Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Սյունիքը կորցնենք, արդեն տապանաքար պիտի դնենք Հայաստանի ու Արցախի վրա». Վահան Բադասյանը հորդորում է զինել սյունեցիներին

Նոյեմբեր 24,2021 15:50

Այսօր ռազմական եւ քաղաքական գործիչ, արցախյան բոլոր պատերազմների մասնակից Վահան Բադասյանը «Հայացք» ակումբում կոչով հանդես եկավ՝ զգուշացնելով մոտալուտ պատերազմի մասին. «Ադրբեջանը իրականացնում է Սյունիքը Հայաստանից կտրելու գործողությունը: Պահանջում է իրենց համար բացել հենց Սյունիքի հյուսիսով անցնող Շուշիից Նախիջեւան ճանապարհը: Հիմա նոր զիջման Երեւանի մերժումը ներկայացնում է որպես նոյեմբերի 9-ի հայտարարության խախտում՝ դրանով հիմնավորելով հարցը ուժով լուծելու իր «իրավունքը»: Բավարար հիմքեր կան ենթադրելու, որ հարձակումը պլանավորած է դեկտեմբերի առաջին կեսին»:

Ըստ Բադասյանի, դեկտեմբերի 15-ին սպասվող Փաշինյան-Ալիեւ բրյուսելյան հանդիպումը կարող է եւ չկայանալ. «Նախատեսում են հանդիպում, բայց թե՛ Նախիջևանի, թե՛ Արցախի կողմից իրենք նախապատրաստվում են հարձակման, ամեն ինչ անում են՝ հարձակման համար: Չեմ վախեցնում, այլ զգուշացնում եմ, որ պատկան մարմինները հաշվի նստեն, արժանապատիվ ընդունեն պատերազմը եւ պաշտպանվենք՝ եղած սպառազինության, զենքի սահմաններում: Մենք ի վիճակի ենք դա անել»:

Ըստ Բադասյանի, հակառակորդի կարծիքով, հայկական բանակը բարոյալքված է եւ պատրաստ չէ ձմեռային գործողությունների, իսկ իրենք Թուրքիայի հետ համատեղ հատուկ ձմեռային վարժանքներ են իրականացրել. «Ստեղծված իրավիճակում ամենայն պատասխանատվությամբ եւ առանց որեւէ խուճապի կոչ ենք անում պատկան մարմիններին՝

1. հայտարարել ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք, այդ թվում՝ շինարարական տեխնիկայի եւ ամենագնաց տրանսպորտային միջոցների,

2. մարտական հենակետեր հիմնել եւ կահավորել թշնամու հարձակման հավանական ուղղություններում դրանց ողջ խորությամբ՝ ինչպես Արցախի, այնպես էլ Նախիջեւանի կողմից,

3. ինքնապաշտպանական զենքեր տրամադրել Սյունիքի եւ Վայոց ձորի բնակիչներին, բնակարաններում նախապատրաստել ապաստարաններ,

4. նոր մեծ սպառնալիքի պայմաններում ազգային համերաշխության կոչ ենք ուղղում բոլոր քաղաքական ուժերին եւ հանրային կառույցներին:

Բադասյանն ընդգծեց. «Որքան էլ սուր լինեն հակասությունները եւ փոխադարձ մեղադրանքները, այսօր պետք է դրսեւորել համազգային կամք՝ Սյունիքը, որը նաեւ Արցախի թիկունքն է եւ ողջ Հայաստանը պաշտպանելու համար»:

Բադասյանը զգուշացրեց, որ հայրենիքը կորցնելու վտանգի առաջ ենք ու միայն կուռ միասնությամբ կարող ենք պաշտպանել մեր հայրենիքը. «Միասնությամբ հետ կմղենք թշնամու ցանկացած ոտնձգություն: Իրոք, վտանգը շատ մեծ է, մի շանս ունեք երկիրը փրկելու, դա մոտալուտ ժամանակներում մեր համախմբումն է: Բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ պատերազմ է լինելու: Պետք է գանք միասնության…Արցախը կորցրել ենք, արդեն ես եւ իմ ընկերները մտածում ենք Հայաստանը փրկելու մասին: Եթե Սյունիքը կորցնենք, արդեն տապանաքար պիտի դնենք Հայաստանի ու Արցախի վրա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930