դասական սահմանումը, որը նաեւ վիքիպեդիայում է դրված, ասում է՝ թշնամու հետ ուղիղ կապի հաստատումը դա հայրենիքի դավաճանություն է: Ստացվում է, որ մեր երկրի պաշտպանության նախարարը, որը կոնսոլիդացված, ամբողջ պետական եւ ռազմական գաղտնիքի կրողն է, նա չհրապարակված, ուղիղ կապ ունի թշնամական երկրի գերատեսչության ղեկավարի հետ»:
Էդգար Ղազարյանի խոսքով՝ Փաշինյանի խոստովանությունը, որ ականապատ տարածքների քարտեզներն ինքն է հանձնել թշնամուն, նույնպես ինքնախոստովանություն է եւ ԱԱԾ-ի համար լավ նյութ է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ