Լրահոս
Օրվա լրահոսը

Փայտով և քարով բազմաթիվ հարվածներ էր հասցրել համագյուղացուն, դիմել փախուստի. Բերդ համայնքի 65-ամյա բնակչի սպանության մեղադրանքով կալանավորվել է նույն համայնքի բնակիչը

Նոյեմբեր 24,2021 17:20

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում քննվող համապատասխան քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են Բերդ համայնքի 65-ամյա բնակչի սպանության դեպքի հանգամանքները, շարժառիթը, հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն համայնքի 39-ամյա բնակիչ է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքացու կողմից տրված հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում տղամարդու դիակը հայտնաբերվել էր Վազաշեն գյուղին հարակից անտառամիջյան հատվածում՝ մարմնական բազմաթիվ վնասվածքներով։

Նախաքննության ընթացքում քննչական խմբի կողմից իրականացված քննչական մեծածավալ գործողությունների, հետաքննության մարմնին տրված հանձնարարության հիման վրա  ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է 39-ամյա համագյուղացու  հետ անձնական և գումարային հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառով ունեցած վիճաբանության ժամանակ, որի ընթացքում վերջինս փայտով և քարով բազմաթիվ հարվածներ է հասցրել համագյուղացու մարմնի տարբեր մասերին և տեսնելով, որ նա անշարժացել է՝ դիմել է փախուստի։

Համագյուղացուն սպանելու կասկածանքով հիշյալ 39-ամյա տղամարդը ձերբակալվել է, դեպքի հանգամանքների շուրջ տվել ինքնախոստովանական ցուցմունք, նրա մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, որի ընթացքում մանրամասն նկարագրել է դեպքը։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում  39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր, այդ թվում՝ ցուցմունքներում մատնանշված հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930