Լրահոս
Օրվա լրահոսը

«Բադեն-Բադենը դարձրել են ծամոն․ այդ քաղաքում միայն կազինոնե՞ր են»․ Սերժ Սարգսյանի պաշտպան

Նոյեմբեր 24,2021 16:24

«Ես էլ եմ լսել, որ հակակոռուպցիոն կոմիտեում նման գործ կա։ Այդ կոմիտեում ամեն ինչի մասին կարող է գործ քննվել, եթե դրա համար քաղաքական մակարդակում կան ցանկություններ»,-վարչական դատարանում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայցի քննության ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով տեղեկություններին, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործ է քննվում՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ դեպի Բադեն-Բադեն կատարած չվերթների առնչությամբ` ասաց երրորդ նախագահի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ամրամ Մակինյանը։ «Նա չի հարցաքննվել, որեւէ բան չեմ կարող ասել»,-հավելեց նա։

Հիշեցնենք նաեւ՝ Խաչատուր Սուքիասյանի՝ «Բոլորդ լավ գիտեք 3-րդ նախագահը հարյուր միլիոն դոլարից ավելի կազինոներում կրվել է, նույն Բադեն-Բադենում․․․» արտահայտությունը Սերժ Սարգսյանը համարում է զրպարտություն, պահանջում վճարել մեկ միլիոն դրամի փոխհատուցում եւ հերքում տարածել ԱԺ ամբիոնից, ինչպես նաեւ՝ ԱԺ կայքում։ Դատարանում այսօր պատգամավորի ներկայացուցիչը հայտարարեց՝ «Սերժ Սարգսյանի՝ խաղատներում մեծ գումարներ տանուլ տալու տվյալները հանրային քննարկման առարկա են դեռեւս 2008թ․-ից»։

Այս առնչությամբ էլ Սերժ Սարգսյանի պաշտպանը նշեց, որ ապացույցներ չեն կարող լինել, որովհետեւ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում․ «Նախագահը չի հերքել երբեւէ, որ գնացել է Բադեն-Բադեն։ Ի՞նչ է նշանակում Բադեն-Բադեն՝ արդեն ծամոն են դարձրել․․․Այդ քաղաքում միայն կազինոնե՞ր են»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930