Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը դեկտեմբերին սպասվող «Ժողովրդավարության գագաթնաժողովն» անվանել է ԱՄՆ-ի կողմից նոր բաժանարար գծեր քաշելու փորձ և ընդգծել, որ Ռուսաստանը չի պատրաստվում մասնակցել դրան:
«Մենք, անկասկած, բացասաբար ենք վերաբերվում սպասվող միջոցառմանը: Դա ոչ այլ ինչ է, քան նոր բաժանարար գծեր քաշելու փորձ: Մենք 1990-ականներին կռվել-կռվել ենք, որպեսզի բաժանարար գծերը կրճատվեն և վերանան, բայց հիմա Միացյալ Նահանգները նախընտրում են նոր բաժանարար գծեր ստեղծել և երկրները բաժանել ըստ լավերի, իրենց պատկերացումներով, և վատերի, կրկին՝ իրենց պատկերացումներով»,- ասել է Պեսկովը լրագրողներին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ այդպիսի դիրքորոշումը կտրված է իրականությունից: «Դա ոչ մի կերպ չի կորելացվում աշխարհում ընդհանուր տրամաբանությունների հետ: Գնալով ավելի շատ երկրներ նախընտրում են ինքնուրույն որոշել՝ ինչպես ապրեն՝ չնայելով ոչ մեկի, բայց այնուամենայնիվ, այդպիսի փորձեր Միացյալ Նահանգներում ձեռնարկվում են»,- ասել է Պեսկովը:
Ըստ Պեսկովի՝ Վաշինգտոնը փորձում է այլ երկրների վրա փաթաթել ժողովրդավարության իր պատկերացումները և իրենով անել այդ եզրը: «Նրանք փորձում են իրենցով անել «ժողովրդավարություն» բառը: Այսինքն [նրանց պատկերացմամբ] ժողովրդավարությունը միայն այն է, ինչը համապատասխանում է Վաշինգտոնի պատկերացումներին: Ակնհայտ է, որ այդպես չի կարող լինել և չպետք է լինել: Այդպիսի բան, իրականում, չկա էլ»,- եզրափակել է նա:
Կարդացեք նաև
«Գագաթնաժողով հանուն ժողովրդավարություն» գագաթնաժողովը նախատեսվում է դեկտեմբերի 9-10-ը: Դրան մասնակցելու է 110 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ