Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ պիտի Սաշիկ Սուլթանյանը դիմի փախուստի, եթե մի քանի օրից պատրաստվում է ունենալ իր առաջին զավակին, ինչո՞ւ պիտի հայտնի իրավապաշտպանը գիծ քաշի այս ամենի վրա». Արա Ղազարյան

Նոյեմբեր 24,2021 16:03

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նոյեմբերի 24-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում դատարանը մերժեց իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի պաշտպան Սամսոն Կարապետյանի՝ նրա խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին վերացնելու միջնորդությունը՝ գտնելով, որ իրավապաշտպանը կարող է խոչընդոտել գործի քննությանը:

Հիշեցնենք՝ Սաշիկ Սուլթանյանին մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ-ի քննիչի կողմից, որը Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին խոսելը որակել է որպես ազգային թշնամանքի հարուցում։ Քրեական գործի հիմքում 2020 թվականի հունիսին Սաշիկ Սուլթանյանի զրույցն է yezidinews.com լրատվամիջոցի հետ։ Զրույցի ընթացքում նա բարձրաձայնում է Հայաստանում ապրող եզդիների խնդիրների մասին և մտահոգություն հայտնում, որ չնայած ներդրված ջանքերին՝ այնուամենայնիվ ազգությամբ եզդի ՀՀ քաղաքացիների իրավունքների երաշխավորման հետ կապված որոշ խնդիրներ դեռևս լուծված չեն։ Եզդիերենով այս զրույցը ոչ ճշգրիտ թարգմանության ու բովանդակության խեղաթյուրման արդյունքում դարձել է շահարկումների առիթ, ավելին՝ հարուցվել է քրեական գործ։ Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքները պաշտպանելու, նրանց խնդիրները բարձրաձայնելու համար Սաշիկ Սուլթանյանը բազմիցս թիրախավորվել է։ 

Սամսոն Կարապետյանը դատարանի դահլիճում հայտարարեց՝ Սաշիկ Սուլթանյանի մեղադրանքն անհիմն է, ինչպես նաև իրավաչափ չէ նրա նկատմամբ խափանման միջոց կալանքի կիրառումը. «Անձի ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը չի կարող լինել կամայական: Սաշիկ Սուլթանյանի դեպքում առկա չի եղել որևէ իրավական և փաստական հիմք խափանման միջոց ընտրելու համար: Նա հանդիսանում է ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների համայնքի՝ եզդիական համայնքի ներկայացուցիչ և շահերի պաշտպանությամբ զբաղվում: Իրավապաշտպանն իր գործունեության ամբողջ ընթացքում զբաղվելով իրավապաշտպանությամբ նպաստել է հայ ու եզդի ազգերի միջև եղբայրական հարաբերություններին: Նա ոչ միայն չի խոչընդոտել նախաքննությանը, այլև ընդհանրապես իր ցուցմունքներով մշտապես օժանդակել է վարույթն իրականացնող մարմնին, պատրաստակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին»:

Փաստաբանը մտահոգություն հայտնեց, որ խափանման միջոցի պատճառով Սաշիկ Սուլթանյանը չի կարողացել մասնակցել արտասահմանյան հրավերների. օրինակ՝ ՄԱԿ-ի սոցիալական ֆորումին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 30-ամյակին նվիրված միջոցառմանը և այլն:

Սաշիկ Սուլթանյանի պաշտպան Արա Ղազարյանն էլ կարծիք հայտնեց՝ գուցե մայիսին վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ կար անհրաժեշտություն Սաշիկ Սուլթանյանի վարքագիծը սահմանափակելու ու շարունակեց. «Դա նախաքննություն էր, որի ժամանակ հետազոտում էին ապացույցներ, գուցե կար ռիսկ, որ նա կարող էր խոչընդոտել: Բայց եկեք այս պահի դրությամբ նորից քննենք՝ որքանո՞վ է անհրաժեշտ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը մի մարդու նկատմամբ, ում գործը դատարանում է, ապացույցները՝ ևս, բոլոր վկաներին տեսնում ենք, գաղտնի վկաներ չեն նրանք: Նա այն անձը չէ, որ ճնշումներ գործադրի վկաների նկատմամբ. նա իրավապաշտպան է: Բացի այդ՝ ինչո՞ւ պիտի մի մարդ դիմի փախուստի, եթե մի քանի օրից պատրաստվում է ունենալ իր առաջին զավակին: Չեմ կարծում՝ մի մարդ, որը իրավապաշտպան է և ինքն արդեն քաջ հայտնի է միջազգային իրավական կառույցներին, անգամ այս գործով ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն է հետաքրքրված, ըստ մեր տեղեկությունների՝ քննություն է սկսվել այդ հարթակում հենց այս գործի վերաբերյալ, լինելով հայտնի իրավապաշտպան՝ Սաշիկ Սուլթանյանն այս ամբողջի վրա գիծ կքաշի ու փախուստի կիմի: Նա այս ամենը չի դնի ռիսկի տակ ու փախչի»:

Արա Ղազարյանը ևս մեկ միջնորդություն ներկայացրեց: Սաշիկ Սուլթանյանի պաշտպանը դատարանին միջնորդեց կասեցնել այս գործի քննությունը և դիմել ՍԴ գործի սահմանադրականության վերաբերյալ, մասնավորապես պարզել քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի, որով մեղադրանք է առաջադրվել Սաշիկ Սուլթանյանին, համապատասխանությունը Սահմանադրությանը:

Դատարանը միջնորդությունը ոչ մերժեց, ոչ ընդունեց: Նախագահող դատավորը նպատակահարմար համարեց, որ այդ միջնորդության քննությունն այս պահին պետք է հետաձգել, և ապացույցների հետազոտման կարգը սահմանելուց հետո անմիջապես անդրադառնալ միջնորդության քննությանը:

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 26-ին՝ ժամը 15.30-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930