Նոյեմբերի 12-ին, կեսգիշերից քիչ անց, ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ Մոլդովական փողոցում կռիվ է, նաև լսվել են կրակոցներ:
Շտապ դեպքի վայր էին մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի օպերատիվ խմբերը, պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողներ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները, պարզել են, որ համակարգչային խաղերի սրահում 24-ից 27 տարեկան երիտասարդներ վիճաբանել են, հարվածներ հասցրել իրար ու պատճառել մարմնական վնասվածքներ:
Կարդացեք նաև
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի երկու հոդվածով` խուլիգանություն և զենք-զինամթերք ապօրինի պահելն ու կրելը:
Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել չորս անձի՝ որպես մեղադրյալ ներգրավելու և ձերբակալելու մասին: Նոր Նորքի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 15-ին նրանցից երկուսը ներկայացել են բաժին ու ձերբակալվել:
Հետագա միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 19-ին ևս մի երիտասարդ գնացել է բաժին և ներկայացրել ենթադրյալ հանցագործության գործիք ատրճանակը: Նա էլ քննչական բաժնում տվել է խոստովանական ցուցմունք ու կալանավորվել:
Նախաքննությունը շարունակվում է, հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն