Լրահոս
Օրվա լրահոսը

Սիսիանի բնակչուհի. Ես լավ կրակում եմ, ես կարող եմ գնալ կռիվ

Նոյեմբեր 24,2021 17:00

52-ամյա Մարգարիտա Ղարիբյանը բնակվում է Սյունիքի Սիսիան համայնքում, այստեղ էլ ռեստորաններից մեկում աշխատում է որպես խոհարար։

«Աշխատանքի էի, հաց էի պատրաստում, ընդմիջման ժամ էր՝ 1:30 էր, հաց ուտելուց կրակոցի ձայն լսեցինք։ Դուրս եկանք դուրս, կրակոցների ձայնը արդեն ավելի ուժեղ էր։ Այդպես հասկացանք, թե ինչ է կատարվում։ Ճիշտն ասած, վախեցանք։ Անցած տարվա պատերազմից վախեցած ենք, որովհետև այդ պատերազմի ժամանակ մենք ղարաբաղցիներին մեզ մոտ էինք պահում, շատ լարված էինք։ Իրենք վախենում էին, մենք իրենց հետ։ Երեխաներ էին, մեծեր էին՝ վախը սրտներում, թե ինչ եղավ, ոնց եղավ, մարդիկ էին զոհվում, վիրավորվում։ Այն ժամանակից դեռ վախենում էինք»,- նոյեմբերի 16-ի իրադարձությունները այսպես է հիշում տիկին Մարգարիտան։

Արցախյան երկրորդ պատերազմին իր երկու փեսաներն էլ մասնակցել են, որոնցից մեկը վիրավորվել է և մինչև այժմ էլ բուժվում է։ Իսկ մյուսը, իր խոսքերով, մահից է պրծել. «Այդ ժամանակ էսպես վախը սրտումս մենք պահել ենք ղարաբաղցիներին, կերակրել ենք։ Բայց վախեցած՝ ի՞նչ կլինի, ո՞նց կլինի։ Վախը չի խանգարել, ամեն ինչ արել ենք։ Հիմա էլ ղարաբաղցիները զանգում են՝ մեր աշխատակիցներին, ոգեշնչում են, ասում են՝ այդտեղ վտանգավոր է, եկեք մեզ մոտ»։

Չնայած վախերին՝ Սիսիանը լքելու մտքեր երբեք չեն առաջացել. «Ոչ մի տեղ էլ չեմ գնա։ Մեր Սիսիանից լավ տեղ չկա ինձ համար, ուրիշների համար՝ չգիտեմ, ինձ համար չկա։ Իսկ որ հարձակվեն, այն ժամանակ՝ ոնց մնացածը, այնպես էլ ես։ Օրինակ՝ ես կարող եմ մնալ կռվել։ Ես լավ կրակում եմ, ես կարող եմ գնալ կռիվ։ Ես կրակելուց չեմ վախենում»։

Տիկին Մարգարիտան ասում են՝ ամեն գնով պետք է հաղթահարեն ստեղծված իրավիճակը. «Եթե կռիվ չլինի, Սիսիանը խաղաղ, հանգիստ տեղ է։ Ժողովուրդը խաղաղ իրենց համար աշխատում ապրում են։ Վատ չէ։ Մնում է սպասենք, տեսնենք ի՞նչ է լինելու։ Հուսով ենք՝ որ լավ կլինի»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930