«Սա լավ հնարավորություն է եվրոպական գիտական հանրույթի մաս կազմելու, եվրոպական գիտական կառույցներից օգտվելու առումով: Համաձայնագիրը կարեւորում ենք, որովհետեւ համատեղ դրամաշնորհային ծրագրեր իրականացնելու հնարավորություն է ստեղծվում»,- Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում կայացած ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի և EURAXESS-Հայաստան պորտալի շնորհանդեսին ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
«Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի ասոցացման համաձայնագիրը ստորագրվել է նոյեմբերի 12-ին: Ծրագրի շրջանակներում Հայաստանի կազմակերպությունները հնարավորություն կստանան մասնակցելու «Հորիզոն Եվրոպա» ծրագրի մրցույթներին, ինչպես նաև հանդես գալու որպես նախագծերի համակարգող:
«Հորիզոն Եվրոպա» ծրագիրը նախատեսված է 2021-2027թթ-ի համար, եւ շուրջ 95 միլիարդ եվրո ընդհանուր բյուջե ունեցող ծրագիրը համաշխարհային մակարդակով ամենածավալուն գիտահետազոտական ծրագիրն է, որը համաեվրոպական համագործակցային գիտահետազոտական նախագծերի ֆինանսավորման հիմնական գործիքն է:
Դեռեւս 2019թ-ին ՀՀ Գիտությունների ակադեմիան միացել է EURAXESS համաեվրոպական նախաձեռնությանը, որի շրջանակներում ստեղծվել է EURAXESS-Հայաստան պորտալը, վերջինում էլ ներգրավվել են Երևանի պետական համալսարանը, Երևանի պետական բժշկական համալսարանը և ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնը: EURAXESS ցանցը գիտնականներին մատուցում է տեղեկատվական եւ օժանդակ ծառայություններ, աջակցում գիտնականների տեղաշարժին և կարիերայի զարգացմանը` միաժամանակ հնարավորություն ստեղծելով ընդլայնել գիտական համագործակցությունը անդամ երկրների եւ աշխարհի միջև:
Կարդացեք նաև
ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանն էլ ընդգծեց ծրագրի առանձնահատկությունները. «Պետք է լինել ավելի համախմբված, այսինքն՝ մի շարք գիտական խմբեր պետք է մասնակցեն, ոչ թե առանձին-առանձին հայտեր ներկայացնեն, հիմա պետք է կոորդինացնենք այդ աշխատանքները»:
Հավելենք, որ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին գիտնականների մասնակցությունը խթանելու համար՝ գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ այս տարվա օգոստոսին վերաբացվել է Գիտական ծրագրերի ինտեգրման աջակցության կենտրոնը, որը համակարգում է ծրագրի թեմատիկ ուղղություններով նշանակված անձանց աշխատանքները: «Հորիզոն Եվրոպան» պետք է անցնի նաև ներպետական ընթացակարգեր և որպես միջազգային պայմանագիր վավերացվի ՀՀ օրենսդիր մարմնում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ